понедельник, 29 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -42)


Կորին սլացավ առաջ, ժամանակը մնաց ժայռին կանգնած՝ հետևելով նրան։ Երևաց  հսկա քաղաքը։ Այն կառուցված էր դեղին կավից, իսկ նեղ փողոցները սալիկապատ էին ու ծառազուրկ։ Նա հայտնվեց քաղաքի կենտրոնում, որտեղից վեր էին բարձրանում անվերջ շարունակվող աստիճանները, աստիճաններից իջնում էին սև դիմակավոր սևազգեստները։ Անվերջանալի շարքը հավասար, անտրտունջ թափվում էր ներքև, ուր սևին էր տալիս հսկա մսաղացի մեծ երախը։
-         Նրանք նման են Ադամանդի զինվորներին,-  նկատեց Կորին շշնջալով։
-         Քանի որ նրանց հումքն այստեղից է հոսում, նմանությունը  զարմանալի չէ,- հայտնվելով նրա կողքին՝ պատասխանեց ժամանակը,-  Կարո՞ղ ես  նրանց հեղափոխել, որպեսզի կուլ չգնան այդ ինքնասպան դավանանքին, կարո՞ղ ես այդ ստվար շարքից գեթ մեկին այլախոհ դարձնել կամ կարո՞ղ ես այդ մեկին համոզել, որպեսզի իջնելու փոխարեն հակառակն անի՝ բարձրանա  նույն աստիճաններով։
-         Երևի թե ոչ,- անվստահ պատասխանեց Կորին։
-         Փորձի´ր,- հրամայեց ժամանկը, հայտնվեց ամենաբարձր գմբեթին՝ այնտեղից հետևելու երիտասարդին։
Նա կախվեց մսաղացի վրա, բացեց ափը։ Մի կաթիլ անմար հուրից ընկավ երկաթյա երախի մեջ։ Լսվեց վայնասուն, աղմուկ ու կրակոցներ, որոնց մերթընդմերթ հետևում էին խուլ պայթյունները։ Կորին սարսափած նայեց ժամանակին։
-         Այո´, նրանց փոխարեն ինքդ ես սարսափում։ Ցավոք, նրանք ընդամենն ուշացած սթափվեցին։ Խնդիրն աստիճաններին գտնվողներն են, որոնք երբեք չեն գնահատի իրենց տրված պահը հավերժական ժամանակի մեջ մինչև  չհայտնվեն մարդակուլ երախում։
Զգացածից Կորիի դեմքը ծամածռվեց։
-         Այո´, Կանա´չ աչք, ափսոսանքը մի զգացում է, որը հայտնվում է միշտ ուշացած,- նկատեց ժամանակը։
Հետզհետե երկինքը մշուշվեց։ Որքան Կորին առաջ էր սլանում, մշուշն ավելի էր խտանում։ Այդ խտացող մշուշի մեջ նա նշմարեց թոնրանման հսկա խողովակները, որոնք կարծես բերանով մեկ ծուխ էին փչում ամենուր։ Նա տևական ժամանակ շրջեց մշուշապատ երկնքով, կանգնեց խողովակներից մեկի շուրթին, նայեց ներս, սկսեց հազալ։
-         Սա մշուշ չէ,- մրմնջաց նա։
-         Այո´, այն սովորական ծուխ է,- պատասխանեց ժամանակը՝ հայտնվելով նրա կողքին։
Ծխի միջից նշմարվեցին զբաղված ու մտահոգ մարդիկ։ Կորին նայեց հորիզոնին, որտեղից ստեպ-ստեպ նշմարվում էր արևը։
-         Մի՞թե այն հզոր է արևից։
-         Հզոր չէ, բայց փորձիր նրանց հիշեցնել այլ տարբերակ։
-         Իսկ դա հնարավո՞ր է,-ուրախացավ Կորին։
-         Ո´չ։
-         Ինչու՞,- այս անգամ զարմացավ Կորին։
-         Շահը նրանց կստիպի ոչնչացնել քեզ՝ քո գաղափարի հետ։ Պարզապես որպես մարդասեր փորձիր արծարծել խնդիրը։
Կորին բացեց ափը, մեկ կաթիլ անմար հրից ընկավ խողովակից ներս։ Այնտեղից լսվեց անտանելի հազ և փռշտոց։
-         Որքան էլ այդ սպանող հազը խեղդի նրանց, նրանք դեռ երկար ժամանակ չեն փոխի խաղի կանոնները,- նկատեց ժամանակը։
-         Ինչու՞։
-         Մարդը հեշտ է հարմարվում վատին, իսկ երբ այն դառնում է սովորույթ, դժվար է հրաժարվել,- պատասխանեց ժամանակը, առանց սպասելու անցավ  առաջ։

Комментариев нет:

Отправить комментарий