суббота, 4 апреля 2020 г.

«Էլ հավես չկա»

Տարին տարվա հետ գլորվեց գնաց․․․ Բառերս մաշվեցին, սպասումս անցավ, մի բուռ ձյուն դարձավ ու ձնհալ դառավ, անցա՜վ ու մնաց մի փշուր ներկա․․․
Բոլոր բառերը հաստ բառարանի յուրացրել են ու հատորներ գրել․․․ Էլ բառեր չկան իմ երգելու՝ գեթ երկու բառով՝ ապրումների իմ գույները նկարելու․․․
Օրը մթնում է, նորից առավոտ կամ էլ լուսաբաց, ի՞նչ տարբերություն, կարծես գիշերը չէր եկել այցի․․․
Քնում եմ անմիտ՝ տրտունջն է մտքիս։ Մի՞թե իմ բան ու գործը հիմա քնելն է․․․
Օրերը կարճացել են, ձմեռ է հիմա, ավյունը բերող եղանակը կորել է։ Տաք օրերը նենգ քամին տարավ, տեղը բերել է անվերջ սպասում ու մի միտք անմիտ՝ « Էլ հավես չկա»․․․
Էն մութ օրերի վառարանին եմ կարոտում հիմա, երբ կարողանում էր մեզ տաքացնել գրասենյակի արխիվի թղթով, որ իր ժամանակին կարևոր էր ու անչափ կարևոր․․․
Վառարանը արագ բոցկլտում էր ու շատ արագ հանգչում։ չէինք հասցնում ճաշ եփել վրան։ Դե՜ թուղթն էր վառելիքը, վայրկյաններ հետո կրակն անցնում էր առանց տաքացնելու անվերջ մրսացողներիս։ Վառարանի վրա ոլոռն ու բրինձը հում էին մնում, իսկ ոմանք կամ էլ բոլորը նորից անհավես սոված ու կիսամրսած, հաճախ նեղսրտած, մնում էին նստած, ես էլ հետները։ Օրը թաղվում էր խավարում պատող և ինձ մնում էր մտնել անկողին․․․
Լավագույն դեպքում հարևանի տանը լոտոն էր շահում և սկսվում էր երեկոն զարթնել մոմի լույսի տակ, իսկ ավելի հաճախ ձեթի ճրագի․․․
Ոչ ուտելիք կար, ոչ փող, ոչ էլ հաց․․․ Ասում էին պատերազմ է և բոլորս լուռ համբերում էինք․․․
Խաղում էին բոլորը՝ կին թե տղամարդ՝ խաղում էինք երկա՜ր՝ ծխախոտի վրա և հաղթում էին միշտ տղամարդիկ։ Երևի կանայք տանուլ էին տալիս, որ չէին ծխում, սակայն ո՞վ գիտե գաղտնիքը դրա։ Գուցե հոգսն էր՝ ծանր հոգսը, որ միշտ ծամում էր բոլորի միտքը, թե վաղը նորից պիտի անտառ գնանք ցախի հետևից, քանի որ գողացված թղթով բան դուրս չէր գալիս։
Եվ ցախը կապած, ձների միջով, մի կերպ քարշ տալով տեղ էինք հասնում՝ ջարդում, մանրում, արխիվի թղթով կպչան անում։ Այս անգամ կրակը երկար էր վառվում։ Ջերմ բոցկլտում էր, բուրում էր հացը, եփվում ոլոռը․․․
Բոլորս լուռ էինք։ Տրտունջ էլ չկար․․․Տղաները տարել էին կռիվ գնալիս։ Միայն հոգսն էր կիսախինդ ու վառ, որից քարշ էինք տալիս ամենքս մի քիչ․․․
Երբ վերհիշեցի ապրածն իմ, կարոտս անցավ՝ ես սարսռացի, ախր տղաները չվերադարձան․․․

Комментариев нет:

Отправить комментарий