четверг, 30 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 12)

Ադամանդի տիրույթում արդեն թագավորում էր սպիտակ գույնը։ Անտեսանելի պաղ վրձինը շարունակում էր ընդլայնել եղյամյա հետքը։ Հին աշխարհը գարնանային գույնով տարբերվում էր նոր՝ եղյամյա մասից, որոնց միջև կարծես գիծ քաշված լիներ։
Ամենագնացը մտավ հրապարակ, իջավ Ադամանդը, նայեց դամբարանին, երկու մատով համբույր դրոշմեց ճակատին շողացող քարին։ Պատը ծանր ճռռոցով ետ գնաց։
- Աբու-Սայի՜դ,- ձայն տվեց նա։
- Հրամայե՛ք տեր,- ռոբոտ-զինվորը կանգնեց նրա դիմաց։
-  Գտնե՛լ, ինձ մոտ բերել Զմրուխտե աչքին,- ցասումով լի հոխորտաց նա։
- Այո՛ տեր,- անտարբեր արտաբերեց Աբու-Սայիդը, դեմքով շրջվեց բացված պատի կողմը, բարձրացրեց աջը։ Երևաց շարքի սկիզբը։ Ադամանդը հասցրեց մի կողմ քաշվել, որպեսզի չհայտնվեր նրանց դոփյունների տակ։ Մի քանի շարք դուրս գալուց հետո, Ադամանդը բարձրացրեց ձեռքը․
- Բավակա՛ն է։ Համոզված եմ՝ այս շարքերը տեսնելով, նա ակամա կգա դեպի ինձ,- ինքնավստահ որոշեց Ադամանդը։
- Այո՛ տեր,- կրկնեց ռոբոտ-զինվորը։
- Առա՛ջ, գտնել Զմրուխտե աչքին, ինձ մոտ բերել,- Երբ պատը նորից ծանր ճռռոցով փակվեց, ավելի ոգևորված կրկնեց Ադամանդը։
Զինվորների շարքը եթերային քայլերով հատեց քաղաքը երկու մասի բաժանող գիծը։ Վայրկյաններ անց ռոբոտ-զինվորները անհետացան Ադամանդի տեսադաշտից, որին հետևեց պայթյունը սև ծուխով։
- Նրանք տակն ու վրա կանեն քաղաքը պարոն Մարկոս,- հեգնեց նա, քթի տակ ծիծաղելով։ Քայլեց դեպի ինքնագնացը։ Նրա համար դուռը բացեց հսկիչը։ Մինչ նա կնստեր մեքենան, վերադարձավ Աբու-Սայիդը, կանգնեց նրա դիմաց․
- Իմ տե՛ր, զինվորները փնտրում են Զմրուխտե աչքին։ Նրանք ավիրում են քաղաքը՝ դիմադրողներին սպանում։
- Իսկ դու ինչու՞ ես այստեղ,- վրդոհվեց Ադամանդը։
- Ահա՛, սա եմ բերել,- Աբու-Սայիդն Ադամանդին մեկնեց մի տղամարդու գլուխ, որից դեռ կաթում էր արյունը։
- Հեռու՛ տա՛ր,- բղավեց խոժոռած դեմքով։
Բարձրացավ ուժեղ քամի, այն սկսեց սուլել։ Պատվանդանին կանգնեց Կորին, թևերը խաչած կրծքին։ Նրա աչքերից արձակված շանթը մոխրի վերածեց արյունոտ գլուխը։ Աբու-Սայիդը ոռնալով ձեռքը ետ քաշեց։
- Նա ամենուր է, նա իմ քթի տակ է, իսկ ես ողջ քաղաքը իրար եմ խառնել,- մլռտաց Ադամանդը։
- Ետ կանչե՛ք ձեր զինվորներին,- գոչեց Կորին։
- Սկզբի համար ետ վերադարձրու իմ պահեստայիններին, իսկ երկրորդը՝ ծառայիր իմ գաղափարին և միայն երրորդ դեպքում կկատարեմ քո խնդրանքը։
- Ես չեմ խնդրում՝ պահանջում եմ, իսկ երկրորդը՝ ես ոչ ոքի չեմ ծառայում։ Ես անկախ եմ։
- Դու ծառայում ես Մարկոսին, ով ինձանից քեզ գողացավ։
- Մարկոսն ինձ հրամաններ չի տալիս։ Ես ազատ եմ։
Ադամանդը սեղմեց ատամները, աշխատելով հանգիստ երևալ,- Ծառայիր ինձ և դու կդառանաս աշխարհի հարուստներից մեկը։
- Ո՛չ, հարուստը չի կարող ազատ լինել։
- Գուցե կարծում ես ես ազա՞տ չեմ,- զարմացավ Ադամանդը։
-  Չեմ կարծում, դա այդպես է։ Ձեզ իշխում են ձեր գանձերը։ Դուք կախված եք ձեր հարստությունից։ Դուք ազատ լինել, պարզապես անկարող եք,- Ադամանդի հոնքերը զարմանքից վեր բարձրացան։
- Ես կստանամ քեզ, եթե նույնիսկ այն արժենա իմ ողջ կարողությունը։ Քեզ ծնկի կբերեմ իմ մեթեդով,- ատամների արանքից ֆշշացրեց նա և նստեց մեքենան։
Ամենագնացը սլանում էր եղյամյա փողոցով, իսկ Կորին վերևից հետևում էր նրան։



Комментариев нет:

Отправить комментарий