суббота, 25 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-9)

Երբ Կորին դամբարանից դուրս եկավ, քաղաքը դեռ վառվում էր լույսերի մեջ, բայց լուսաբացը հեռու չէր։ Պատանին սկսեց վազել, կարծես կարևոր բան հիշելով։ Բարձրացավ ուժգին քամի, այն սուլելով, պատանուն հասցրեց ծանոթ երկնաքերի մոտ։ Նա վեր սլացավ, ինչպես կապիկը կմագլցեր ծառը և կանգնեց պատշգամբին, թակեց լուսամուտը։ Վիվին տեսնելով պատանուն, շտապեց բացել այն։
- Այս անգամ ապակին չփշրեցի,- Ժպտաց Կորին, ներս սահելով։
- Դու որտե՞ղ էիր,- հարցրեց աղջիկը, հայացքը չկտրելով նրանից։
Կորին բռնեց աղջկա ձեռքը դրեց իր կրծքին,- Սա ի՞նչ է։
- Քո սիրտն է, այն արագ է բաբախում։
- Նա ինձ ստիպեց քեզ մոտ վերադառնալ,- պատանին նայեց աղջկա աչքերին, հետո հայցքը իջեցրեց,- Չեմ կարող երկար նայել քո աչքերին։
- Քեզանից ջերմություն է փչում,- շշնջաց Վիվին, գլուխը դրեց նրա կրծքին։
- Իսկ քո մազերը իմ երկրի գույնն ունեն, այնտեղ, քո մազերի գույնով շատ ավազ կա,- երանությամբ շշնջաց Կորին, շոյելով աղջկա երկար վարսերը։ Վիվին ձգվեց թաթերի վրա, համբուրեց պատանու շուրթերը, իսկ նա աչքերը փակեց, կարծես սլանալով սիրո առագաստով, բայց ոչ ալիքների վրայով, այլ ամպերի միջով․․․
Գարնանային արևը դեռ իր շողերը ցրիվ տված, թիկնել էր երկնակամարում, երբ Կորին ցած սողաց երկնաքերի պատշգամբից։ Նա տարված անծանոթ, բայց հաճելի զգացողությամբ հայտնվեց անտառում։ Կորին զգաստացավ, երբ նկատեց ծառի ստվերում մեջքանց նստած Աբգարին։ Լուռ մոտեցավ, նստեց նրա մոտ։
- Կարծես ինքներդ ձեզանից փախել եք և աշխատում եք թաքնվել բնության այս անհայտ անկյունում,- խոսեց Կորին։
- Ինչպե՞ս գտար ինձ,- զարմացավ գիտնականը, տեսնելով պատանուն։
- Եթե փնտրեի, չէի գտնի, բայց հանդիպեցինք պատահական։ Հաճա՞խ եք այստեղ գալիս։
- Ոչ։ Երբեմն։ Ժամանակի խնդիր է, երբ կարողանում եմ։ Բնությունն օգնում է կարգավորելու մտքերս․․․
- Եվ նույն մտքերը, որ տալիս է ձեզ բնությունը, օգտագործում եք ընդդեմ մարդկության։
Աբգարը զարմանքով նայեց պատանուն։
- Ինչու՞ եք այդպես նայում։ Զարմացա՞ծ եք, թե անկիրթ աֆրիկացին ինչպե՞ս կարող է նման մտքեր արտահայտել։
Աբգարը ժպտաց,- Համամիտ չեմ, քանի որ մենք՝ գիտնականներս գիտությունը զարգացնում ենք հանուն մարդկության։
- Ինչպի՞սի մարդասիրություն։ Մի՞թե բոլոր սպանող զենքերը գյուղացին է ստեղծել կամ այն սիճուկը, որն Ադամանդի հրամանով պետք է Աֆրիկա ուղարկեք․․․Թեկուզ սա,- Կորին գրպանից հանեց փոքրիկ սրվակը։
