воскресенье, 28 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -41)


Կորին տխրեց, գլուխը կախեց։ Ժամանակը հայտնվեց անցյալի տեսքով։
-         Հետևի´ր ինձ,- հրամայեց ծերունին։
Արահետը շարունակվեց։ Այն Կորիին ժամանակի հետևից տարավ անծանոթ մի աշխարհ, ուր ամեն ինչ հիշեցնում էր անտիկ ժամանակները։ Մանրաքարերով պատված հրապարակում պտտվում էր հսկա անիվը, որից անվերջ լսվում էր ժամացույցի չխկչխկոցը։ Անիվի հետ պտտվում էին ճոխ թիկնոցներով և անգին քարերով թագեր կրող մարդիկ։
-         Ովքե՞ր են նրանք, ինչու՞ են պտտում  անիվը,- զարմացավ Կորին։
-         Նրանցից յուրաքանչյուրն իր ապրած ժամանակի տիտանն է՝ անիվին են արժանացել կատարած գործերի համար, իսկ հետո, ուշացած ափսոսանքով, անվերջ պտտվում են  ժամանկի հետ։
-         Ինչու՞ ափսոսանքով, եթե նրանք բոլորն էլ թագակիրներ են եղել իրենց ժամանակին։
-         Պարզապես ափսոսում են արածի և չարածի համար։ Քո ժամանակի տիտանները,- հայտնվեց երիտասարդը,- Ոչնչով չեն տարբերվում նրանցից,- ասաց նա, նորից մտավ ծերունու կերպարանքի մեջ,- Վաղ թե ուշ, նրանք բոլորն էլ արժանանում են  անիվի հետ պտտվելու բախտին։
-         Ինչու՞ նրանք չեն ազատվում թագերից, չէ՞ որ այն նրանց խանգարում է  ցավեցնելու չափ,- նկատելով նրանց քրտնաթոր դեմքերը՝ հետաքրքրվեց Կորին։
-         Նրանք անզոր են այդ անելու։
-         Ինչու՞,- զարմացավ Կորին։
-         Քանի որ իրենց ժամանակի մեջ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պայքարել թագին արժանանալու համար։ Թող հավերժ կրեն, որքան էլ այն ցավ  պատճառի նրանց,- պատասխանեց ծերունին, լքեց հրապարակը։
Կորին նրա հետևից նորից հայտնվեց  կլոր սրահում՝  երիտասարդի դիմաց։
-         Ահա´, Կանա´չ աչք, նայի´ր այն կողմ,- շարունակեց ժամանակը՝ ցույց տալով դեպի արևելք։
Երկնակամարում երևաց ծիածանը։ Նրա վրա ժամացույցի սլաքի պես աննկատ պտտվում  էր  ժապավենը՝ բաժանված կադրերի։
-         Սա կյանքն է մոլորակի վրա, այն չունի վերջ, հավերժ պտտվում է անիվի պես։ Կարո՞ղ ես ցույց տալ պտտվող անիվի վերջը։
Անսպասելի հարցից Կորին զարմացած նայեց ժամանակին, ապա՝ անիվին, անվստահ պատասխանեց․
-         Ոչ։
-         Բնականաբար, քանի որ այն կլոր է և չի կարող վերջ ունենալ։
Կորին շարունակում էր կլանված դիտել կադրերը, երբ հայտնվեց կարմիր անապատում։ Երևացին անապատի պռկին քարաքոսների մեջ գոյատևող գյուղերը։  Աղքատիկ խրճիթների դիմաց արևի տակ շարված էին մեծ ու փոքր ոսկրացած բնիկները։
-         Այս դեպքում դու առաջվա պես կարող ես սավառնել, այլևս արահետը պետք չէ քեզ,- խոսեց ժամանակը,- Ահա´, անապատը և նրա սովյալ զավակները,- ցույց տվեց ժամանակը,- Կարո՞ղ ես նրանց պարտադրել, որպեսզի ոչ միայն օգնության սպասեն, այլ նաև սովորեն արարել՝ բարկ արևի շողքերից քաղելով նրա քաղցր պտուղները։
-         Իսկ երա՞շտը։
-         Այն այնքան սարսափելի չէ, որքան խոնավությունը։ Հիշի´ր, Կանա´չ աչք՝ խոնավությունից են առաջանում որդերն ու սնկերը, իսկ արևից՝ քաղցր նեկտարը, որը սպեղանի է ցանկացած բորբոսի։
Կորին ընկավ մտքերի մեջ։
