четверг, 2 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 48)


Վաղ ծեգին Մարկոսը դուրս եկավ բակ, երբ օրը դեռ չէր կապտել։ Նա զարմացած նայեց շուրջը։
-         Մի՞թե արդեն,- մտահոգ մրմնցաց նա, կռացավ շոշափեց սպիտակած գետինը,- Եղյամ է։ Մալե´ ։
-         Այո´, հրամանատա´ր,-  երևաց երիտասարդ զինվորականը։
-         Պատրաստի´ր խումբը, պետք է անհապաղ քաղաք գնալ։
-         Այո´, հրամանատա´ր,- Մալեն շտապեց ներս մտնել։
Մարկոսն այնքան ժամանակ սպասեց դրսում, մինչև խումբը շարժվեց։ Նա վեղարը քաշեց գլխին, հետևեց նրանց։ Նրանք դեռ նոր էին մտել ծառուղի, երբ հակառակ ծայրից նշմարվեցին մարդկային անորոշ կերպարանքներ։
-         Կա´նգ առեք,- հրամայեց Մարկոսը։
Զինվորները կանգ առան, զենքերն ուղղեցին առաջ։
-         Մենք ենք, մի´ կրակեք,- լսվեց գիտնականի ձայնը։
-         Ի՞նչ է պատահել, այսքան վաղ ի՞նչ եք անում այս լքված վայրում,- զարմացավ Մարկոսն ընդառաջ գնալով։
-         Ադամանդի մարդիկ ներխուժեցին իմ տուն, փորձեցին սպանել մեզ, բայց մի կերպ կարողացանք փախչել։ Ողջ գիշերը քայլել ենք՝ հաճախ թաքնվելով,- լացակումած պատմեց Աբգարը։
Մարկոսը  նայեց կապտող հորիզոնին, ապա դիմեց Մալեին,- Քաղաք կգնանք ավելի ուշ։ Նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Հո´գ տար նրանց մասին։
-         Այո´, հրամանատա´ր,- պատասխանեց նա, գիրկն առավ հոգնած ու կիսաքուն Միկիին, իսկ Վերին իրեն հենեց Աբգարին՝ ազատելով Վիվիին հորն օգնելու դժվարին պարտականությունից։
-         Ի՞նչ է պատահել, Աբգա´ր, ինչու՞ ես կաղում,- նկատեց Մարկոսը։
-         Փախչելու ժամանակ  նրանք վիրավորեցին ինձ։
-         Ադամանդը վեր է ածվում իսկական բռնապետի,- վրդոհված գլուխը տարուբերեց Մարկոսը։
-         Նա միշտ է այդպիսին եղել, իսկ հիմա չի հանգստանում պահեստայիններին և Կանաչ աչքին կորցնելու պատճառով։
-         Կարծում եմ նրանք երբեք էլ նրանը չեն եղել, պարզապես  նա այդպես է ցանկացել, իսկ ցանկությունը հաճախ Ադամանդին իրական է թվում,- զայրացած արտաբերեց Մարկոսը։
-         Այո՜,- ոտքի ցավից տնքալով համաձայնեց Աբգարը ։
Երբ հատեցին ծառուղին, Մարկոսը մի հայացք գցեց հեռուն, ապա իր հետևից ծածկեց դուռը։
Օրերը շաբաթներ դարձան, անցան։ Գիտնականի վերքը համարյա լավացել էր։ Նրան կարելի էր հաճախ տեսնել Մարկոսի հետ երկար զրույցի բռնված՝ մերթ արահետով քայլելիս, մերթ նստած հսկա ծառերի տակ՝ նստարանին և համարյա միշտ կուչ եկած  սպիտակ սառնությունից։ Եղյամը մի տեսակ դարձել էր թափանցիկ։ Երբեմն սպիտակ շղարշի միջից տեսանելի էր արևի շողերը։ Միկին միայնակ վազվզում էր դրսում՝ փորձելով բռնել արևի արձակած ժլատ շողերը, բայց նրանք միայն վայրկյաններ էին երևում բակում և նորից անհետանում։ Նա երկար սպասեց շողքի հայտնվելուն։ Հետզհետե, կարծես արևը, տղայի հետ խաղալով, շողերը երկարեց, հասավ ծառուղի։ Այն մեկ հայտնվում էր արահետի սկզբին, մեկ վերջին։ Միկին չարաճճի ծիծաղով սկսեց վազվզել շողքի հետևից, իսկ Վերին հիացած հետևում էր նրան։  
-         Միկի´, հեռու չգնա´ս, ե´տ արի,- ձայն տվեց Վերին, բայց տղան շարունակում էր վազել՝ բարձր ծիծաղով, աշխատելով բռնել խաղացող շողքը։
-         Միկի´, ու՞ր ես,- բակ դուրս եկավ Վիվին։
-         Նա այնտեղ է, խաղում է,- պատասխանեց Վերին։
