среда, 24 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 36)


***
Ադամանդի մեքենան կանգ առավ վեցանկյուն շենքի դիմաց։ Նա շտապ մտավ ներս։ Բենը, տեսնելով նրա դժգոհած դեմքը, ոտքի կանգնեց։
-         Որևէ խնդի՞ր կա։
-         Այո´, հազիվ կարողացա ազատվել ուրվականների հետապնդումից․․․
-         Ի՞նչ ուրվականներ, ինչի՞ մասին է խոսքը,- անհանգստացավ պրոֆեսորը, միաժամանակ դուրս նայեց լուսամուտից։
-         Իսկապե՞ս տեղյակ չեք՝ հայտնվել է Կանաչ աչքը, նրա հետ նաև անթիվ ուրվականներ․․․
-         Այո՜,- ծոր տվեց Բենը,- Կատարվել է անուղղելին։ Այսուհետ դժվար կլինի նրանց ենթարկել որևէ կանոնի, եթե արդեն մարդկային կերպարանք են առել։
-         Չե՞ք կարծում պետք է որևէ միջոց ձեռք առնել, այլապես ամեն ինչ հավասարվում է զրոյի։
-         Եթե վերադարձել է Կանաչ աչքը՝ արթնացնելով ուրվականներին, արդեն զրո է,- նկատեց պրոֆեսորը:
-         Պետք է նրան վերացնե՛լ,- հոխորտաց Ադամանդը։
-         Հարգելի Ադամա՛նդ, հիշե´ք ձեր փիլիսոփայությունը՝ այս պատերազմում չեն լինի ո´չ հաղթողներ և ո´չ էլ պարտվողներ։ Ահա´, վայելե´ք,- ձեռքով դեպի դուրսը ցույց տալով՝ պատասխանեց պրոֆեսորը։
-         Այնքան էլ չեմ դժգոհում իրավիճակից, եթե կարողանանք արանքից հանել այդ Կանաչ աչքին։
-         Իսկապես, պատահական ոչինչ չի լինում, անգամ ներարկումը, մոռացե՞լ եք,-սկսեց Բենը,- Գուցե այդ Կանաչ աչքը հենց նա է, ով եկել է հաղթելու մեզ։
-         Ո´չ, ես դա թույլ չեմ տա։ Այդ դեպքում դուք պետք է  ծրագիրը փոխեք այնպես, որպեսզի ինքս կարողանամ կառավարել բանակին, այլապես․․․,- Ադամադը բազմանշանակ նայեց պրոֆեսորին։
-         Չեմ կարծում՝ այն ձեզ կհաջողվի,- Բենը դեմքը խոժոռեց։
-         Ինչու՞․․․
-         Դուք փորձում եք նման կերպ մյուսներին խաղից դուրս թողնել, ինչպես դա արեցիք խեղճ գիտնականի հետ։ Եթե անգամ նրանք չեն ենթարկվում ձեզ, դժբախտություն չէ։
-         Պրոֆեսո´ր, այս ամենն ինձ է պատկանում, մի´ մոռացեք։ Անգամ ձեր այս ճոխ առանձնատունը։
-         Ներեցե´ք, Ադամա´նդ, եթե մի փոքրիկ ուղղում մտցնեմ՝ այն  բացառապես վաստակել եմ, իսկ ձեր նմանները երբեք չեն խաղաղվում, որքան էլ ոսկյա ըմպանից գինին ըմբոշխնեն։
-         Մի՞թե,- հեգնեց Ադամանդը՝ չարացած պրոֆեսորի առարկությունից, շարունակելով նույն տոնով,- Ի՞նչ խաղաղվելու մասին է խոսքը, երբ անկառավարելի մի ողջ բանակ է հայտնվել իմ դեմ։ Ի՞նչ ոսկյա ըմպան, երբ արդեն քանի տարի է դուք ձեր գիտությամբ չեք կարողանում հաղթել մի սևամորթի։
-         Կարծում եմ, եթե անգամ այդ երիտասարդը սպիտակամորթ լիներ, նույնպես ոչինչ չէր փոխվի։
Ադամանդը զարմացած նայեց նրան։
-         Այո´, այո´, պետք չէ զարմանալ։ Պետք է նկատել՝ ուժով ստեղծված բանակը չի կարող հոգով կռվել։
-         Իսկ այն կամավորնե՞րը։
-         Փողով կռվողը՝ առավել ևս։
-         Ոչինչ չեմ հասկանում,- Ադամանդը վրդոհված ոտքի կանգնեց։
Դրսից լսվող  բարձր աղմուկը մոտեցավ դռանը։ Նրանք նայեցին այն կողմ։ Ադամանդն ակամա մի քանի քայլ նահանջեց՝ մոտենալով Բենին, երբ աղմուկն ավելի մոտեցավ դռանը։
-         Դուք նկատեցի՞ք՝ նրանց համար փակ դուռ գոյություն չունի։
Ներս մտան Աբգարն ու Մարկոսը։
-         Ինչպիսի՜ հյուրեր,- բացականչեց Ադամանդը՝ փորձելով թաքցնել քիչ առաջ ապրած սարսափը։
-         Զարհուրա՞ծ եք,- նկատեց Մարկոսը՝ դիմելով Ադամանդին։
Ադամանդը հայտնվեց անհարմար դրության մեջ։
-         Դուք նկատե՞լ եք՝ ձեր ծրագիրը մահ է սփռում ամենուր,- շարունակեց Մարկոսը։
-         Թանկագի´ն մարդասեր, մի՞թե մեր ծրագիրն այլ նպատակ էր հետապնդում։ Հիշե´ք, գեթ մեկ հաղթանակ, որը մահ, ավելի ստույգ զոհ չպահանջեր։ Իհարկե, ոչ սպորտային, որն իր ժամանակին ևս զոհեր է պահանջել՝ որպես գլադիատորների գեղեցիկ մենամարտ, և չգիտես ինչո՞ւ, այդ գեղեցիկ ավանդույթը վերափոխել են օլիմպիական խաղերով։ Պարզվում է բոլոր ժամանակներում էլ կան մարդասերներ,- միտքն ավարտելիս՝ հեգնեց Ադամանդը։
-         Հեգնու՞մ եք, սակայն բարեբախտաբար աշխարհի հիմքը բարին է, որքան էլ դուք մխիթարվեք վրիժառու Կայենով։ Կարո՞ղ եք պատկերացնել այն սարսափելի հետևանքը, եթե բոլոր հնարավորություն ունեցողները մտածեին ձեզ պես, առավել ևս գործեին․․․
-         Եվ ի՞նչ,- հետաքրքրվեց Ադամանդը։
-         Մարդկությունը, ավելի ստույգ անպաշտպան ազգերը մշտապես ցեղասպանությունների կենթակվեին․․․
-         Հարգելի´ մարդասեր, կենդանական աշխարհում թույլին չեն խղճում, այլ խժռում են ուժեղները՝ շրջապատը մաքրելու բնազդով, և միայն մարդն է, որ փորձում է գնալ բնության այդ չգրված օրենքին հակառակ․․․, իսկ իրականում մարդն ամեն ինչ անում է իր նմանակին կեղեքելու և ճզմելու, ինչու՞ չօգտվել դրանից․․․
-         Եվ այդ ամենն արվում է մի փոքրիկ տոպրականման օրգանի պատվերով։ Այն անհագ է, այն երբեք չի կշտանում, առավել ևս չի լցվում,- Ադամանդի միտքը շարունակեց Բենը։
-         Հետաքրքիր է, ո՞րն է այդ անկուշտ երախը,- հետաքրքրվեց Մարկոսը,- գուցե բերա՞նը․․․
-         Ո´չ, բերանը կատարում է նրա պատվերը, ստամոքսն է,- պատասխանեց Բենը։
-         Այդ դեպքում, պրոֆեսո´ր, փոխեք ձեր ծրագիրը, այլապես քաղաքը շուտով կվերածվի ուրվականների մեգապոլիսի և անգամ դուք՝ ձեր անհագ ստամոքսով, կսարսափեք ձեր գերգիտությունից,- շարունակեց Մարկոսը՝ կշտամբելով նրան։
-         Ինչպես դա արեց Աբգա՞րը,-հեգնեց Ադամանդը՝ ուղիղ նայելով գիտնականին։
-         Հեգնելու ժամանակը չէ, կհեգնեք այն ժամանակ, երբ ես սխալված լինեմ, և տա Աստված, այդպես լինի,- միջամտեց Մարկոսը:
Նորից միջանցքից աղմուկ լսվեց։ Բոլորը նայեցին դռան կողմը, միայն Ադամանդն ակամա մեկ քայլ ետ գնաց։ Մարկոսը նկատելով քմծիծաղեց։ Ներս մտավ Կորին՝ Վիվիի և փոքրիկ Միկիի հետ։ Տեսնելով, Աբգարի դեմքն ակամա պայծառացավ։
-         Աղջի՜կս,- շշնջաց նա։
-         Ինչպե՞ս, որտեղի՞ց գտար նրանց,- իրեն կորցրած՝ բղավեց Ադամանդը։
-         Պարզվում է՝ նաև Կանաչ աչքի համար փակ դուռ գոյություն չունի,- նկատեց Բենը,- Պետք չէ նաև մոռանալ, թե ո՞վ է արթնացրել ուրվականներին,- շարունակեց պրոֆեսորը,- այնպես չէ՞, Կանա´չ աչք։
-         Բայց և այնպես նրանք ձեր իրագործվող ծրագրի հետևանքն են, դուք կարող եք կառավարել նաև նրանց, անկախ այն բանից, թե ով է արթնացրել,- միջամտեց գիտնականը։
Պրոֆեսորը շրթունքը կծեց, որը չվրիպեց մյուսների ուշադրությունից։
-         Գիտնակա´ն, այդ կերպ վրեժխնդի՞ր եք լինում ձեր դստեր համար,- հարց տվեց Ադամանդը չարախնդալով։
-         Ո´չ, պարզապես կա ճշմարտության տեսակ, այդ տեսակը նման է վրեժխնդրության,- պատասխանեց գիտնականը՝ ավելի մոտենալով Վիվիին, որը հոգնությունից հազիվ էր մնում ոտքի վրա․․․


Комментариев нет:

Отправить комментарий