-         Յուրաքանչյուրն ինքը պետք է օգնի իրեն, հարկ չկա տխրելու։ Մտի´ր նրանց կենցաղը և կհամոզվես՝ անհնարին ոչինչ չկա,- հրամայեց ժամանակը՝ նրան թողնելով այնտեղ։
Կորին տարակուսած նայեց շուրջը, նորից փորձեց վեր սլանալ։
-         Ստացվե՜ց,- ոգևորված գոչեց նա, առաջ անցավ։
Անցավ գյուղերով։ Հայտնվեց գյուղերից հեռու, ուր սպիտակին էին տալիս մեծ ու փոքր մի քանի վրաններ։ Մոտենալով երևացին բնիկների կիսամերկ շարքերը, որոնք կռացած էին ծանր ու մեծ կողովների տակ։ Նրանց հսկում էին գեր ու խնամված  մարդիկ։ Նա աննկատ մոտեցավ վերջից քայլող շալակատարին։
-         Ո՞վ  ես,- հարցրեց Կորին։
-         Անունս  Նանու է,- ծանր բեռից տնքալով՝ հազիվ պատասխանեց նա։
-         Ի՞նչ աշխատանք եք կատարում։
-         Ոսկի և ադամանդ ենք արտահանում,- երկյուղած պատասխանեց Նանուն։
-         Ադամա՜նդ,- խուլ ձայնով արտաբերեց Կորին, այդ պահին նրա աչքերը վառվեցին,- Ինչի՞ դիմաց եք արտահանում։
-         Ասում են զենքի։
-         Ձեր ինչի՞ն է հարկավոր զենքը,- ավելի շուտ զայրացավ, քան զարմացավ Կորին,- Կամ ումի՞ց եք պաշտպանվելու, երբ զենք վաճառողը վաղուց իշխում է ձեզ,- խոսքի հետ նա գլխով ցույց տվեց քիչ հեռվում կանգնած սպիտակամորթ տղամարդուն։
-         Ի՞նչ իմանամ, ասում են անվտանգության համար է։
-         Ի՞նչ անվտանգություն, երբ ձեր ընտանիքները մատնված են սովի։ Այդ գնված զենքով պաշտպանելու եք սովն ու համաճարա՞կը,- ավելի բորբոքվեց Կորին։
-         Չգիտեմ, այն սպիտակամորթ բոսսն է այդպես ասում։
-         Եվ հենց այդ բոսն է ձեր գերխնդիրը,- զսպված ցասումով պատասխանեց Կորին։- Դուք ընդամենը մեկ կողովով, զենքի փոխարեն կարող եք հազարավոր մետրեր ջրանցքներ բացել դեպի՝ անապատի վերածվող ձեր գյուղերը։
Շալակատարը խորը հոգոց հանեց, նայեց  գյուղի կողմը։
-         Ո՞վ ես, ինչու՞ ես խանգարում,- մոտենալով նրանց՝ հարցրեց սպիտակամորթ բոսսը։
Կորին ետ քաշվեց, իսկ Նանուն շարունակեց ճամփան։
Վաղ ծեգին նա նորից ուղղվեց վրանների կողմը։ Քարաքոսների միջով անցնելիս գտավ շալակատար Նանուի անշնչացած մարմինը, իսկ քիչ հեռվում երևում էր բեռնակիրների շարքը․ կարծես ոչինչ չէր պատահել։
-         Աֆրիկացին վաղուց տանուլ է տվել իր ողջ կարողությունը՝ տուրք տալով սուտ աստվածներին,- ցավով շշնջաց նա, վեր սլացավ։
Կորին մնաց օդից կախված, բացեց ափը։ Անմար հուրից ոսկեգույն մի կաթիլ ընկավ, այն, վերածվելով հորդառատ անձրևի, սկսեց տեղալ գյուղերի վրա։ Բնիկները դուրս թափվեցին, սկսեցին ուրախությունից վազվզել, բերանները բացած անձրևի կաթիլ որսալով, սակայն ոչ ոք դատարկ ամանը ջրով չլցրեց։ Կորին հուսահատ սլացավ առաջ, հայտնվեց բարձր ժայռի գագաթներից մեկին, ժամանակը հայտնվեց նրա կողքին։
-         Ես ոչինչ չկարողացա անել,- վշտացավ Կորին՝ իրեն մեղավոր համարելով։
-         Օգնությունը նրանց մեջ սպանել է աշխատասիրության սերմը։ Առա´ջ անցիր, նախ պետք է մարդու մեջ փոխվի մտածելակերպը, առանց որի անօգուտ է ամեն ինչ, իսկ թե որքանով կարողացար ազդել նրանց վրա, ակնհայտ կդառնա հետո,- եզրափակեց ժամանակը։

Комментариев нет:

Отправить комментарий