вторник, 23 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -32)


Կորին և Քառակուսի գլուխը հայտնվեցին Ադամանդի պատկերը կրող, հրապարակին ամրացված դրոշի մոտ։ Այնտեղ, նրանց ուշադրությունը գրավեց դամբարանի բաց դուռը։ Ներսից դուրս եկող շարքը ուրվականին ստիպեց լքել Կորիին, իսկ նա նորից վեր սլացավ, հայտնվեց միայնակ տան բակում։ Մալեն տեսնելով ընդառաջ գնաց։
-         Կորի՜, բարեկա՜մ,- ուրախացած բացականչեց նա։
-         Ուրախ եմ քեզ տեսնել, Մալե՜, իսկ որտե՞ղ է Մարկոսը։
-         Այնտեղ՝ ներսում, նա ողջ օրը քեզ է սպասել։
-         Տա´ր ինձ նրա մոտ։
-         Այո´, իհարկե, հետևի´ր ինձ։
Կորին ներս մտավ։ Մեծ սրահում իսկապես թագավորում էր անսահման լույսը։ Սրահի հակառակ ծայրում երևում էր հորիզոնը, որտեղից կիսով ճառագում էր արևը։ Կորիին թվաց՝ արևի շողքերի միջից դուրս եկավ Մարկոսը։ Նա գլխաբաց էր, շագանակագույն գանգուրները թափված ուսերին, իսկ բարձր ճակատը վեհություն էր հաղորդում մտահոգ դեմքին։ Տեսնելով հյուրին՝ Մարկոսի դեմքը  պայծառացավ։
-         Կանա´չ աչք, որքա՜ն երկար ենք սպասել քո վերադարձին,- բացականչեց նա, գրկելով նրան։
-         Մի՞թե շատ երկար եմ անհետացել,- զարմացավ Կորին,- Ինձ թվում է ընդամենը մի քանի օր։
-         Օ՜, ոչ բարեկամ, դու այնտեղ կորցրել ես ժամանակի զգացողությունը և, ահա´, վերադարձել ես արդեն երիտասարդ,- ձեռքերը տարածեց Մարկոսը։
-         Իսկ որտե՞ղ է իմ եղբայրը,- Կորին հարցրեց,միաժամանակ շուրջը նայելով։
-         Նա այստեղ է, մի՛ անհանգստացիր,- պատասխանեց Մարկոսը, ապա դիմեց Մալեին,- Բեր նրան այստեղ։
-         Իսկապես, իմ եղբայրն արդեն հասուն տղամարդ է, իսկ ինձ թվում է ընդամենը մի քանի օր եմ բացակայել, իսկ ինչու՞ է նա անտարբեր, ինչպես առաջին օրը,- նկատելի տխրեց Կորին,- Դուք անցած անգամ ասացիք՝ այն ժամանակավոր է, այնպես չէ՞,- անհանգստացավ նա։
-         Այո´, պարզապես ժամանակ է հարկավոր։ Նրա բախտը բերել է՝ կամավոր է, այլապես կարժանանար այն հազարավոր դժբախտների ճակատագրերին,- նկատեց Մարկոսը։
Կորին լուռ նայում էր եղբորը, նրա հայացքը լի էր կարոտով ու կարեկցանքով։
-         Մալե´։
-         Այո´, հրամանատա´ր։
-         Տա´ր նրան ներս և թո´ղ քնի այնքան, մինչև ինքնուրույն արթնանալը։
-         Այո´, հրամանատա´ր,- պատասխանեց երիտասարդը, Վերիի թևից բռնած՝ տարավ ներս։
-         Ասա´, Կանա´չ աչք, ինչու՞ արթնացրեցիր նրանց՝ այդ ուրվականներին, մի՞թե Ադամանդի բանակը քիչ էր։
-         Ես այնտեղից վերադառնալու այլընտրանք չունեի, իսկ երկրորդը՝ նրանք ոչնչացնում են նրանց։
-         Իսկ հետո նաև բոլորին,- նկատեց Մարկոսը,- Դադարեցրու´ այս Սոդոմը, եթե իհարկե շատ ուշ չէ,- նկատելի վրդոհվեց նա։
-         Բայց նրանք վերացնում են ռոբոտ-զինվորներին,- նորից իրենը պնդեց Կորին։
-         Այնուհետև դառնում վտանգավոր, գուցե և անկառավարելի,- շարունակեց Մարկոսը։
Կորին, գլխահակ ու հիասթափված, լքեց միայնակ տունը՝ այնտեղ թողնելով եղբորը։ Վերադառնալիս նա տեսավ՝ ուրվականներն ամենուր են․ նրանք, լափելով ռոբոտ-զինվորներին, վերստանում էին նրանց կերպարանքները՝ տարբերվելով միաին երկու մեծ ժանիքներով, հրամանը կատարած համարելով, անկախ վխտում ամենուր՝ արդեն արյան համն առած, իսկ ռոբոտ-զինվորների նոսրացող շարքերն Ադամանդը լրացնում էր դամբարանից անվերջ դուրս եկող նորերով։
Բարձրացավ ուժգին քամի։ Քամու հետ Կորին հայտնվեց անսահման գերեզմանատան սալ քարին։
-         Քառակուսի՜ գլուխ,- կանչեց  նա։
Հայտնվեց ուրվականը։
-         Այո´, հրամանատա´ր։
-         Ուրվականները վերադառնու՛մ են իրենց աշխարհ։
-         Ո´չ, Կանաչ աչք, մենք վերադարձել ենք մեր աշխարհ, որտեղից վտարել էին մեզ։ Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը։
-         Մի´ կատարիր այդ հրամաը, վերադարձի´ր քո աշխարհ․․․
-         Ո´չ, Կանա´չ աչք, այսուհետ ամենուր մենք ենք՝ թե´ ստվեր, թե´ մարդ,- պատասխանեց Քառակուսի գլուխը, սլացավ դեպի քաղաք, կրկնելով,- Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը։
-         Նա փնտրում է իր մարմինը,- ափսոսանքով շշնջաց Կորին,- Բայց ես կուղղեմ իմ սխալը, որքան էլ դժվար լինի։
Ամենուր սուրում էր քամին, նրա հետ վեր էին բարձրանում ուրվականներն, անհետանում տարբեր հեռավորություններում․․․ Հեռվից լսվեց հերթական ուժգին պայթյունը։ Կորին սլացավ այն կողմ՝ այրվում էր հսկա շենքը, որի դուռ-լուսամուտից փախչում էին ահաբեկված մարդիկ։ Շատերը տապալվում էին փողոցում և երկար մնում հոգեվարքի մեջ, իսկ ռոբոտ-զինվորները որսում էին ողջ մնացածներին։ Կորին կանգնեց ծխի մեջ կորած շենքի տանիքին․
-       Քառակուսի՜ գլուխ,- ամբողջ ուժով նորից կանչեց նա։
-       Այո´, հրամանատա´ր,- հայտնվեց ուրվականը, հանգիստ պատասխանելով։
-       Այնտե´ղ՝ ներքևում, ռոբոտ-զինվորներն են, նայի´ր այն կողմ,- ցույց տվեց Կորին։
Ուրվականը, տեսնելով նրանց, սլացավ ցած, սկսվեց կատաղի մարտը, որից օգտվելով՝ մարդիկ սկսեցին փախչել։ Կորին ժպտաց․ «Նրանք ակամա օգնեցին մարդկանց»։

Комментариев нет:

Отправить комментарий