пятница, 10 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս- 2)

Գանգրահեր, թխամաշկ պատանին քայլում էր արևից թրծված ավազներով, փարվելով արևածագի դեղին շողքին և թվումէր այդ շողքից ավազն ավելի էր դեղնում։
Պատանին նկատելով, ճանապարհին դեպի իրեն սլացող փոշեկոլոլ մեքենան, շտապեց կորչել մոտակա կավածեփ աղքատիկ տնակը։ Նայողին թվում էր, այդ տնակի բակից էր սկսվում դեղին անապատը, միանում հրակարմիր հորիզոնին։
Փոշու մեջ կորած, անծանոթ մեքենան կանգ առավ տնակի մոտ, նրանից դուրս եկան երկու սպիտակ հագնված տղամարդ, սափրած գլուխներով։ Վայրկյաններ նայեցին զարմանքից քար կտրած տղային՝ վազեցին նրա կողմը։ Պատանին փորձեց փախչել, բայց առանց ջանքի, նրանք բռնեցին նրան, խցկեցին մեքենայի թափքը, ձեռքերը թափ տալով, նայեցին շուրջը՝ ոչ ոք չերևաց․․․
Վայրկյաններ անց մեքենան սլանում էր արևահար անապատի փոշեկոլոլ ճանապարհով։ Թվում էր, այն օձի պես գալարվելով կուլ էր տալիս մեքենան, միաձուլելով դեղին գույնի հետ․․․
 Պատանու մերկ մարմինը սարսռաց, երբ հայտնվեց սեղանին։ Նա փորձեց նայել շուրջը, բայց բացի առաստաղից ոչինչ տեսնել չկարողացավ, փորձեց նստել՝ երկու կոպիտ ձեռքեր ետ հրեցին նրան։ Քիչ հետո, սեղանը սլանում էր նեղ միջանցքով, իսկ առաստաղից շարքով ամրացված էին սպիտակ, կուրացնող լույսերը։ Շուտով սեղանը կանգ առավ, պատանին գլուխը բարձրացրեց, նայեց շուրջը՝ այնտեղ նույնպես ամեն ինչ սպիտակ էր՝ նույնիսկ մարդիկ։
- Տղան պատրաստ է,- զեկուցեց բարձրահասակ Նաթին՝ սուր հայացքը սևեռելով Ադամանդին, ինչից Ադամանդը ինքնագոհ ժպտաց, ապա մոտեցավ, ուշադիր նայեց պատանու դեմքին․
- Նա սևամորթ է, իսկ աչքերը կանաչ են, ինչպես զմրուխտը՝ բացառիկ դեպք է,- ետ կանգնելով գլուխը օրորեց նա,- Ինչևէ՝ սկսե՛ք․․․
Տղան գլուխը ձգեց վեր, ուշադիր նայեց Ադամանդի ճակատին շողացող սպիտակ քարին, ապա թուլացած ետ ընկավ։ Բոլորը քարացելէին նրա աչքերի գույնից։ Պատանին, որ մինչ այդ փորձում էր հետևել բոլորին, հայացքը մնացել էր գամված ներարկիչը կրող ձեռքին․․․
- Շատ չե՞ք հապաղում, վերջապես սկսե՛ք,- կրկնեց Ադամանդը, մի անհանգիստ հայացք գցելով դռան կողմը,- Պրոֆեսորը ինչու՞ է ուշանում։
Պատանին վախեցած աչքերը փակեց, տեսնելով ներարկիչով մոտեցող ձեռքը։ Ասեղը ծակեց նրա հյուծված մաշկը։ Քնելու փոխարեն, հանկարծ նա առույգացած աչքերը բացեց, նայեց շուրջը։ Պատանու աչքերի փայլից Աբգարը շփոթվեց, բայց հանգիստ ձևանալով, մի հայացք գցեց բոլորին, իսկ բոլորը զարմացած նայեցին իրար։
Պատանին փորձեց վեր կենալ՝ ամրագոտիները թույլ չտվեցին։
- Այս ամենն ի՞նչ է նշանակում, ինչու՞ նա չքնեց,- բղավեց Ադամանդն իրեն կորցրած, մոտեցավ Աբգարին, նայեց նրա աչքերի մեջ,- Կարծում եմ պարտավոր եք բացատրելու։ Կատարվածը ձեզ տարօրինակ չի՞ թվում պարոն գիտնական,- Աբգարը սեղմեց շրթունքները, աշխատելով միամիտ ձևանալ․
- Ես էլ պակաս զարմացած չեմ։
Նրանց խոսքը կիսատ մնաց, երբ պատանին ձեռքերն ուժով իրար միացրեց, կապիչները կտրվեցին՝ ցատկեց, կանգնեց սեղանին։ Նրա սուրճի գույն մաշկը փայլում էր սուրճի պես, և նույն անսովոր փայլով փայլում էին նրա կանաչ աչքերը։ Ներկաները համարացած հետևում էին տարօրինակ պատանուն։
