вторник, 14 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-4)

Մի խումբ մարդիկ, թողած խղճուկ ինչխը, փախչում էին դեպի օտար ափեր։
Կեսօր էր։ Հեռու ճանապարհին փոշու ամպ գոյացավ։ Խումբը կանգ առավ։ Փոշու ամպը հետզհետե վերածվեց մեքենայի և կանգնեց նրանց մոտ։ Մեքենայից դուրս եկան երկու սպիտակ հագնված տղամարդ։ Մարդիկ հանկարծակիի եկած իրար նայեցին, սկսեցին այս ու այն կողմ փախչել։ Տղամարդը բռնեց մի վտիտ պատանու, մյուսը օգնեց, նրան խցկելու մեքենայի թափքում։ Մինչև մեքենայի ընթացք վերցնելը, կանանցից մեկը ետ վազեց, կառչեց թափքից։ Մեքենան տեղից պոկվեց, հետևից քարշ տալով աղիողորմ ճչացող կնոջը։ Հետզհետե այն անհետացավ իր զոհի հետ, իսկ փոշին դանդաղ նստեց, կարծես անորոշ ժամանակով հանգստանալու․․․
Ադամանդը ներս մտավ, երբ պատանին արդեն ամրացված էր սեղանին․
- Եկել եմ անձամբ հետևելու,- հայտարարեց նա և սովորության համաձայն ձեռքերը խաչեց կրծքին, սկսեց ճոճվել ոտքերի թաթերին։ Ոչ ոք նրա կողմը չնայեց՝ յուրաքանչյուրը տարված էր իր բաժին աշխատանքով։
- Որտե՞ղ է Աբգարը՝ նրան չեմ տեսնում,- հարցրեց նա, միաժամանակ հայացքը չկտրելով պատանուց։
— Դեռ չի եկել,- առանց նրա կողմը նայելու, պատասխանեց Նաթին, ներարկիչը ձեռքին, մոտեցավ պատանուն։
- Պրոֆեսորը նույնպե՞ս,- վրդոհվեց Ադամանդը։
- Նույնպես։ Դուք գիտեք՝ նրանք գալիս են, երբ ամեն ինչ պատրաստ է լինում,- պատասխանեց Նաթին, փորձեց ներարկել պատանուն։
- Սպասի՛ր,- Նաթիի համար անսպասելի էր Ադամանդի հրամանը, բայց նա զարմացած ետ քաշեց ասեղը։
- Այսպես ավելի ճիշտ է,- հասկանալով կնոջ զարմանքը, շարունակեց Ադամանդը,- Այս դեպքում պրոֆեսորի ներկայությունը պարտադիր է,- լռեց, հետո, կարծես միտքը լրացնելու համար ավելացրեց,- Զգուշությունը երբեք ավելորդ չի լինում։ Սպասենք։
Նաթին մնաց ներարկիչը ձեռքին կանգնած։
Եկավ պրոֆեսոր Բենը։ Նրա հետևից ներս մտավ Աբգարը։
- Պրոֆեսո՛ր, չե՞ք կարծում նման կարևոր պահերին ուշանալն աններելի է,- զսպված հանգստությամբ հանդիմանեց Ադամանդը։
- Դա այդպես է, բայց չեմ կարծում ուշացած լինեմ,- հանգիստ պատասխանեց Բենը, նայեց թևի ժամացույցին,- Գուցե դու՞ք եք շտապում։ Ճիշտ ժամին եմ եկել,- աչքը ժամացույցից չկտրելով պատասխանեց նա։
Ադամանդը դեմքը խոժոռեց։ Պրոֆեսորը մոտեցավ պատանուն, զննեց, ապա դիմեց Նաթիին․
- Ինչու՞ ներարկում չի կատարվել, ինչու՞ է տղան արթուն,- Նաթին լուռ նայեց Ադամանդին։
- Ես եմ հրամայել,- ինքնավստահ միջամտեց նա։
- Ինչու՞,- զարմացավ Բենը։
- Որպեսզի չկրկնվեր անցած անգամվա սխալը։
