пятница, 17 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-5)

Ժամացույցի զարկը տասներկու անգամ հայտարարեց կեսգիշերը։  Որպես ինքնիշխան, հրապարակում առաջինը հայտնվեց Ադամանդը։ Մատերով համբյուր դրոշմեց ճակատին շողացող քարին, շոյեց երկար մորուքը։
- Վերադարձրու՛  զմրուխտե աչքերով պատանուն,- հրամայեց Ձյունահերը, հայտնվելով նրա դիմաց։
- Այո՛ Ձյունահեր,- Ադամանդը անգամ չհասցրեց խոնարհվել, երբ Ձյունահերը անհետացավ։ Նա ձեռքն ակամա տարավ դեպի գլխին,- Տեղում է,- շշնջաց նա, շոշոփելով խորհրդավոր քարը։
Հրապարակի բարձր պատվանդանի պատերից մեկը ծանր ճռռոցով ետ գնաց։ Սկզբում խավարից բացի ոչինչ չերևաց։ Ադամանդը բարձրացրեց ձեռքը, այնտեղից դուրս եկավ սափրած գլխով, միայն մի մազափունջ գագաթին, բարձրահասակ Աբու-Դաիդը՝ կանգնեց Ադամանդի դիմաց․
- Աբու-Սաիդը ենթարկվում է խաղի կանոններին,- զեկուցեց նա և նրա ձայնը նման էր դատարկության միջից լսվող արձագանքի։
- Բանակը շարե՛լ հրապարակում, այստեղ բերե՛լ մարդասեր Մարկոսին։
- Աբու-Սաիդը ենթարկվում է խաղի կանոններին,- կրկնեց նա, ետ եկավ կանգնեց բացված պատի դիմաց,- Շարվե՛լ հրապարակում, այստեղ բերե՛լ մարդասեր Մարկոսին։
Երևաց շարքի սկիզբը՝ բանակի զինվորները կրում էին նույն մազափունջը, ինչպես Աբու-Սաիդը, համազգեստը սև էր։ հակառակ ընդունված կարգի՝ մերկ ոտքերին կրում էին սանդալներ, իսկ նրանցից ոմանք թևերին ունեին կապած մեծ ժամացույցներ, որոնք ավելի շատ կողմնացույց էին հիշեցնում։
Ադամանդը հիացած հետևում էր ավելացող շարքին, երբ ամենագնացը կանգ առավ  հրապարակում։ Դուրս եկան սպիտակ համազգեստով հսկիչները, նրանց հետևեց Մարկոսը։ Ադամանդը հաղթողի ինքնավստահությամբ ընդառաջ գնաց․
- Իմ տղաները չե՞ն նեղացրել ձեզ։
- Ո՛չ, քանի որ միտք չունեի դիմադրել նրանց,- պատասխանի հետ, Մարկոսը թեթևակի ետ տարավ վեղարը, կապույտ աչքերը սևեռեց Ադամանդին,- Ինչու՞ եք ինձ այստեղ բերել՝ գուցե զարմացնելու՞,- հայացքով ցույց տալով դամբարանից դուրս եկող շարքը։
- Ոչ այնքան զարմացնելու, որքան պահանջելու,- Ադամանդը ձեռքերը խաչեց, սկսեց ոտքերի թաթերին ճոճվել,- Որքան ինձ հայտնի է՝ ինձանից փախչողները դեպի ձեզ են գալիս։
- Իսկ ի՞նչ կա զարմանալու։ Կարծում եմ յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ։ Մի՞թե այս ստվարացող բանակը ձեզ համար քիչ է։
- Դա չէի ուզում  ասել։
- Իսկ ի՞նչ էիք ուզում ասել։ Պարզեք ձեր միտքը։
- Վերջին պատանուն պետք է վերադարձնեք։
- Շատերն են վերջինը։ Որի՞ն նկատի ունեք։
- Նրան, որին անհնար է շփոթել՝ այն վերջինը, որի աչքերը հակառակ իր ծագման, կանաչ են, ինչպես զմրուխտը։
- Ո՞ր օրենքով եք պահանջում,- նկատելի վրդոհվեց Մարկոսը։
- Ոչ մի օրենքով՝ իմ ցանկությամբ և այն վեր է ցանկացած օրենքից։
- Պարզ է։ Եվ որքա՞ն երկար եք պատրաստվում խախտել այդ օրենքը։
- Օ՜, միամիտ մարդասեր, մի՞թե ակնհայտ չէ՝ օրենքները գրվում են խախատելու համար և թեկուզ մարդասեր եք խաղում, ինքներդ էլ պակաս օրինախախտ չեք։