- Վերջապես բռնե՛ք նրան, սատանայի բաժիններ,- բղավեց Ադամանդը։ Մինչ որևէ մեկը կհասցներ տեղից շարժվել, հայտնվեց ինքը՝ սատանան․
- Ի՞նչ է կամենում իմ տերը,- շողոքորթ խոնարհվեց նա
- Ո՞վ ես դու,- հարց տվեց Ադամանդը, ավելի շփոթված։
- Ինքը սատանան՝ քո խոնարհ ծառան, Ձյունահերի հրամանաով։
Ադամանդը պատանուն մոռացած՝ մեկ նայում էր սատանային, մեկ ներկաներին, հետո աշխատելով թաքցնել զարմանքը պատասխանեց,- Ոչինչ․․․
- Հրամանքդ տեր իմ,- խորը գլուխ տալով, սատանան անհետացավ։
Կատարվածից, բոլորը սարսափահար սեղմվել էին պատին, աչքաթող անելով պատանուն, իսկ նա սեղանից ցատկեց, կախվեց ջահից, սկսեց ճոճվել, կարծես կողմնորոշվելու։ Անսպասելի լուսամուտից դուրս նետվեց, աղմուկով փշրելով ապակին։ Բաց փեղկից բոլորը դուրս նայեցին։ Ոչ ոք չէր երևում։
- Ամեն ինչ պատրա՞ստ է,- լսվեց դռան կողմից։ Մեկ մարդու պես նրանք նայեցին այն կողմ՝ Եկողը պրոֆեսոր Բենն էր։ Նրա արևելյան արտաքինին համահունչ էին նեղ աչքերը և ետ սանրված ուղիղ, ցից մազերը։ Տեսնելով այլայլված դեմքերը, Բենը նայեց փշրված փեղկին, ուղղվեց այն կողմ։ Գլուխը հանեց դուրս, հարցրեց, նորից ետ գալով,- Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում այստեղ,- կանգ առավ, նայեց ներկաներին,- Միայն թե չասեք այն, ինչ մտածում եմ,- նորից նայեց փեղկին։
- Գուցե մտածում եք, պատանին դու՞րս է նետվել,- հեգնեց Ադամանդը,- ՄԻ մտածեք, այդպես էլ կա։
- Ինչպե՞ս, նա ցատկել է նման բարձրությունի՞ց,- պրոֆեսորը նորից նայեց դուրս,- Սա կատակ չէ, մենք գտնվում ենք քառասուներկուերրորդ հարկում,- Լռեց, ապա ցուցամատը վեր բարձրացրեց,- Եթե չեմ սխալվում։
- Չեք սխալվում,- շարունակեց հեգնել Ադամանդը։
- Իսկ ինչպե՞ս է պատահել,- հետաքրքրվեց պրոֆեսորը,- Նրան չէի՞ք ամրացրել։
- Իսկապե՞ս դուք տեղյակ չեք կատարվածից,- ոտքերի ծայրերին ետ ու առաջ ճոճվելով, կասկածամտորեն հարց տվեց Ադամանդը։
- Անգամ չեմ կարողանում հասկանալ ձեր տված հարցի իմաստը,- նկատելի վրդոհվեց պրոֆեսորը։
- Այդ դեպքում միայն Աբգարը կարող է սպառիչ պատասխան տալ,- հետևություն արեց Ադամանդը, աչքի պոչով նայելով գիտնականին։ Մյուսները նույնպես հայացքները ուղղեցին նրա կողմը։
- Ինքս էլ եմ զարմացած,- անկեղծանալով, ուսերը վեր քաշեց Աբգարը։
- Նաթի՛, գուցե դու՞ք բացատրեք։
- Ոչինչ ասել չեմ կարող, վերջապես պատից պոկվելով պատասխանեց Նաթին։
- Կապիչները ամրացվա՞ծ էին,- հետաքրքրվեց պրոֆեսորը, մոտեցավ, շոշոափեց պոկված կապիչը։
- Այո՛, բայց Աբգարի կատարած ներարկումից հետո, այդ տղան կարողացավ կտրել այն և դուրս նետվել, որը կարող է հետո մեր գլխին մեծ փորձանք բերել,- այս անագամ նկատելի մտահոգ բացատրեց Ադամանադը։
- Անհնար է, կապիչները արձակվում են միայն թվերի գաղտնազերծումով և այն լավ գիտեր գիտնականը,- պրոֆեսորը մոտեցավ Աբգարին,- Տվե՛ք ինձ այն ներարկիչը, որով ներարկել եք պատանուն։
Աբգարը լուռ մոտեցավ պահարանին, այնտեղից վերցրեց ներարկիչը, մեկնեց պրոֆեսորին։

Комментариев нет:

Отправить комментарий