пятница, 26 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 39)


Գիշերային խայտաբղետ լույսերը ողողել էին երևացող քաղաքը։ Յուրաքանչյուր ակնթարթ, խաղացող գույները վեր էին ածվում նոր ու տարբեր կերպարանքների։ Կորին տարված շլացուցիչ համայնապատկերով, կանգ առավ բրգաձև երկնաքերի գագաթին։ Անսպասելի նրա համար, շենքի հարկից վեր բարձրացավ ռոբոտ-ձեռքը, այն երկարելով հասավ Կորիին, նրան վերցրեց, իջեցրեց հարկերից մեկում, նորից անաղմուկ ետ քաշվեց։ Նա մնաց կանգնած մեծ սրահում։ Դիմացի դուռը վեր բարձրացավ։ Այնտեղից դուրս եկավ լայնեզր գլխարկով մի տղամարդ։
-         Պրոֆեսոր Սեն,- ներկայացավ նա։
-         Կորի։
-         Ձեզ ավելի կսազեր Կանաչ աչք անունը,- նկատեց պրոֆեսոր Սենը՝ նայելով նրա կանաչ աչքերին։
-         Համարյա  այդպես էլ անվանում են,- ժպտաց նա։
-          Ի՞նչն է ձեզ բերել Արևի երկիր․․․
-         Ներեցե´ք, պրոֆեսո´ր, եթե այն իսկապես Արևի երկիրն է, ապա ինչի՞ համար են այսքան շատ արհեստական լույսերը։
-         Այո´, սա իսկապես Արևի երկիրն է՝ առաջինն այստեղից է ծագում արևը, բայց տարածվող մշուշն ամենուր է։ Անհրաժշտություն է դառնում արհեստականորեն պահպանել լույսը։ Մշուշը հաճախ ճնշում է լույսին։
-         Մի՞թե ձեր երկիրը ևս անզոր է չարի դեմ։
-         Չարի ներկայությունը մի տեսակ անհրաժշտություն է դարձել, սակայն  մարդն այդպես էլ չի սովորում գնհատել բարին, և այսօր համարյա  ամենուր է այդպես․․․- բացատրեց նա,- Իսկ այս լույսերն այլ խորհուրդ ունեն։
-         Ո՞րն է,- հետաքրքրվեց Կորին։
-         Այն գեղեցկացնում է քաղաքը, իսկ երկրորդը՝ փորձում ենք արհեստականորեն ճնշել խավարը։
-         Միևնույն է, որպես Արևի երկիր հակասում է իր անվանը, կարծես այն մետաղից է կառուցված։
Այդ պահին լուսամուտի առջևից սրընթաց անցավ օդային գնացքը։
-         Այստեղ անգամ մարդու փոխարեն աշխատում է մետաղը, ինչպես ասացիք։
-         Ինչպե՞ս,- զարմացավ Կորին։
-         Մարդու լեզվով այն կոչվում է ռոբոտ։
-         Նրանք այստեղ է՞լ են,- Կորին նկատելի տարակուսեց։
-         Մեր ժամանակներում նրանք ամենուր են ու տարբեր։ Եվ այսպես, Կանա´չ աչք, ի՞նչն է ձեզ բերել այս երկիր․․․
-         Ինձ Մարկոսն է ուղարկել, այնտեղ՝ մեգապոլիսում եղյամը լափել է լույսին․․
-         Ա՜, Մարկո՞սը, նա մեծ մարդասեր է,- հիացած պատասխանեց Սենը,- Չեմ կարծում՝ եզակի է այդ  քաղաքը, բոլոր դեպքում հետևեք ինձ։
Սենը մտավ մեկ այլ սրահ, Կորին հետևեց նրան։ Լուսավոր սրահի կենտրոնում տեղադրված երկար սեղանի շուրջը նստած էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Ներս մտնելուն պես բոլորը նայեցին նրանց կողմը։
-         Ահա´։ Նրանք բոլորն էլ այստեղ են հասել լույսի հետևից, բայց երբ ծանոթանում են այն տեղ հասցնելու ճանապարհին, մնում են թևաթափ,- ձեռքով ցույց տալով՝ նստածներին բացատրեց Սենը․․․
-         Ո՞րն է այդ ճանապարհը,- հետաքրքրվեց Կորին, և նրա աչքերն ակամա փայլեցին։
Պրոֆեսորը հայացքը թեքեց,- Դուք մա՞րդ եք, թե՞ ռոբոտ․․․
-         Մա´րդ եմ։
-         Ձեր աչքերը տարօրինակ փայլ ունեն։ Նրանք ավելի սուր են, քան այս երկրի լույսերը,- նկատեց պրոֆեսոր Սենը։
-         Գուցե,- Կորին մեղավորի պես հայացքը կախեց։
-         Ահա´, նայե´ք այն կողմ,- պրոֆեսորը ցույց տվեց դիմացի պատը, որի վրա բացվեց մեծ էկրանը։ Երևաց կարմիր ավազը։ Այն անսահման էր՝ կազմված բազմաշերտերից, երբեմն, ծովի ալիքի պես, կախված վերևից։
