вторник, 30 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -46)


Կորին ժամանակի հետևից հայտնվեց անվերջանալի տարածությունում, որտեղ  արևի ճառագայթներից փայլում էին  երկար շինությունների թափանցիկ տանիքները։
-         Ջերմոցներ են, որտեղ մարդը ուտելի բույսեր է աճեցնում, մոտեցի´ր և կտեսնես,- բացատրեց ժամանակը։
-         Նրանք ջրու՞մ են,- հարցրեց Կորին՝ հիացած նայելով ներսում աշխատող մարդկանց հնարամտությանը։
-         Ո´չ, ներարկում են։ Մարդը ներարկելով բույսին՝ գիտակցաբար ներարկում է ինքն իրեն։
-         Ինչու՞ են նրանք փակել բերանները։
-         Որովհետև  վտանգավոր է կյանքի համար։
-         Իսկ բու՞յսը
-         Բույսը դրանից հազիվ թե տուժի,- քամհարանքով արտաբերեց ժամանակը։ Կորին ավելի հուսահատված նայեց ափին։
-         Ո´չ, այսուհետ հուրն անզոր է, փակի´ր ափդ, այն քեզ դեռ պետք է ,- հրահանգեց ժամանակը։
Կորին սլացող երիտասարդի հետևից հայտնվեց քաղաքի խայտաբղետ թաղամասերից մեկում, ուր թվում էր՝ գիշերային լույսերը հրդեհում են շենքերը, նորից ետ քաշվում։
-         Դու հայտնվել ես այնտեղ, ուր մարդն ամեն վայրկյան թարմացնում է մեղքը,- Կորին  զարմանքով նայեց շուրջը՝ փորձելով հասկանալ ժամանակի միտքը։
-         Իհարկե, դու չկռահեցիր ինչի մասին է խոսքը, հետևի´ր ինձ։
Ներսում նույնպես խաղում էին խայտաբղետ լույսերը, հնչում էր ականջ ծակող երաժշտությունը։ Կորին սեղմվեց պատին, այդպես մնաց։ Նա դեմքն ակամա խոժոռեց, երբ տեսավ, թե ինչպես են  կանայք խոսում տղամարդու ձայնով, իսկ տղամարդիկ կոտրատվում են, ինչպես կանայք։ Նա  աչքերը փակեց, փորձեց դուրս նետվել։
Ո´չ, առաջացի´ր,- հրամայեց ժամանակը։ Նա խորացավ տարօրինակ զանգվածի մեջ։ Սեղանների շուրջ նստածները՝ լուրջ թե կիսահարբած, համբուրվում էին և ծխում, որից օդը դառնում էր հեղձուցիչ։ Նրանց ճչացող շպարն ու վառ զգեստները Կորիին ստիպեցին անհետանալ առաջին պատահած դռան հետևում, բայց նա այնտեղից դուրս նետվեց, ինչպես ռետինե փականը, երբ տեսավ անկողնում իրար գրկած երկու տղամարդու, հևասպառ սկսեց շնչել, կարծես օդ հավաքելով։
-         Դու խեղդվու՞մ ես նրանց մեղքերից,- լսվեց ժամանակի ձայնը, հայտնվելով նրա դիմաց,  Կորին բացեց ափը, նայեց բոցկլտացող կրակին, - Այն անզոր է, քանի որ, երբ մարդը դառնում է մարդասպան, շարունակելու է սպանել։ Նույնպես և նրանք՝ առել են մեղքի համը։ Այն շշմեցնելու չափ քաղցր է,- շշնջաց ժամանակը, հայտնվեց ամենաբարձր եկեղեցու գմբեթին։ Կորին հետևեց նրան։
-         Դու կանգնած ես մարդու ձեռքով կառուցած շինության տանիքին, որի պատերի ներսում օրհնվում է այն մեղքը, որից փախար խեղդվելով։
Կորին նայեց վեր, երևաց վեր խոյացած մեծ խաչը։
-         Եկեղեցին է, այն աստվածային է,- շշնջաց Կորին՝ խաչ հանելով դեմքին։
-         Այո´, որտեղ մարդն այցելում է աղոթելու Աստծուն,- նկատեց ժամանակը։
-         Սա ի՞նչ կապ ունի այն մարդկանց հետ,- զարմացավ Կանաչ աչքը։
-         Ցավոք, ցանկացած երևույթի մեջ մարդը շոշափում է շահը, ուստի այն չի կարող որևէ կապ ունենալ Աստծո հետ, քանի որ Աստված ստեղծել է մարդ և կին, իսկ այնտեղ կինը տղամարդ էր, իսկ տղամարդը կին, ուստի նման երևույթն օրհնողը չի կարող  աստվածային լինել․․․

Комментариев нет:

Отправить комментарий