среда, 24 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 35)


***
Մարկոսն ու Աբգարը չէին հասցրել լքել լաբորատորիան, երբ վերադարձավ Կորին, իր հետ բերելով Վիվիին և Միկիին։
-       Վիվի´, աղջի՛կս,- հուզված բացականչեց գիտնականը, գրկելով դստերը, ապա, կարծես ուշքի գալով, անհանգստացած մեկ նայեց տղային, մեկ Վիվիին,- Ո՞վ է փոքրիկը, գուցե ինչ որ տեղից  գտե՞լ եք նրան։
-       Հայրի՛կ, նա վաղուց է ինձ հետ, փոքրիկը ինձանից բացի ոչ ոք չունի,- պատասխանեց աղջիկը՝ գիրկն առավ տղային։
-       Այո, աղջիկս, իհարկե,- ուրախացած համաձայնեց Աբգարը,- Մենք կսիրենք նրան հարազատի պես։
-       Աբգա´ր, ձեր աղջիկը բարի սիրտ ունի,- նկատեց Մարկոսը, որ մինչ այդ լուռ հետևում էր նրանց։
-       Շնորհակալ եմ։
-       Կորի´, ես պետք է վերադառնամ,- ասաց Մարկոսը՝ թոթովեց ուսերը,- Ի՞նչ արած։
Բոլորը միայն ժպտացին։ Մարկոսն ուղղվեց դեպի դուռը, Կորին հետևեց նրան, իսկ Աբգարն ու Վիվին մտան վերելակը։
Երբ Մարկոսը Կորիի հետ միասին հայտնվեցին փողոցում, անսպասելի փչեց ուժգին քամի, սակայն ոչ ոք չերևաց, նրանք անհանգստացած իրար նայեցին։
-Կորի՜,- նրանք նայեցին վեր․ Աբգարը կախվել էր պատշգամբից,- Օգնի՜ր, նա նորից տարավ իմ աղջկան։
Կորին մնաց շվարած կանգնած։ Այդ պահին երևացին զինվորները՝ Մալլեի գլխավորությամբ, Մարկոսին շրջապատեցին։ Կորին հայտնվեց մոտակա կրպակի տանիքին։ Քամին ավելի սաստկացավ։ Քամու հետ սկսեցին օդում պարել ավազախառը տերևները։ Աբու-Սաիդն, աղջկան և փոքրիկին առևանգած, սլանում էր փողոցներով։ Զինվորների երկար կրակոցներից վերջապես նա գլորվեց ցած։ Վիվին փոքրիկի հետ դուրս պրծավ նրա աքցանանման ճանկերից, սկսեց փախչել։ Ռոբոտ-զինվորը նորից ոտքի կանգնեց, թեքվեց աղջկա կողմը, շարունակեց հետևել նրան։ Աղջիկը շնչակտուր նետվեց մոտակա շենքի վերելակը, շտապելուց սեղմեց միանգամից մի քանի կոճակներ։ Այն տեղի չտվեց։ Նա սկսեց բարձրաձայն լաց լինել՝ շարունակելով սեղմել կոճակները։ Դուռը փակվեց այն պահին, երբ Աբու-Սաիդը հայտնվեց վերելակում։ Վիվին Միկիին սեղմեց կրծքին, կուչ եկավ անկյունում։ Ռոբոտ-զինվորը մոտեցավ, բարձրացրեց նրան, սկսեց շոյել նրա երկար, խռնված մազերը։
-         Ո´չ, թո´ղ ինձ,- բղավեց աղջիկը՝ զզվանքով ետ հրելով նրան։
-         Դու իմն ես, քեզ չե´մ տա նրան,- վանկարկեց Աբու-Սաիդը՝ նրան ավելի ամուր սեղմելով իրեն։
Տղան սկսեց լաց լինել։
-         Ես նրան դուրս կշպրտեմ,- ասաց նա, Վիվիի գրկից մեկ ձեռքով ճանկեց փոքրիկին։
-         Ո՜չ,- կառչած Միկիից, մղկտաց Վիվին՝ միաժամանակ սեղմելով վերելակի կոճակները։
Վերջապես այն կանգ առավ։ Ռոբոտ-զինվորը դուրս եկավ նրանց գրկած։ Վիվին  գիտակցությունը կորցրեց, երբ Աբու-Սաիդը ներս մտավ պատահական բաց դռնից և լուսամուտից դուրս նետեց փոքրիկին։ Վերադարձավ, աղջկան բարձրացրեց հատակից, ուղղվեց դեպի դուրս։
-         Ահա´ և նորից հանդիպեցինք, Աբու-Սաի´դ,- տղային գրկած՝ նրան ընդառաջ ելավ Կորին։
Ռոբոտ-զինվորը նահանջեց՝ ավելի ամուր գրկելով  ուշագնաց աղջկան։
-         Բա´ց թող նրան,- հրամայեց Կորին։ Նրա աչքերը վառվեցին։
-         Նա վաղուց իմն էր, դու հայտնվեցիր, տարար նրան ինձանից։
-         Բա´ց թող նրան, այլապես քո գլուխն էլ կծխա այն մոխրակույտերից մեկում,- կրկնեց Կորին, և նրա աչքերից արձակված շանթն անցավ Աբու-Սաիդի ոտքերով, սկսեց ծուխ բարձրանալ։
-         Ո՜չ, դու կմոխրացնես ինձ,- բղավեց նա՝ աղջկան ավելի ամուր սեղմելով իրեն։
-         Բա´ց թող նրան և դու չես մոխրանա։
Ռոբոտ-զինվորը Վիվիին նետեց հատակին։ Հայտնվեցին ուրվականները, Կորին նետվեց դեպի աղջիկը։ Աբու-Սաիդը դուրս հանեց սղոցանման ձեռքը, երբ ուրվականներն ուղվեցին նրա կողմը։ Այդ պահին ներխուժեցին Մարկոսի զինվորները, սկսեցին կրակել, նրանք ցրիվ եկան, Կորին փորձեց դուրս թռչել Վիվիի և փոքրիկի հետ, բայց Աբու-Սաիդը երկարացրեց ձեռքը, կմախք մատներով կարողացավ նորից ետ ճանկել աղջկան։ Ցավից նա ուշքի եկավ, սկսեց ճչալ։ Ուրվականներից մեկը հարձակվեց առաջին ռոբոտ-զինվորի վրա, սկսեց խմել նրա արյունը։ Երբ նա դմփոցով վայր ընկավ, մյուսները հարձակվեցին խժռելու, իսկ արյուն լափածը վերստացավ ռոբոտ-զինվորի արտաքինը։
-         Ահա՜, թե ինչ,- բացականչեց Կորին, առավ աղջկան և փոքրիկին, դուրս սուրաց պատշգամբից,- Պետք է թույլ տալ, որպեսզի նրանք հոշոտեն իրար։

Комментариев нет:

Отправить комментарий