вторник, 30 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -47)


Կորին նայեց ափին, բռունցք արած սեղմեց։
-         Այո՜, - ծոր տվեց ժամանակը,- Այն կարծես ակամա սեղմվում է,- սլացավ առաջ։ Կորին նրա հետևից հայտնվեց հսկա, գորշ շենքերի համալիրի տանիքներից մեկին, որը բաղկացած էր տասնյակ ելք ու մուտքերից։
-         Ահա որտեղից է ծնունդ առնում մահը՝ արհեստական, արագացված մահը, այն ոչ մի կապ չունի բնության և ժամանակի հետ։ Մարդը, քմահաճ մարդը խաղ է անում վերուստ պարգևած սեփական վայրկյանների հետ, որը նրան մի պահ անսպառ է թվում։
-         Ինչպե՞ս է այն կոչվում, - ուշադիր նայելով շուրջը՝ հարցրեց Կորին։
-         Այս պատերի ներսում մարդը զենք է արտադրում, որից սկիզբ է առնում այն ծովի կարմրող ջուրը, այն ավիրվող քաղաքները, այն անվերջանալի մարդկային քարավանը,- բացատրեց ժամանակը։
-         Այո՜,- ավելի մտահոգվեց Կորին,- Մի դեպքում մարդը սպանում է մարդուն, իսկ մեկ այլ դեպքում նույն մարդը հիվանդանոցներ է կառուցում՝ կառչելով կյանքից՝ սնոտիապաշտորեն հետևելով բժշկի ցուցումներին։
-         Ցավոք գոյություն ունի «պատճառ» հասկացությունը, որը շատ դեպքերում արդարացնում է սպանողին, զենք արդադրողին, այն իրացնողին, մեղք գործողին, այդ ամբողջը հանգում է մեկ ելքի,- անսպասելի Կորիի համար՝ ժամանակը սլացավ առաջ,  մնաց կախված օդից, - Մենք չենք կարող ավելի մոտենալ։
-         Ինչու՞։
-         Այնտեղ, ներքևում այլևս կանգուն տներ չկան,- պատասխանեց ժամանակը՝ ձեռքով ցույց տալով հողին հավասարված քաղաքը։
-         Ինչո՞ւ է այսպես, ի՞նչ է պատահել, այնտեղ նույնպե՞ս պատերազմ է, ինչպես մեզ մոտ․․․
-         Սա այն ելքն է, որի մասին քիչ առաջ շեշտեցի,- պատասխանեց ժամանակը,-Այն ելք է պատերազմով, նման ելքն այսօր ամենուր է, քանի որ «պատճառը» միակ անվճար զենքն է, որով ամեն միջոց ծախսվում է իսկական զենք ձեռք բերելու։ Այսօր հզոր զինված բանակով որքան երկրներ կան, որոնց բնիկները դատապարտված են սովամահության,-Կորին ակամա հիշեց կարմիր անապատի շալակատար Նանուին, լուռ գլուխը կախեց, խորը հոգոց հանելով,- Այս բազում  խնդիրների լուծման համար ի՞նչն է պակասում։
Կորին  ընկավ մտքերի մեջ, ապա անվստահ շշնջաց․
-         Գուցե միասնությու՞նը։
-         Այո, միտքդ իմաստուն է։ Մեկ բառ, որով կարելի է լուծել այնքա՜ն բարդ խնդիրներ՝ միաժամանակ որքա՜ն անհնարին,- ափսոսանքով ծոր տվեց ժամանակը։
-         Ինչու՞  հնարավոր չէ․․․
-         Գուցե մարդը կարողացել է սեփական կամքին ենթարկել ցանկացած գազանի, անգամ սավառնել երկնքում, սուզվել անհատակ օվկիանոսի ծալքերը, սակայն հավերժ պատանդ է սեփական եսին, որին հետևում է պառակտումը։ Ահա´, թե ինչու՞ է անհնարին։ Դու կարո՞ղ ես ստեղծել համամարդկային միասնություն,- Ժամանակի տված հարցից Կորին կուչ եկավ,- Իհարկե կփորձես, բայց չես կարողանա,-  սեփական հարցին պատասխանեց ինքը՝ ժամանակը։
-         Ինչու՞ չեմ կարող, իսկ մարդասերնե՞րը, չէ՞ որ նրանք փորձում են կանխել այդ ամենը։
-         Ցավոք, միայն փորձում են, իսկ փորձը մի բան է, այն իրականություն դարձնելը՝ այլ բան։ Բոլոր ժամանակներում էլ լինում են մարդասերներ, սակայն նրանք երբեմն մարդու իրավունքը պաշտպանելուց զատ, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել։
-         Ինչու՞,- ավելի տխրեց Կորին։
-         Պարզապես  անզոր են  այն շղթայի դեմ, որով  անցանք մենք։
-         Արևի երկրում էլ նույն պատկերներն էին։
-         Որտեղ էլ լինես, այսօր նույն խնդիրներն են, քանզի ոչ ոք չի կարող մյուսին պարտադրել անելու այն, ինչը չի ցանկանում անել ինքը։


Комментариев нет:

Отправить комментарий