Հաջորդը, երևաց կիսակմախքացած փոքրիկների անվերջանալի շարքը, որը միապաղաղ քայլում էր այրող ավազով, իսկ նրանց շուրջը վխտում էին սողունները։ Կորիի աչքերն ակամա վառվեցին բացված տեսարանից։ Սրահում տարածվեց կանաչ լույսը, որից նստածներն անակնկալի եկան։ Անսպասելիորեն հսկա մսաղացի մութ երախը սևացրեց կարմիր ավազը։ Երևացին վեր ձգվող անվերջանալի աստիճանները, որտեղից հավասար ու անտրտունջ իջնում էր սև դիմակավորների շարքը, նույն կարգապահությամբ, թափվում սև, հսկա երախի մեջ։ Մերթընդմերթ այնտեղից լսվում էր կրակոցներ և խուլ պայթյուններ․․․ Հանկարծ մսաղացի երախից բարձրացավ սև ծուխը, այն պատեց էկրանով մեկ։ Աստիճանաբար ծխի միջից երևացին հսկա խողովակները, նրանց շարքն անվերջանալի էր թվում, յուրաքանչյուր խողովակից լսվում էր ծանր հազ և փռշտոց․․․ Լսվող ձայները խլացան, և յուրաքանչյուր խուլ փռշտոցից կամ հազից, կարծես, հառնում էին անվերջանալի հաստ պատերը՝ բաժանված քառակուսիների։ Յուրաքանչյուր քառակուսու մեջ նստած էին շղթայակապ, միայնակ մարդիկ։ Երևացող անթիվ խցերում անվերջ զնգում էին շղթաների ձայները։ Կարծես՝ այն արձագանքելով անսպասելի վերածվեց ծովի խշշոցի, և հսկա սև ալիքն իր մեջ առավ պատերը։ Սաիին թվաց՝ այն ընթանում է՝ էկրանից դուրս հոսելու, ջրասույզ անելու սրահը․․․ «Մայրի՜կ»,-ակամա խուլ շշնջաց Սային՝ հիշելով եղբոր պատմածը։ Հանգչող ծովի ալիքից վեր սլացավ հսկա սև հրեշը՝ սարսափելի ոռնոցով։ Նրա ոռնոցն արձագանքում էր բազում անգամներ։ Նա թևատարած սլանում էր թե´ ծովով, թե´ ցամաքով, իսկ մարդիկ, կարծես գերված, նրան էին հետևում ներքևից․․․ Հրեշի երախից անվերջ դուրս էր թափվում ոսկեգույն շիթը, որին մերթընդմերթ հետևում էին կրակոցները և պայթյունները։ Այնուհետև նա փսխում էր մարդկային գլուխներ և առանձին մարմիններ՝ հրակարմիր շապիկներով, և մշտապես լսվում էր անդեմ մեկի բարձր քրքիջը․․․ Կորին անհամբեր սպասում էր հաջորդ կադրին, երբ էկրանն անհետացավ, դարձավ սովորական պատ։ Նա նայեց պրոֆեսոր Սենին․․․
-         Շարունակությունը կտեսնեք ձեր ճանապարհին,- կռահելով նրա միտքը՝ ասաց պրոֆեսորը․․․
-         Կանցնեմ այդ ճանապարհը։
Կորիի պատասխանը նստածներին անակնկալի բերեց։ Նրանց հայացքները մեխվեցին մնացին տարօրինակ երիտասարդի վրա։
-         Հետևե´ք ինձ,- առաջարկեց Սենը, քայլեց դեպի դուռը։ Սեղանի շուրջ նստածները նրանց հետևից միաժամանակ սկսեցին քննարկել երիտասարդի կատարած քայլը․․․
Հաջորդ սրահում, ուր ներս մտավ Կորին պրոֆեսոր Սենի հետ միասին՝ բարձրագահ աթոռին նստած էր ճերմակահեր, սակայն ոչ այնքան ծեր պրոֆեսոր Սուն՝ հպարտ կեցվածքով․․․ Պրոֆեսոր Սենը ներս մտնելով ձեռքերը միացրեց իրար, նկատելի խոնարհվեց։
-         Պրոֆեսո´ր, կանաչ աչքերով երիտասարդը հանձն առավ անցնել ճանապարհը։
Պրոֆեսոր Սուն երկար նայեց Կորիին․
-         Նա կարող է․․․,- հայտարարեց նա, ավելացրեց,- Այս դեպքում սխալվելը բացառվում է։ Քո աչքերը փայլում են ինչպես զմրուխտներ,- նկատեց պրոֆեսորը ևս։
-       Գուցե, բայց դա իմ մեղքը չէ,- հայացքը թեքելով՝ պատասխանեց Կորին։
-         Բա´ց արա ձեռքիդ ափը,- առաջարկեց պրոֆեսոր Սուն, աթոռից վեր կացավ։
Նրա արծաթագույն, երկարափեշ կիմանոն հպվեց հատակին։ Նա պահարանից վերցրեց ոսկյա փոքրիկ սրվակը, մոտեցավ երիտասարդին՝ յոթ կաթիլ ոսկեգույն հեղուկից կաթեցրեց նրա ափի մեջ։ Այն բոցկլտաց, վերածվեց փոքրիկ կրակի։ Կորին, հանկարծակիի եկած, ետ քաշվեց․․․
-         Այն անմար է և անվնաս, մի´ խուսափիր նրանից- հանգստացրեց պրոֆեսոր Սուն, վերադարձավ բազմեց իր տեղը։
Կորին առանց հայացքը կտրելու կրակից, փակեց ափը․․․

Комментариев нет:

Отправить комментарий