- Ե՞ս, օրինախա՞խտ,- քմծիծաղեց Մարկոսը։
- Այո, դուք թաքցնում եք ինձ պատկանող պատանուն,որին ես եմ բերել անապատից։
- Գուցե բերել եք, բայց երիտասարդի կամքը, որ չի ցանկանում ծառայել ձեզ, չեմ կարող որակել, որպես օրինախախտություն, իսկ իմ դեպքում՝ բարի գործի համար օրինախախտ լինելն այնքան էլ դատապարտելի չէ։ Անգամ ուրախ եմ, եթե դուք եք ինձ դատողը,- Մարկոսի հեգնանքը չվրիպեց Ադամանքի ուշադրությունից։
- Պատանուն ինձ կհանձնեք և մեր ճամփաները կբաժանվեն,- հոխորտաց Ադամանդը։
- Սովորություն չունեմ, մարդկանց բռնի կերպով պահելու, առավել ևս թաքցնելու, պարզապես մտածում եմ այս ամենի հետևանքի մասին,- Մարկոսը գլխի թեթևակի շարժով ցույց տվեց շարքերը,- Որն անգամ չգիտեմ, ինչպե՞ս եք անվանում։
- Ի՞նչ կա այստեղ չհասկանալու՝ այն հստակ ծրագիր է՝ փրկության ծրագիր։
- Եվ ձեր մահվան շունչ սփռող ծրագրով ու՞մ եք ուզում ու՞մից փրկել։
- Երջանիկ եմ, եթե չասեցիք՝ մահվան գաղափարն ինձ է պատկանում,- հեգնեց Ադամանդը։
- Չեմ հասկանում՝ ո՞ր է այստեղ փրկությունը՝ ծրագրի ո՞ր կետում է այն։ Որքան էլ հեգնեք և ուժեղի կերպար խաղաք, պետք է այս ամենը կանխել։
- Դուք կոչումով եք մարդասեր, իսկ ես գործում եմ հանուն մարդկության՝ այսպիսին է իմ ծրագիրը,- ինքնահավան ժպտալով, Ադամանդը ցույց տվեց անշարժացած շարքերը։
- Մտածելու տեղիք է տալիս,- Մարկոսը մտահոգ, վեղարն իջեցրեց աչքերին,- Գուցե գործու՞մ եք ընդդեմ մարդկության,- տխուր ժպտաց նա,- Այլապես ձեր գործն ու խոսքը հակասում են իրար։
- Որքան էլ տարօրինակ հնչի իմ միտքը՝ այն մարդու դեմ է, հանուն մարդկության։
- Այո՜, իսկապապես տարօրինակ է հնչում,- ծոր տվեց Մարկոսը։
- Տարօրինակ մարդիկ են աշխարհը փոխում,- ինքնավստահ շարունակեց Ադամանդը, հայացքը սահեցնելով ստվար շարքերով, որի ելքը դեռ շարունակվում էր։
- Եվ ձեր աշխարհ փոխելը կապում եք այս ռոբոտ-զինվորների հե՞տ, որոնք համոզված եմ՝ գիշերը ցերեկից չեն տարբերում, իհարկե նույնպես ձեր տարօրինակության և աշխարհ փոխելու ողորմածությամբ։ Կարծում եմ, այս ամենում իմաստ փնտրելը կդիտվի, որպես ժամանակի կորուստ։
- Պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ անձամբ ոչինչ չեք կորցրել։ Պարզապես պետք է գիտակցել՝ այս ռոբոտ-զինվորներն, ինչպես դուք անվանեցիք, մարդու հնարած քաղաքակրթության արդյունքն են, իսկ այդ ամենից օգտվելը կրկնակի հանցագործություն է։
- Հարգելի Ադամանդ, քաղաքակրթություն, որպես այդպիսին գոյություն չունի, պարզապես ժամանակի մարդը սեփական սխալները արդարացնելու կամ կոծկելու նպատակով հնարել է քաղաքակրթություն արտահայտությունը։ Իրականում ամեն ինչ արվում է բնության կողմից։ Եթե ձեր այդ քաղաքակրթությունը մինձնյա կրող ունենար, ապա, այդ մեկը անպայման դուք կլինեիք, հանուն փառքի, վնասելով անգամ ինքներդ ձեզ։
- Գուցե առաջինը, բայց վնասել ինքս ինձ, հակասում է իմ սկզբունքներին։
