вторник, 23 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 33)


Սպիտակ աշխարհը ժամ առ ժամ ընդլայնում էր իր տարածքը։ Փոքրացող հին աշխարհի բնակիչներին մնում էր փակվել տներում, լավագույն դեպքում՝ լքել քաղաքը։
-         Մարկո´ս, ես անզոր եմ, նրանք, լափելով ռոբոտ-զինվորների արյունը, դառնում են անկառավարելի,- հայտնեց Կորին, վերադառնալով միայնակ տունը։
-         Պարզվում է՝ նրանք ավելի սարսափելի են, քան այդ ռոբոտ-զինվորները։ Պետք է նրանց կանխել, այլապես ․․․,- արտաբերեց Մարկոսը, մնաց թևաթափ կանգնած։
Մարկոսը Կորիի հետ իջավ քաղաք։ Քաղաքում ուրվականների մի մասը դեռ անմարդկային կերպարանքով հետևում էր ռոբոտ-զինվորներին, իսկ արդեն ժանիքավորները խժռում էին անշունչ ռոբոտ-զինվորների մարմինները, և նրանցից մնում էր միայն սղոց-ձեռքը՝ անպետք մարսողության համար։
-          Իսկապես, բացի անկառավարելի լինելուց, նաև սարսափելի են,- նկատեց Մարկոսն՝ արագացնելով քայլերը, միաժամանակ աչքը չկտրելով դիվային տեսարանից։
Ժանիքավորներն ուղղվեցին նրանց կողմը։ Կորին նրան առավ, վեր սլացավ, կանգնելով Աբգարի բնակարանի պատշգամբին։ Թռչող ուրվականներն անտարբեր մնացին նրանց նկատմամբ, իսկ ժանիքավորներն ախորժելի հայացքով սկսեցին հետևել ներքևից։
-         Աբգա´ր, որտե՞ղ ես,- ներս մտնելով ձայն տվեց Մարկոսը։
-         Այստե´ղ,- ննջարանից դուրս եկավ գունատ ու հյուծված գիտնականը։
-         Մենք պետք է լաբորատորիա գնանք, փորձանքն ավելի մեծ է, քան կարելի է այն պատկերացնել,- բացատրեց նա։
-         Այո´, իհարկե,- առանց առարկության համաձայնեց գիտնականը։
Նրանք, երեքով, վերելակով գնացին լաբորատորիա։ Աբգարը լուսամուտից դուրս նայեց։ Փողոցում, ուրվականները հարձակվում էին ռոբոտ-զինվորների վրա, իսկ նրանք ընդամենը դիմում էին ինքնապաշտպանության՝ օգտագործելով սղոց-ձեռքը, սակայն մասնիկների բաժանվելուց որոշ ժամանակ անց ուրվականները նորից հավաքվում էին, դառնում առաջվանը և ավելի կատաղած նոր զոհ փնտրում․․․
-         Թվում է՝ նրանք իրար մեջ, իրար են փնտրում,- նկատեց Աբգարը։
-         Գուցե այդպես էլ կա, որքան էլ տեսարանը սարսափելի լինի,- շեշտեց Մարկոսը,-Այդ դժբախտները ժամանակի զոհն են։
-         Ինչու՞ նրանք դադարեցին ենթարկվել,- մոտենալով լուսամուտին՝ մտահոգված հարցրեց Կորին։
-         Մի՞թե պարզ չէ։ Նրանք երկար ժամանակ մութ զնդանում են եղել, դուրս պրծնելով այնտեղից՝ փորձում են վերադառնալ իրենց մարմինների մեջ և դեռ երկար ժամանակ վրեժխնդիր կլինեն մարդկությունից։ Իհարկե, չվնասելով մեծ մեղավորին,- բացատրեց Աբգարը։
-         Այո´, Քառակուսի գլուխը չխոստացավ մինչև վերջ ենթարկվել ինձ, իսկ երբ հանձն առավ կատարել իմ առաջին հրամանը, ես հույս ունեի կկարողանամ կառավարել նրան՝ ենթարկելով ինձ, բայց․․․- Կորին ափսոսանքով լռեց։
-         Մտածելու տեղիք է տալիս,- կիսաձայն ասաց Մարկոսը, նայեց երևացող ուղաթիռների կողմը, որոնց ճոճասանդուխքներից կախված ցած էին թափվում զինվորները։
Լսվող տևական կրակահերթին հետևեց ուժգին պայթյունը։ Տիրեց լռություն։ Նրանք լուսամուտից ետ քաշվեցին։ Միայն հիմա Մարկոսը զարմացած նայեց շուրջը։
-         Ինչու՞ է այստեղ այսպես լքված, իսկ որտե՞ղ է աշխատում Բենը։
-         Վեցանկյունում, նա այնտեղ է տեղափոխվել այն օրից, երբ Ադամանդը փորձեց կառավարել նրան։
-         Մի՞թե այդպես չէ և առ այսօր, չէ՞ որ նա աշխատում է նրա թելադրանքով և շարունակում է․․․,- նկատեց Մարկոսը։
-         Ո՞վ գիտե, գուցե այդ ամենին ետին միտք է հետապնդում։ Մարդուն ճանաչելը բարդ գիտություն է, քան թվում է,- խորը հոգոց հանելով՝ ուսերը վեր քաշեց գիտնականը։
Կորին լուռ բարձրացավ, պառկեց սեղանին։ Մարկոսն ու Աբգարը զգացված իրար նայեցին։ Գիտնականի ներարկումից հետո նրա աչքերն ավելի փայլեցին՝ վառվող փարոսի պես։ Նա հայտնվեց պատշգամբի գոգին։ «Ես կվերադարձնեմ նրան»,- եղավ առաջին միտքն արթնանալուց հետո, ապա դուրս թռավ։
-         Որքան էլ ներարկենք նրան այդ գերմարդկային սինդրոմը, միևնույն է նա սիրտ ունի,- նկատեց Մարկոսը՝ նայելով նրա հետևից։
-         Այո´,- գիտնականի դեմքը նկատելի պայծառացավ՝ հույսով լի հայացքով ուղեկցելով նրան, մինչև նա անհետացավ շենքերի արանքում։


Комментариев нет:

Отправить комментарий