среда, 29 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-11)

Գիտնականը լաբորոտորիայում էր, երբ Կորին կանգնեց պատշգամբին, նրա դիմաց․
- Աշխատու՞մ եք,- պատանու հայտնվելը հանկարծակիի բերեց Աբգարին, նա տեղից վեր թռավ, հենվեց պատին․
- Նորից դու՞ Զմրուխտե աչք։
- Այո, ե՛ս,- Կորին ցատկեց հատակին, մոտեցավ, նայեց գիտնականի աչքերի մեջ,- Ադամանդի համա՞ր եք աշխատում։
Աբգարը գերադասեց լռել։
- Ձեր լռությունը այո՞ է նշանակում,- Աբգարը շարունակեց լռել,- Իսկ հիմա ասացե՛ք, տղաներին որտե՞ղ եք պահում,- շարունակեց Կորին։ Գիտնականի հայացքը փոխվեց զարմանքի։
- Ինչու՞ այդպես զարմացած՝ այն ճամբարից բերվածներին․․․,- հասկանալով գիտնականի զարմանքը, շարունակեց պատանին։
- Այնտեղ,- մնալով պատին հենված, ձեռքով ցույց տվեց դեպի դուռը։
- Դուք նրանց չեք ներարկի, այնպես չէ՞։
- Ես գիտնական եմ և միայն իմ գործն եմ կատարում, հիմնականում, ներարկում է Նաթին։
- Իսկ երբ շատ եք ցանկանում, այն չի հասնում այդ սպիտակ կնոջը,- բազմանշանակ ժպտաց Կորին,- Սեփական փորձից գիտեմ,- նա նայեց դռան կողմը, հետո պատշգամբին,- Դուք կգա՛ք ինձ հետ։
- Նորից ու՞ր,- Աբգարի նյարդերը տեղի տվեցին և համարյա բղավեց նա։
- Այս անգամ ոչ Մարկոսի մոտ՝ դուք կօգնե՛ք ինձ, փրկելո՛ւ տղաներին։
- Այնտեղ նրանք շատ են, ո՞ր մեկին փրկենք կամ ինչպե՞ս,- խեղճացավ գիտնականը։
- Կանենք անհնարինը, իսկ փրկել կամ պետք է բոլորին կամ ոչոքի։
- Մենք չենք կարող բոլորին փրկել՝ նրանք շա՜տ են, հասկացի՛ր, եթե ասում եմ շատ են, նշանակում է՝ իսկապես շա՜տ են,- գիտնականը խոսում էր զգույշ, կարծես ցանկանալով պատանուն հունից չհանել։
- Կարող ենք,- պնդեց Կորին։ Գիտնականը լուռ նայեց նրան,- Ինչու՞ եք այդպես նայում։ Դուք՝ գիտնականներդ հիմք դրեցիք այս խաղին, որի անունը մարդը պատերազմ է դրել ու խաղում է։
- Ոչ այնքան։ Այս դեպքում դու սխալվում ես։ Գու՞ցե գիտնականն իր գիտությամբ պարզապես փոխում է պատերազմի միջոցները, իսկ պատերազմները միշտ էլ եղել են։ Կարելի է անգամ ենթադրել, որ առաջին մարդն այն իր հետ է աշխարհ բերել։
- Սակայն այն չի արդարացնում ձեր արարքը, իսկ ինձ չի խանգարի մասնակցել այս անվերջ թվացող պատերազմին,- Կորին նորից ետ ցատկեց պատշգամբի գոգին։ Աբգարը զգաստացավ, շտապեց դեպի դուռը,- Գնացի՛նք,- գոչեց պատանին և մինչ Աբգարը կհասներ դռանը, նա գրկեց նրան և պատշգամբով սողաց ներքև։
  Արևը մի պտույտ կատարած, սառած շողքերը հավաքելով, հոգնած իջնում էր հորիզոնին ննջելու։ Կորին գիտնականի հետ հայտնվեց հրապարակում։ Նա մի անգամից փորձեց բացել պատե դուռը։
- Գիտեմ,դու կարող ես այն բացել, բայց այստեղ մի խնդիր կա,- միջամտեց Աբգարը, աշխատելով մնալ ստվերում։
- Նորի՞ց խնդիր,- վրդոհվեց Կորին,- Ո՞րն է։
- Մենք չենք կարող այս դռնով աննկատ ներս մտնել։ Կհայտնվենք ռոբոտ-զինվորների քթների տակ՝ առավել ևս տղաներին դուրս բերել։
- Իսկ ինչպե՞ս անել,- ետ եկավ պատանին։
- Մենք ներս կմտնենք գաղտնի մուտքով,- շշնջաց գիտնականը և պատի ստվերով Կորիի հետ անցան հրապարակի հետնամասը, որտեղ հաստ պատը պատված էր հաստ եղյամե շերտով։ Աբգարը ուշադիր զննեց շուրջը՝ ոչ ոք չկար։ Պատանուն թվաց՝ նա ընդամենը ձեռքով հպվեց պատին, երբ աննկատ սեղմեց գաղտնի կոճակը։ Այն դանդաղ ետ գնաց։ Երևաց խավարը։ Նրանք ներս մտան, Կորին լարեց տեսողությունը։ Խավարը գունատվեց։ Նրանք առաջ գնացին, երևաց երկաթյա դուռը։
- Այն կողպված է, ես սա հաշվի չէի առել,- կողպեքը տնտղելուց հետո, հիասթափված մրմնջաց Աբգարը։
- Ուրիշ հնար չկա՞ այն բացելու,- անհանգստացավ Կորին։
- Կա, բայց․․․,- երկմտեց գիտնականը։
- Բայց ի՞նչ, շտապել է պետք, երկմտելու համար շատ ուշ է։
- Քանի որ այստեղ Մարկոսի քամին չի օգնի, դու պետք է հայացքդ սևեռեց կողպեքին, լարելով տեսողությունդ։
- Հեռու գնացե՛ք,- ոգևորվեց նա, հայացքը ուղղեց կողպեքին՝ զմրուխտե շանթը անցավ երկաթի միջով և դուռը տեղի տվեց,- Հաճելի և օգտակար գաղտնիք էր,- շշնջաց նա, երկաթյա ծանր դուռը ետ տանելով։ Նրանք ներս մտան։ Բացված դռնից երևացող սրահը, կարծես սահման չուներ, շարված մահճակալներով հանդերձ։ Կորին մոտեցավ առաջին մահճակալին․
- Այստեղ ոչ ոք չկա, այն դատարկ է։
- Նրանք այստեղ են։ Երբ այս դուռը բացվում է, որքան էլ տարօրինակ՝ նրանցից յուրաքանչյուրը փորձում է գոնե վերջինը դուրս գալ այստեղից։
- Դուրս եկե՛ք բոլորդ,- գոչեց Կորին,- ՈՒշանալը մահ է կամ մահից ավելի վատ,- մահճակալների տալից դանդաղ երևացին մարդկային գլուխները։ Նրանք շարվեցին միջանցքում, զարմանքով ու հույսով նայելով փայլող աչքերով անծանոթին
- Մեր հետևից համրաքայլ, մեկ մարդու պես քայլե՛ք դեպի ելքը,- հրահանգեց գիտնականը, առաջինը լքելով մութ ու խոնավ սրահը։ Կորին դուրս եկավ վերջին գերյալի հետ։
հետզհետե սպիտակ մեգապոլիսը մնաց փախստականների հետևում։ Լուսաբացին մենավոր տունն իր դռները բացեց նրանց առջև։

Комментариев нет:

Отправить комментарий