- Որտեղի՞ց այն քեզ, ետ տու՛ր,- սառը քրտինքը պատեց Աբգարի ճակատը։
- Ինչու՞ սրա մասին ոչինչ չեք ասում։
Վերադարձրու՛, այն ես երկար եմ փնտրել, ինչպե՞ս է հայտնվել քեզ մոտ։
- Այն ինձ մոտ է Մալեին փրկելու օրվանից։
- Ադամանդը գաղափար անգամ չունի այդ սրվակի մասին։ Այն բացառապես ինձ է պատկանում։ Վերադարձրու՛,- կրկնեց գիտնականը, աչքը չկտրելով սրվակից։
- Կարծում եմ այն վերացնելով մեծ վնաս կպատճառեմ ձեզ,- ժպտաց Կորին, որից աչքերը փայլեցին, փորձելով փշրել սրվակը։
- Ո՛չ, Մարկոսը թույլ չի տա այդպես վարվել և դու սրվակը կվերադարձնես նրա պահանջով, եթե ոչ իմ խնդրանքով,- պատանին մեկ նայեց սրվակին, մեկ Աբգարին՝ առանց խոսք ասելու վերադարձրեց։
- Հիմնականում, ես այնտեղ հրաման կատարող եմ,- կարծես փորձեց արդարանալ գիտնականը,- շատ դեպքերում մեղադրվում է կատարողը և ոչ հրամայողը։ Չեմ կարող հստակ ասել, ի՞նչ է հետապնդում այդ ամենը, բայց մարդն իր փնտրտուքով մարտահրավեր է նետել իր իսկ դեմ,- նա հաճախ այնպես էր նայում սրվակին, կարծես մեծ գանձ գտած լիներ։
- Ես կպայքարեմ Ադամանդի դեմ, թեկուզ միայնակ,- հայտարարեց Կորին։
- Ցանկացած պատերազմ կամ ահաբեկչություն, որտեղ կարող են լինել մարդկային զոհեր՝ Ադամանդի սրտով է։ Ինքնագլուխ քո պայքարելը, կնպաստի նրա նպատակի արագ իրագործմանը։
- Կարծու՞մ եք։
- Համոզված եմ։
- Աբու-Սայիդն ինձ հրամանատար անվանեց, ուրեմն ես նաև մեծ բանակ ունեմ։ Ադամանդի ռոբոտ-զինվորները ինձ նույնպես կենթարկվեն։
- Գուցե Աբու-Սայիդն անվանե՞ց, բայց եթե նա առաջինը հրամայելով բանակը դուրս հանի քաղաք, ի՞նչ կմնա այդ քաղաքից․․․ Առայժմ համբերի՛ր, կգա նաև քո գործելու ժամը։
- Ինչպե՞ս, բացատրեք։ Երևի տեսնում եք՝ քաղաքը կորցրել է գարնան գույնը և օրեցօր այն ավելի է հեռանում, տեղ տալով սպիտակին։
- Համբերի՛ր, հասկանալի կլինի ընթացքում,- գիտնականի բազմանշանակ պատասխանը Կորիին դուր չեկավ։
- Գուցե այդպես էլ չկարողանամ հասկանալ՝ կպայքարեմ անգամ, չհասկանալով։ Թույլ չեմ տա սպանել աղքատին և խեղճին, ինչպես որոշել է այդ մարդատյացը։
- Անհնար է,- գլուխը տարուբերեց Աբգարը։
- Ինչո՞ւ,- վրդոհվեց Կորին։
- Պարզապես անհնար է իմանալ, ե՞րբ և որտե՞ղ է պատվաստվում հերթական սիճուկը կամ ե՞րբ և որտեղի՞ց կառևանգեն հերթական զոհին։
Կորին գիտնականի ձայնի մեջ անզորություն տեսավ և բացականչեց,- Միևնույն է, պետք է պայքարել,-  անհետացավ Ծառերի մեջ, իսկ գիտնականը նրա հետևից օրորեց գլուխը, խորը հոգոց հանելով։ 

Комментариев нет:

Отправить комментарий