вторник, 30 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 45)


Մինչ Կանաչ աչքը ժամանակի հետևից կլքեր ծովը, անսպասելիորեն ընդդերքից վեր սլացավ  սև հրեշը։ Նա սարսափած ուզեց  նահանջել։
-         Հարկ չկա վախենալ,- խորհուրդ տվեց ժամանակը,- Նրանից, նման սարսափելի կերպար մարդն է հնարել։ Իրականում այն բնության բարիքներից մեկն է։ Մարդը, շուրջ բոլորն ավիրում է նրան տիրելու համար և այդ ասպարեզում վայ թույլին։ Ժամանակին նա անվտանգ էր, քանի դեռ ապրում էր ջրի տակ, արթնանալով, այսօր նա իշխում է բոլորին՝ թե´ ամենաթույլին, թե´ ամենահզորին։ Յուրաքանչյուրը փորձում է օգտվել նրա գերիշխանությունից։ Ահա´ որտեղից են պայթում ռումբերն, առաջանում մարդկային քարավանները,- բացատրեց ժամանակը անցավ առաջ։
Կորին գլխիկոր նայեց ձեռքի ափին։
-         Հուրն անզոր է, հրեշը կուլ կտա նրան, առա´ջ անցիր,- խորհուրդ տվեց ժամանակը։
Նա փակեց ափն, հետևեց ժամանակին։ Նա տեսավ, թե ինչպես է հրեշը փսխում մարդկային գլուխներ և ոսկյա ձուլակտրորներ, իսկ նրա հրակարմիր երախից լսվում էին պայթյուններ և մարդկային ճիչեր։ Երևացին մարդկանց խմբերը, որոնք, իրար խառնված, մեծ ու փոքր, փորձում էին տեղ գտնել արդեն լեցուն մակույկներում։
-         Ահա´, մարդը փախչում է ինքն իրենից։
-         Ինչու՞,- հարցրեց Կորին՝ մնալով կախված նրանց վրա։
-         Նրանք կորցրել են պատերը, նոր պատեր են փնտրում ուրիշ ափերում։
Կորին բացեց ափը, նայեց փոքրացած անմար հուրին, ապա ժամանակին։
-         Եթե նրանք չկարողացան գնահատել ունեցածը, այն լքելով՝ շտապում են նոր ափեր, ոչ մի հուր նրանց չի կարող փոխել,- նկատեց ժամանակը։
Կանաչ աչքը ցավով փակեց ափը, հետևեց ժամանակին։ Հայտնվեց մոլախոտերով պատված տան տանիքին։
-         Նման տներ՝ անգամ ամբողջ գյուղեր այսօր դու հաճախ կհանդիպես,- սկսեց ժամանակը։
-         Ինչու՞ է լքված այս գեղեցիկ տունը, որտե՞ղ է նրա տերը,- հետաքրքրվեց Կորին՝ կանգնելով երկհարկանի տան կտուրին։
-         Այն մարդն է կառուցել, նույն մարդն էլ լքել՝ գերադասելով երկնաքերի խուլ պատերը, որտեղ նա վեր է ածվում աննկատ սպառողի, որտեղ նրան ոչ ոք չի նկատում, որտեղ նա հաճախ դատապարտվում է միայնության։
-         Չէ՞ որ նրանք այնտեղ այնքան շատ են։
-         Գուցե շատ են, բայց մարդը հսկա շինություններում վեր է ածվում մրջյունի՝ հաճախ կորցնելով անհատականությունը։
Ժամանակն առաջ սլացավ։ Կանաչ աչքը հետևեց նրան՝ ափսոսանքով նայելով  մամռակալած տանիքներին, որոնց կարծես մի կերպ իրենց ուսերին էին պահում կիսաքանդ  պատերը, իսկ տնամերձերի մոլախոտերը հաճախ հատում էին տանիքները։
-         Մարդն ամենակեր է, գուցե դա նրա դժբախտությու՞նն է,- նորից խոսեց ժամանակը։
-         Այո´, որքա՜ն խաղաղ կլիներ աշխարհը, եթե նա սնվեր միայն բույսերով,- նկատեց Կորին։
-         Գուցե, բայց և անհավանական, մարդն արդեն ամենակեր է, նա այլընտրանք չունի, բացի գոյատևելուց, միաժամանակ նույն գոյատևման համար ոչնչացնել նմանակին,- պատասխանեց ժամանակը։
-         Այո´, իսկ հակառակ դեպքում չէին լքվի այս գեղեցիկ գյուղերը,- ափսոսանքով շեշտեց Կորին։
-         Միևնույն է՝ մարդը ձգտում է այնտեղ, որտեղ նա զգում է իշխելու համը, իսկ այնտեղ նրան իշխում է տեխնիկան, որը հաճախ հարցականի տակ է դնում նրա գոյությունը։
Կորին նորից նայեց ափին։
-         Գուցե այդ հուրը փոխի նրա գիտակցությունը, բայց չեմ կարծում այս լքված շեները երբևիցէ կվերաբնակեցվեն
-         Իսկ այն ծովի փախստականնե՞րը։
Ժամանակը ժպտաց։
-         Հարազատ տարածքը լքողը, երբ իր հետևում թողնում է միայն ավերակներ և դիակներ, չի կարող շենացնել օտարի հողը։ Նրանք միշտ կփնտրեն, սակայն երբեք չեն գտնի, քանզի օտարությունում ոչ ոք նրանց համար ոչինչ չի կորցրել- բացատրեց ժամանակը,  լքեց լքված տանիքը։

Комментариев нет:

Отправить комментарий