- Կարծում եմ սխալը ոչ թե անձից է,այլ ներարկիչի պարունակությունից, որի տարբերությունն իհարկե այդպես էլ չկարողացա գտնել,- Բենը Նաթիից վերցրեց ներարկիչը։ Աբգարը միացավ նրան։ Տիրեց լռություն։ Երկու սպիտակ զգեստավորներ հսկում էին մուտքը։ Ադամանդը քաշվեց մի կողմ, շարունակելով հետևել աշխատանքին։
- Այսօր նա հնազանդ կլինի, ինչպես ենթակա զինվոր,- մրմնջաց Բենը։ Նաթին հագցրեց նրա ձեռնոցները,- Իսկ մի գեղեցիկ օր նրանք կդառնան անկառավարելի,- միտքն ավարտեց պրոֆեսորը, հայացքի տակից հետևելով Ադամանդին։
- Դա բացառվում է։ Աշխարհը լեցուն է հզոր ռոբոտներով, բայց մնում են ենթակա գերիշխան մարդուն,- ինքնավստահ արտաբերեց Ադամանդը, շտկվելով տեղում։
- Նաթի՛, ինքդ ներարկիր,- դեմքը խոժոռելով, ներարկիչը վերադարձրեց։ Մինչ Նաթին կծակեր պատանուն, վերանորոգված փեղկը նորից խշշոցով ցած թափվեց։ Մեկը դրսից հայտնվեց լաբորոտորիայում։ Բոլորը ցնցվեցին՝ անգամ Ադամանդը ձգվեց տեղում։
- Կորի՜,- պարկած տեղից բացականչեց պատանին։
- Մալե՛,- ի պատասխան պատանուն՝ Կորին ընդամենը շշնջաց և ցատկեց ձեռքերի վրա կանգնեց սեղանին։ Ադամանդն այլայլված բղավեց․
- Բռնե՛ք նրան։ Զմրուխտե աչքն է։ Նա ո՛ղջ է,- Ադամանդը շարունակ բղավում էր։ Երկու հսկիչները հարձակվեցին Կորիի վրա, իսկ նա սենյակով մի պտույտ կատարեց և բոլորը փռվեցին հատակին։ Ապակե պահարանը ցրիվ եկավ։
- Իմ սիճուկնե՛րը։ Աբգար փրկի՛ր,- շարունակում էր բղավել Ադամանդը։
Հսկիչները հոլի պես պտտվում էին, իսկ պրոֆեսորն ու Աբգարը դեռ հատակին էին։ Գիտնականը չէր շտապում տեղից վեր կենալ, նա ընդամենը նստեց, շարունակելով հետևել, թե հիանալ Զմրուխտե աչքով, իսկ նա նորից ցատկեց սեղանին, դուրս նետվեց լուսամուտից,  իր հետ տանելով, սեղանը պատանու հետ միասին․․․
- Ա՜յ քեզ հրա՜շք,- հատակին նստած, ակամա ծոր տվեց Նաթին։
- Սատանայի բաժին դառնա՛ք, անբաննե՛ր,- շարունակում էր բղավել հունից դուրս եկած Ադամանդը։
- Հրամայիր տեր,- հայտնվեց ինքը՝ սատանան։
- Չքվի՛ր անբան։ Երբեք տեղին չես հայտնվում,- ավելի բորբոքվեց Ադամանդը։
- Ինչպես կամենաս տեր,- խոնարհվելով անհետացավ սատանան։ Ադամանդը սթափված նայեց մյուսներին։ Բոլորը սառել մնացել էին։
- Տեսնում եմ սատանայի հետ այնքան էլ վատ չեք,- տեղից կանգնելով, նկատեց Աբգարը,- Էլ ինչի՞ համար են այսքան զինվորները,- Ադամանդը մի թույնոտ հայացք նետեց նրան՝ այն չվրիպեց Բենի ուշադրությունից․
- Այս դեպքում գիտնականը իրավացի է, հարկավոր չէ նրան շանթել հայացքով։ Միայն թե կուզենայի իմանալ՝ ո՞վ է այդ Զմրուխտե աչքը,- ապա երկիմաստ նայեց գիտնականին ժպտաց։
Աբգարը արհեստավարժ զարմանքով թոթովեց ուսերը․․․

Комментариев нет:

Отправить комментарий