Վիվին ներս մտավ։ Երբ Վերին նորից նայեց ծառուղուն, տղան չերևաց։ Նա վազեց այն կողմ, բայց նա այնտեղ էլ չէր։ Մի պահ շվարած շուրջը նայեց, սկսեց ձայն տալ ու փնտրել։ Նրա ձայնից Վիվին նորից դուրս եկավ։
-         Վերի´, ի՞նչ է պատահել, որտե՞ղ է Միկին
-         Նա այստեղ էր և հիմա չկա,- այլայլված պատասխանեց նա՝ ուսերը վեր քաշելով զարմանքից,- Արևի շողքն էլ անհետացավ։
-         Ո´չ, միայն ոչ դա,- բացականչեց Վիվին, վազելով սկսեց փնտրել,- Միկի´, որտե՞ղ ես,- Վիվին սկսեց լաց լինել։
-         Ի՞նչ է պատահել,- նրա ձայնից դուրս եկան Մարկոսն ու Աբգարը։
-         Տղան անհետացել է, կարծես գետնի տակն անցավ, այստեղ էր և հանկարծ անհետացավ,-  բացատրեց Վերին երկյուղած։
-         Ինչպե՞ս՝  անհետացել է,- զարմացավ Մարկոսը։
-         Ա´յ քեզ փորձանք,- ծոր տվեց Աբգարը, շտապեց միանալ աղջկան։
Մարկոսն  ու Վերին նույնպես սկսեցին փնտրել տղային։ Անցան ժամեր։ Տիրող լռությունն անսովոր թվաց։ Մալեն դուրս եկավ բակ։
-         Վերի´,- կանչեց նա,- տեսնելով պատասխան չկա՝ ներս մտավ սրահ,- Հրամանատա´ր,- դարձյալ ոչ ոք չպատասխանեց։
-          Ի՞նչ է պատահել,- մոտեցավ զինվորներից՝ Սալմանը։
-         Ի՞նչ կա, Մալե´,- նրանց միացավ նաև ամենակրտսեր Ասլանը։
-         Որտե՞ղ է հրամանատարը, ինչու՞ ոչ ոք չի երևում,- իրեն կորցրեց Մալեն բղավելով։
-         Նրանց ծառերի արանքում եմ տեսել,- պատասխանեց Ասլանը՝ ձեռքով ցույց տալով դեպի ծառուղին։
Մալեն շտապեց այն կողմ, նրան հետևեցին մյուսները, սկսեցին փնտրել, միաժամանակ  ձայն տալ՝ հերթով կանչելով բոլորի անունները։
-         Կարծում եմ նրանց առևանգել են,- հետևություն արեց Ասլանը, կռացավ գետնից վերցրեց ճմրթված թղթի մի կտոր, ուզեց այն բացել, Մալեն խլեց նրա ձեռքից․
-         Մեզ առևանգել են,- դժվարությամբ կարդաց նա,- Այո´, իսկապես առևանգել են- ծոր տվեց նա և կարծես հիասթափված, թուղթը ճմրթեց, դեն նետեց։
-         Ի՞նչ պետք է անենք,- վհատվեց Սալմանը։
-         Ի՞նչ կարող ենք անել,- տարակուսած ուսերը վեր քաշեց Մալեն, գլխահակ քայլեց դեպի բակ։
-         Ինչ էլ ձեռնարկենք Ադամանդին չենք հաղթի, կստացվի անտեղի զոհ կտանք,- ավելացրեց Սալմանը։
-         Եվ ի՞նչ, քո կարծիքով պետք է ձեռքներս ծալած նստե՞նք,- վրդոհվեց Մալեն, ապա շարունակեց ավելի հանգիստ,- Ո´չ, մենք ամեն գնով հրամանատարին պետք է  ետ բերենք։
-         Ինչպե՞ս, մենք բոլորս հերթով կանհետանանք,- տարակուսեց Սալմանը՝ տարածելով ձեռքերը։
-         Քո կարծիքով  պետք է անտարբեր նստենք ու սպասե՞նք, մինչև գա նաև մե՞ր հերթը։ Լավ չէ՞ պայքարելով մեռնենք։ Եթե մենք մնանք անտարբեր դիտորդի դերում, Կորին մեզ չի ների և, ընդհանրապես, անտարբերությունը չի ներվում,- բորբոքվեց Մալեն, բարձրացնելով ձայնը։  
-         Այո´, ես նույնպես այլընտրանք չեմ տեսնում այս բարդ խնդիրը լուծելու,- խոսակցությանը խառնվեց Սալմանը, առաջ գալով թևերը խաչեց կրծքին, մնաց ճամփամիջում կանգնած, քիչ հետո ավելացրեց,- Միանում եմ Մալեին։
Սալմանը նույնպես մոտեցավ, կանգնեց Մալեի կողքին։ Մալեն տխուր ժպտաց։ Քիչ անց ուղղաթիռները հռնդյունով օդ բարձրացան։ Միայնակ տունը թաղվեց եղյամի մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий