четверг, 25 июня 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 38)


Երբ Կորին հայտնվեց միայնակ տան բակում, այն մի տեսակ լքված ու ցուրտ թվաց։ Ուզեց մտնել այգի, դուռը փակ էր։ Թակեց գլխավոր դուռը։ Երևաց Մալեն։
-         Բարեկա´մ, դու՞ ես,- առանց ոգևորության ժպտաց նա։
-         Իսկ որտե՞ղ է Մարկոսը- անհամբեր հարցրեց Կորին՝ շարունակ հայացքով փնտրելով նրան։
-         Այնտե´ղ,- ձեռքով դեպի ներսը ցույց տվեց Մալեն։
-         Կարո՞ղ եմ նրան տեսնել։
-         Նա՝ ինքը դուրս կգա, սպասի´ր։
Կորին ավելի անհանգստացավ, երբ երևաց Մարկոսը։ Նա տխուր էր։
-       Ինչու՞ ես նրան դռանը սպասեցնում,- տեսնելով հյուրին՝ դիմեց Մալեին, ապա  Կորիին,- Նե´րս արի, Կանա´չ աչք։
Մալեն դռնից մի կողմ քաշվեց։ Կորին ներս մտավ, մնաց զարմացած։
-          Ինչու՞ է այսպես,-  շուրջը նայելով, հարցրեց նա։
-         Ի՞նչը քեզ զարմացրեց։
-         Չկա առաջվա լույսը, չկա այն հորիզոնի արևը։ Ու՞ր է կորել, ինչու՞ է սրահը մթնել։
Մարկոսը  խորը հոգոց հանեց․
-         Սիրելի´ Կանաչ աչք, լույսի պակասելը նշանակում է՝ մենք տանուլ ենք տալիս։
-       Այսինքն՝ ինչպե՞ս,- Կորին լսածից շանթահար եղավ։
-         Այսինքն՝ մեր մարդասիրական ծրագիրը ձախողվում է կամ պարտվում, ինչպես կուզես, հասկացիր։
-       Մի՞թե ելք չկա, գոնե կարո՞ղ եք ինձ ուղղությու´ն ցույց տալ, ես կպայքարեմ Ադամանդի դեմ։ Կարծում եմ, եթե չպայքարենք, ապա մեր հանդուրժողականությունը կդառնա սովորության պես մի բան, կսկսենք նույնիսկ ենթարկվել այս իրավիճակին։
-         Այո´, դու ճիշտ ես, ցավոք, մարդը ավելի արագ է հարմարվում վատին։ Մենք՝ մարդասերներս, կարծես վեր ենք ածվում լոկ գաղափարակիրների, իսկ գիշեր ու զոր գործում են մարդատյացները․․․- երկար լռելուց հետո, պատասխանեց Մարկոսը։
-         Իսկ եթե արևը նորի՞ց լուսավորեր այս սրահը,- անսպասելի Մարկոսի համար՝ հարց տվեց Կորին։
-         Այն այնքան էլ հեշտ չէ, բայց այդ դեպքում առաջին հերթին աննկատ կսկսվի անհետանալ քաղաքի եղյամը։ Դրանով գոնե կթուլանա Ադամանդի դիրքերը, բայց այն ժամանակ կպահանջի։
-         Իսկ մենք արագ կգործենք, մի՞թե միայն գաղափարակիրներ ենք, իսկ այն հզոր բանա՞կը, չէ՞ որ միշտ պայքարում ենք նրա դեմ․․․
-         Սիրելի´ Կանաչ աչք, մենք ընդամենը կանխում ենք կործանարար հետևանքը, բայց չարի հաղթանակն օրեցօր ակնհայտ է դառնում և տարածվում․․․
-         Նրա հաղթանակն արյունոտ է, իսկ մարդը փախչում է նրանից,- ոգևորվեց Կորին։
-         Դա քիչ է հուզում նրան։ Ցավոք, նրա հաղթանակը նաև նոր զենքն է, որը ծնվում է զարգացող գիտությունից։ Կարծես գիտությունը դադարել է շրջահայաց լինել և շարունակում է վառ պահել այն վառոդը, որի պայթյունից ինքն է առաջինը հոդս ցնդելու։
Կորին լուռ նայեց սրահին։
-         Մի՞թե ոչ մի հնարավորություն չունենք։
-         ՈՒժեղ կամքի առկայության դեպքում, անհնարին ոչինչ չկա։
-         Ո՞րն է,- ուրախացած ոգևորվեց Կորին։
-         Որքան էլ ինքս ինձ հակասելու տպավորություն թողնեմ, միակ ճշմարտությունը՝  գիտությամբ հաղթել գիտությանը․․․
-         Ինչպե՞ս, իսկ Աբգարը կարո՞ղ է դա անել։
-         Ո´չ, գիտնականն այստեղ ոչ մի կապ չունի։ Մենք պետք է կարողանանք ետ բերել այս սրահի լույսը․․․
Կորին նայեց դատարկ հորիզոնին, որտեղ մշուշի միջից նշմարվում էր սպիտակ եղյամը։
-         Իսկ ինչպե՞ս հասնել այնտեղ, ինչպե՞ս է այն կոչվում,- անհամբերությամբ հետաքրքրվեց Կորին։
-         Արևի երկիր, իսկ այնտեղ տանող միակ ճանապարհն այս հանգչող հորիզոնն է,- մտահոգ պատասխանեց Մարկոսը՝ ցույց տալով սրահի ծայրից երևացող մշուշը․․․
-         Եթե այս սրահն է բարու և մարդասիրության խորհրդանիշը, ետ կվերադարձնեմ նրա լույսը, և այն կդառնա անմար,- ասաց Կորին և ուզեց անհետանալ հորիզոնի մշուշում։
-         Սպասի՛ր Կանաչ աչք,- հրահանգեց Մարկոսը, ետ պահելով նրան,- Դու վստա՞հ ես։
-         Այո՛,- ոգևորված պատասխանեց նա, ապա գլուխը կախեց,- Այսինքն կփորձեմ։
-         Այդ ճամփան երկար է ու դժվար։ Եթե հանձն ես առնում՝ կես ճամփից դու չես կարող ետ դառնալ, իսկ մինչև վերջ գնալու համար, պետք է ուժերդ խնայես՝ երբեմն հանգիստ առնելով, կարևոր է հիշել՝ քո ուժերը բնատուր չեն՝ խնայի՛ր այն։
-         Այո՛ Մարկոս, շնորհակալ եմ,- պատասխանեց Կորին և անհետացավ հորիզոնի մշուշում։

Комментариев нет:

Отправить комментарий