вторник, 30 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 44)


Ժամանակի հետ Կորին հայտնվեց մեկ այլ շենքի տանիքին։ Լսվեց հրապարակի  մեծ ժամացույցի զանգը։
-         Ահա´, այս սարքով մարդը գիտակցաբար հաշվում է իր ժամերը՝ միաժամանակ երբեք չգնհատելով այն,- խոսեց ժամանակը,- Նայի´ր շուրջդ, համարյա բոլորը կրում են նույն սարքից։
Կորին տխուր նայեց քաղաքին,- Այդ լուսամուտները հեռվից նման են խոռոչների,- նկատեց նա, երկար նայելով բազմահարկ բնակարաններին։
-         Եվ մարդը հաճախ աշխարհին է նայում նման վանդակներից, իսկ դու փորձիր քանդել այդ պատերը՝ վերածելով կամուրջների։ Կարո՞ղ ես ցրել նրանց մենությունը,- Կորին տարակուսած նայեց շուրջը,- Այո´, այս դեպքում անչափ դժվար է, քանի որ, մարդը, որքան էլ գերադասի մենությունը, և որքան էլ մարդը մարդուն տանել չի կարողանում, միևնույն ժամանակ, նա չի կարող գոյատևել առանց իր նմանակի։
-         Հետաքրքիր է,- արտաբերեց Կորին։
-         Հետաքրքիր է նաև, միլիարդավորների մենությունը այս մոլորակի վրա։
-         Ինչպե՞ս, չէ՞ որ նրանք ամեն ինչում կախում ունեն միմիանցից։
-         Ո´չ, Կանա´չ աչք, մարդու մեջ կա մի աշխարհ, ուր թագավորում է հավերժական մենությունը, որքան էլ նա շրջապատված լինի մարդկանցով և գալիս է մի ժամանակ, երբ սպառվում է մարդու հնարավորությունը՝ ահա այդ պահից մարդու անբաժան ընկերը մենությունն է։ Ահա´  որտեղից է առաջանում  պատի անհրաժշտությունը։
Կորին զարմանքով նայեց ժամանակին։
-         Հարկ չկա միշտ զարմանալ, դու պարզապես փորձիր օգնել նրանց և տե´ս՝ ինչի կվերածվի քո օգնությունը,- խորհուրդ տվեց ժամանակը։
Կորին վեր սլացավ, բացեց ափը։ Փոքրիկ հրից մի կաթիլ ընկավ քաղաքի վրա։ Աղմուկը կրկնապատկվեց։ Ամենուր լսվեց բանալիների զնգոցը, որոնք կարծես անվերջ պտտվում  էին կողպեքների մեջ։
-         Նրանք ավելի ամուր փակվեցին,- հուսահատ մրմնջաց Կորին։
-         Գուցե, դու պարզապես նրանց արթնացրեցիր, նրանք ավելի սարսափեցին կորցնելուց,- բացատրեց ժամանակը, առաջ անցավ։
Կորին մի պահ մնաց թևաթափ կանգնած, ապա հետևեց նրան։ Երևացին մետաղյա ծանր ցանցանման պատերը։ Նա ժամանակի հետևից ակամա հայտնվեց այդ պատերից ներս, թվաց՝ բանալիների զնգոցը վերածվեց շղթաների զնգոցի։
-         Ամենուր շղթաներ են,- նկատեց Կորին։
-         Այո´, մարդը կարող է շղթայել անգամ մարդու միտքը,- հաստատեց ժամանակը։
Շղթաների աղմուկն ավելի մոտեցավ։
-         Նրանք չպետք է քեզ նկատեն,- զգուշացրեց ժամանակը։
Կորին մնաց աննկատ։ Մետաղյա վանդակներից դուրս եկավ հրակարմիր հագուստով մարդկանց շարքը։ Յուրաքանչյուրին ուղեկցում էր մեկ սևազգեստ դիմակավոր, նրանց զենքը երկարաշեղբ դանակն էր։
-         Նորից նրանք, թվում է՝ Ադամանդն ամենուր է,- զայրույթից պոռթկաց Կորին։
Շարքը հայտնվեց ջրի ափին, որտեղ քիչ հեռու՝ ցամաքում հավաքված էր ամբոխը։ Հրակարմիր շարքը դիմակավորների պահանջով չոքեց ծանծաղուտ ջրի մեջ։ Նրանք, տոնի վերածելով, կատարեցին դաժան ծեսը՝ գլխատելով յուրաքանչյուրն իր բաժին զոհին։ Ամբոխը սկսեց ծափահարել։ Ալիքը հպվեց գլխատված մարմիններին՝ կարծես լվանալով նրանց վերքերը, իսկ ցավը ներկում էր ջուրը կարմիր գույնով։ Մոտիկից լսվեց պայթյուն։ Կորին նայեց այն կողմ։ Բոցերի մեջ այրվում էին շղթայակապ կանայք։
-         Սատանան կերազեր նման դժոխքի մասին,- մրմնջաց Կորին՝ սեղմելով ատամները։
-         Չարը մարդուց է, այն չունի այլ ծնունդ,- հայտնվելով նրա կողքին՝ կրկնեց ժամանակը,- Սատանան, հիմնականում մնում է դիտորդի դերում, քանզի մարդը նրան անելիք չի թողնում։
-         Այո՜,- ծոր տվեց Կորին,- Եվ նա ավիրում է իր շրջակա աշխարհը։
-         Ո՞վ է մարդը յուր խղճուկ պայթյուններով և կրակոցներով բնության հզոր տարերքի դեմ, երբ այն հայտնվում է հրաբխի կամ երկրաշարժի տեսքով։ Անհանգստանալու հարկ չկա։ Այս դեպքում մարդը վնասում է միայն իրեն, իսկ բնությունը, լոկ ժամանակավոր, կորցնում է իր տեսքը,- բացատրեց ժամանակը՝ անտարբեր մնալով կատարվող իրադարձություններին։
Կորին ժամանակի հետևից հայտնվեց երկնաքերի տանիքին՝ հետևում թողնելով այրվող կանանց հրդեհի ծուխը, որը, կարծես տարածվելով ամենուր, փորձում էր սթափեցնել հանդիսատես մարդուն։

Комментариев нет:

Отправить комментарий