- Ձեր լիակատար հաղթանակից հետո, ովքե՞ր են լինելու նրանք,- Մարկոսը ցույց տվեց շարքերը, որի վերջին զինվորը լքեց դամբարամը,- Ինչպե՞ս եք հասկացնելու նրանց ձեր հաղթանակի լուրը։
- Համոզված եմ, այն ժամանակ նրանցից շատերը չեն լինի, իսկ ընտրյալները հավատարմորեն կպահպանեն իմ իշխանությունը, որոնց թվում է նաև Զմրուխտե աչքը։
- Ինչպիսի՜ գթասրտություն,- Մարկոսը չթաքցրեց հեգնանքը,- Դուք ձեր հաղթարշավով, ավել շուտ փորձում եք սարսափի մեջ առնել ողջ մեգապոլիսը, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող։
- Հարգելի մարդասեր, մարդն՝ ինքն է իրեն առել սարսափի մեջ։ Կարևոր է գիտակցել՝ ձեր մարդասիրությունն է մարդուն բազմացրել, հասցնելով մի քանի միլիարդների, բաշխել ժամ առ ժամ բզկտվող այս մոլորակին։ Լավ նայեք ձեր շուրջը՝ ամենուր այդ միլիարդների թողած հետք է։
- Եվ ո՞րն է այդ հետքը, գուցե նորի՞ց քաղաքակրթությունը։
- Աղբը, սովորական աղբը,- հանգիստ պատասխանեց Ադամանդը, ապա շեշտեց, ցուցամատը վեր պահած,- Չանցնող ու չնեխող աղբը,- վանկարկելով վերջին բառերը, Ադամանդը դժգոհ նայեց Մարկոսին,- ՈՒռկանը գցիր ծով կամ օվկիանոս՝ նույն աղբն է, որում խեղդվում է կենդանական աշխարհը, իսկ ես ինձ տրված հնարավորությամբ կաշխատեմ դաս տալ մարդկությանը, հանուն բնության։
- Այո, մեռնում է կենդանական աշխարհը և նրանց անհետացող տեսակներն ավելանում են կարմիր գրքում։
- Որը նույնպես հնարել է նույն կենդանուն վերացնող մարդը,- չարախնդաց Ադամանդը։
- Առայժմ մարդատյացն էլ, մարդասերն էլ անզոր են նման խնդրին որևէ լուծում առաջարկել, քանի որ այն արվում է գաղտնի, խախտելով գրված ու չգրված օրենքները, առաջինը՝ բնության,- նկատելի տխրեց Մարկոսը,- Հնարավոր է չարիքի դեմն առնել, չվնասելով մարդուն։
- Մարդուն չվնասել չի կարելի,- շեշտեց Ադամանդը։
- Ինչպե՞ս հասկանալ,- զարմացավ Մարկոսը,- Ձեր ծրագիրն ավելի մարդատյաց է, քան հանուն մարդու։ Չե՞ք կարծում։
- Ելքը մեկն է։
- Ո՞րն է։
- Նույն մարդու միջոցով նոսրացնել մարդկության բազմամիլիոնանոց նյութապաշտությամբ հիվանդ բանակը։
- Դա ե՞լք է թե կործանում։
- Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ այն անքան էլ նկատելի չի լինի,- քամհարանքով պատասխանեց Ադամանդը, ապա ավելացրեց,- Սարսափելի՝ գուցե․․․
- Կարծու՞մ եք։
- Համոզված եմ։ Աղքատ խավը, ինչու՞ չէ նաև փոքր ազգերը մեծ տերություններին պետք չեն։ Նրանք ամենուր հայտնվում են ոտքի տակ։ Խոհեմ կլիներ, սկսել հենց նրանցից։
- Չե՞ք կարծում, վաղուց եք սկսել,- Մարկոսը նորից ցույց տվեց շարքերը,- Դուք փորձում եք կրկնել նախկինների սխալը, որի իրավունքը չունեք, եթե այն ընդհանուր խնդիր է, նաև չեմ կարծում տառապում եք բնապաշտությամբ։
- Ի՞նչը նկատի ունեք և ինչու՞ այդպես կոպիտ պարո՛ն մարդասեր։
- Ինչու՞ եք կրկնում նախկինների սխալը, ինչու՞ հակառակը չեք անում։ Չէ՞ որ բնությունը մեծ վնաս է կրում այսպես կոչված հենց այդ խոշոր տերերից։ Վերջապես, աղքատն ի՞նչ վնաս կարող է հասցնել բնությանը։ Նա ընդամենը խղճուկ սպառող է։
