суббота, 27 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 40)


Լուսաբացն արթնացավ, թվաց՝ էլեկտրական լույսերը մարելու փոխարեն տարալուծվեցին կապտող հորիզոնում։ Բացվող օրվա հետ Կորին հայտնվեց  բրգաձև երկնաքերի գագաթին, նայեց հեռուն, կապտող հորիզոնը կրակե շապիկ հագավ։ Նրանից ցրիվ եկան բոսորագույն ճառագայթները և կարծես հորիզոնը ոսկի շաղ տվեց  երկնակամարով մեկ։
-         Հզոր է արևը Արևի երկրում,- կիսաձաին արտաբերեց նա, բացեց ափը՝ կրակը բոցկլտաց։ Կորին ժպտաց, սլացավ առաջ։ Երևաց անսահման ու սև ծովը, որի ալեկոծ ալիքները զարնվում էին իրար, փլվում ջրի մակերեսին։ Նա մոտեցավ ափին՝ այն մի տեսակ փայլում էր։ Երբ ավելի մոտիկացավ, փայլը վերածվեց սև ցեխի, որի մեջ հազիվ քարշ էին գալիս կիսակենդան երկարաոտ թռչունները։ Նրանց շարքը լրացնում էին հսկա շնաձկները, այնուհետև ափը ողողված էր մանր ջրային կենդանիներով։ Կորին առաջ սլացավ։ Մինչև ջրի խորքը սևին էր տալիս տարօրինակ փայլը, ավելի խորքում երևացին դեղին աշտարակները։ Հեռվից երևացող սպիտակ հսկա կույտերը նրան ստիպեցին ավելի մոտենալ, նա հայտնվեց նրանցից մեկի վրա։
-         Սա աղբ է,- հիասթափված մրմնջաց, ապա անզոր վեր սլացավ։
Հետզհետե ջուրը մեծացավ, դարձավ անսահման։ Կարծես ցամաքն անցնում էր ջրի տակ։ Տեսնելով, թե ինչպես է ջուրը պտտվում ինքն իր մեջ, մոտեցավ, կախվեց ջրի վրա։ Այն դարձավ երկգույն՝ ավելի բաց գույնը պտույտ էր կատարում սև ջրի շուրջը, լցվում նրա մեջ։ Նա երկար ժամանակ պտտվեց ջրի վրա, ապա կիսաձայն արտաբերեց․ «Այն եռանկյունի է հիշեցնում»։ Ավելի մոտեցավ հեռվից նշմարվող եռանկյունուն։ Հանկարծ այն վեր բարձրացավ, նրան առավ իր մեջ, նորից հավասարվեց ջրի մակերեսին՝ շարունակելով պտտվել։ Այնտեղ, ուր ալիքը փսխեց Կորիին, կարծես բոլոր ժամանակները խառնված էին իրար։ Նա զարմանքից շուրջն էր դիտում կողմնորոշվելու։ Երբ հիշեց անմար կրակի մասին, բացեց ափը։ Կրակը բոցկլտաց, նրանից անջատվեց մեկ կաթիլ, ընկավ գետնին։ Ոսկեգույն կաթիլը գլորվելով Կորիի առջև բացեց մի նեղ արահետ։ Նա առաջ շարժվեց ձգվող արահետի հետ, որը շարունակվեց լայնահուն գետի վրայով։ Երբ գետը մնաց հետևում, հայտնվեց բարձրադիր լեռներում։ Լեռների արանքում երևաց քարե հին կամուրջը։ Այն նրան տարավ լեռան ամենաբարձր կետը, որի հարթանիստ գագաթից իր շուրջն էր նայում հնամյա ամրոցը՝ բազմագմբեթ տանիքներով։ Ընթացող արահետով Կորին հայտնվեց ընդարձակ գավիթում։ Զարմանքով նայեց շուրջը՝ ամենուր դատարկություն էր, միայն ամրոցի փոքրիկ լուսամուտներից ընդմիջումով լսելի էին զանգի ղողանջները, որով խախտվում էր տիրող լռությունը։ Փորձեց վեր սլանալ, չստացվեց, թվաց՝ մարմինը ծանրացել է, մնաց կանգնած։
Ծանր ճռռոցով բացվեց դիմացի կամուրջը, Կորին անցավ անդունդի վրայով։ Արահետը շարունակվեց այնքան, մինչև նա հայտնվեց ընդարձակ ու կլոր սրահում։ Սրահի շրջանագծով շարված էին բարձրագահ աթոռները։ Նրանցից միայն մեկին բազմել էր ալեհեր, մինչև գետին հասնող մորուքով, խորշոմած դեմքով, երկարազգեստ մի ծերունի։ Նա մի ձեռքին ուներ սլաքաձև գայիսոն, մյուս ձեռքով բռնել էր սովորական փոքրիկ գլոբուսը։ Կորին մնաց մուտքի մոտ քարացած, երբ ծերունին նայեց կողքի աթոռին, կարծես սահելով փոխվեց այնտեղ՝ վերափոխվելով երիտասարդի։ Նրա զարմացած հայացքը մեխվեց մնաց ծերունու թափուր աթոռին։
-         Գիտեմ, Կանաչ աչք, ինձ ես փնտրում,- խոսեց երիտասարդը,- Այստեղ, այս ամրոցում միայն ես եմ, ոչ ոք չկա։
-         Դուք ո՞վ եք։
-         Ժամանակը։ Դու հայտնվել ես ամենակարող ժամանակի ամրոցում։
-         Իսկ նա՞,- հարցրեց Կորին՝ ցույց տալով հաջորդ աթոռը, որի վրա քիչ առաջ նստած էր ծերունին։
-         Նա ևս ես եմ, ինչպես և մնացած մյուս աթոռները,- պատասխանեց երիտասարդը՝ հերթով կերպարանափոխվելով՝ հայտնվեց բոլոր աթոռներին՝ նորածինից մինչև զառամյալ ծերունի․․․ Ամենավերջում մնաց երիտասարդի կերպարանքով,- Դու եկել ես ներկայից։ Ես ներկան եմ, ի՞նչն է քեզ բերել ժամանակի աշխարհը։
-         Այնտեղ, ուր ապրում եմ ես, եղյամը լափել է լույսին, և ամենուր վխտում են ռոբոտ-զինվորներն ու ուրվականները։ Պետք է կարողանամ լուծում գտնել  այդ սարսափելի խնդրին, միայն  դրանից հետո ես կարող եմ վերադառնալ այնտեղ, որտեղ  չարի և բարու պատերազմն է՝ չարի հաղթանակով։
-         Կանա´չ աչք, այսպես թե այնպես դու կվերադառնաս քո քաղաքը, իսկ չարը վերջ կունենա այն ժամանակ, երբ գա մարդկության վերջը։ Չարը մարդուց է, այն չունի այլ ծնունդ։

Комментариев нет:

Отправить комментарий