- Այո, խղճուկ ու փնթի, բայց ժամանակը, ինքը կհոգա այդ այսպես կոչված թե հզոր, թե հարուստ տերերի մասին։ Դա այլ խնդիր է,- ձեռքը թափահարեց Ադամանդը։
- Նաև հարց է՝ մինչ ժամանակը կհիշի այդ քմահաճ հզորներին, որքա՞ն չարիք նրանք կհասցնեն գործել ի վնաս թե բնությանը թե մարդկությանը։
- Համամիտ եմ՝ նաև չեմ թաքցնում՝ այդ հարուստ ուտիչները նաև իմ սրտով են։
- Ինչպե՞ս հասկանալ։ Դուք հակասում եք ինքներդ ձեզ։
- Այստեղ հակասություն լինել չի կարող, պարզապես նրանք իրենց ախորժակով տարված են ինքնաոչնչացմամբ։ Իմ առաքելությունն այլ է։
- Ո՞րն է,- հետաքրքրվեց Մարկոսը, վեղարը թեթևակի ետ տանելով։
- Մարդն է։ Մի՞թե հարուստն էլ նույնը չի անում,- ինքնավստահ ժպտաց Ադամանդը։
- Եվ դուք հավատացած եք ձեր առաքելության հաղթական ավարտին։ Կարծում եք այն դրակա՞ն ավարտ կունենա, թեկուզ ձեր փառասիրությանը հագուրդ տալու։
- Չեմ կարողանում կռահել հարցի իմաստը։
- Այն, երբ բռնությամբ լվանում եք մարդու ուղեղը, դառձնելով մարդատյաց ռոբոտ։
- Թանկագին մարդասե՛ր, անհանգստանալու հարկ չկա։Այսպես թե այնպես, մարդն իր մեղքով վաստակել է մահը, իսկ իմ ծրագիրը, պարզապես մի փոքր արագացնում է այդ ընթացքը։
- Եթե վաստակել է, ապա ինչի՞ համար է այս այլակերպությունը։
- Տեսնում եմ ձեր մարդասիրությունը սահման չունի։
- Իմ կոչումն է լինել մարդասեր։։
- Տեսնենք թե որքանո՞վ կարդարացնեք ձեր մարդասիրությունը,- Ադամանդը նայեց հորիզոնին,- Իսկ մեր խոսքը շատ երկարեց։ Լավ գիտեք՝ երկար խոսքը գործի թշնամին է։
Մարկոսը նույնպես նայեց հորիզոնին,- Լուսանում է,- շշնջաց նա։
- Իմ ռոբոտ- զինվորները կգործեն ամենուր,- հայտարարեց Ադամանդը։
- Հետևանքը սարսափելի կլինի,- փորձեց սաստել Մարկոսը։
- Դա արդեն կարևոր չէ։ Քանի որ այս քաոսում հաղթող և պարտվող չի լինի՝ կհայտնվեն բազում դատողներ և դատապարտողներ։
- Իսկ ու՞ր մնաց ձեր հաղթանակը, նորից հակասում եք ինքներդ ձեզ։
- Իմ հաղթանակը այլ բնույթ ունի։
- Ինչպե՞ս հասկանալ,- զարմացավ Մարկոսը։
- Պարզապես ընթացող իրադարձությունները շահութաբեր կլինեն ինձ համար։
- Իսկ եթե այն վաղ թե ուշ դառնա անկառավարելի և դուք հայտնվեք ձեր փորած փոսի մե՞ջ
- Այդ խնդրի շուրջ ևս մտածողներ կծնվեն, իսկ իմ փորած փոսի մեջ միշտ էլ ուրիշն է հայտնվում, այնպես որ․․․
- Չեմ կարծում դա լավ միտք է։ Այս զանգվածը զուրկ է զգայարաններից, որին դուք բանակ եք անվանում։ Շատ չարիք կգա նրանից։
- Զգալը զինվորին պետք չէ, այն նրան դարձնում է խոցելի և միայն կխանգարի ամենավճռական պահին։
Մարկոսը խորը հոգոց հանեց, լուռ քայլեց դեպի մեքենան։
- Մտածե՛ք, մարդասեր, մտածե՛ք․․․ Մի՞թե հենց ձեր մարդասիրությունը չի գործում ընդեմ մարդու։
Մարկոսը կանգ առավ, նայեց զինվորների շարքերին։ Ադամանդը մոտեցավ երկու հսկիչներին, որոնք այդ ընթացքում կանգնած էին ամենագնացի դռների մոտ։
- Տարե՛ք նրան ետ։ Նա համաձայնեց,- հրամայեց Ադամանդը, սպսելով պատասխանի, իսկ Մարկոսը միայն նայեց նրան և նստեց մեքենան․․․

Комментариев нет:

Отправить комментарий