воскресенье, 19 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-6)

Անտառի պռկին՝ ավազուտներում, ուր հավերժ թագավորում էր կիզիչ արևը, իրար դրկից գոյատևում էին մի քանի փոքրիկ գյուղեր։ Այնտեղի բնիկները օրերով թափառում էին օրվա ապրուստը հոգալու համար։ Արևածագից առաջ, երբ նոր էր սկսել կապտել երկինքը, անապատին հարող գյուղից դուրս եկավ միջին տարիքի, կիսաճերմակած մի տղամարդ։ Նա կանգ առավ գյուղի փեշին, ձեռքերը վեր պարզեց, սկսեց աղոթել։ Հորիզոնի շիկնելու հետ կամաց, կամաց նրա շուրջը հավաքվեցին գյուղերի բնակիչները։ Կանայք գալիս էին ծծկեր երեխաները շալակներն առած, իսկ նրանց փեշերից քարշ էին գալիս կիսամերկ՝ ավելի մեծ երեխաները։ Տղամարդկանցից շատերն ունեին բռնած մեծ ու անտաշ ձեռնափայտեր։
 Երբ բոլորը հավաքվեցին, աղոթող տղամարդը, որի կիսաճերմակները արևից ժանգի գույն էին, բարձրացավ մոտակա խրճիթի կտուրը։ Բոլորը սպասողական լռեցին։
- Մեր նախնիները մեզ բարեբեր հողեր էին թողել,- սկսեց նա,- ՈՒր գետի պես հոսում էր ոսկին և ադամանդը, սակայն տարիների հետ մեր թուլակամությամբ տանուլ տվեցինք մեր պապենական գանձերը։ Այսօր մեզ բաժին է հասել այս ավազե երկիրը, որտեղ կարող են գոյատևել միայն օձերն ու կարիճները և որտեղ մարդը՝ այսինքն մենք, դատապարտված ենք սովամահության։
Երկար դարեր սպիտակները կեղեքել են մեզ, քշել ստրկության, բռնագրավելով մեր գանձերը։ Այդ գունատներն իրենց նախնիներով, ներկա և ապագա սերունդներով պարտք են մեզ, բայց նրանց ճոխ սեղաններից մեզ բաժին է հասնում միայն փշրանքները, նաև տարօրինակ հիվանդությունները, որոնք կանխվում են, երբ վտանգ է սպառնում ողջ մարդկությանը,- հավաքվածները սկսեցին աղմկել։ Հռետորը բարձրացրեց ձեռքը, տիրեց լռություն,- Տիրող աղքատության ճիրաններից ելքը մեկն է,- շարունակեց նա։
- Ո՞րն է,- նորից սկսեցին այս ու այն կողմից աղմկել։
- Արտագաղթել ավազե երկրից, դեպի նրանց բարեկեցիկ երկիր։
- Անհնար է,- ձեռքը թափ տվեց առջևում կանգնած մի տղամարդ,- Ավերի հեշտ կլիներ նրանցից պահանջել մեր նախկին հայրենիքը։
- Ոչ ոք մեզ չի լսի։ Նրանք մեզ աննկատ կոչնչացնեն, ինչպես արվում է շատ ազգերի հետ։
- Իսկ մի՞ թե ձեր առաջարկած տարբերակը մեզ չի տանում մահվանն ընդառաջ,- խոսեց մի այլ տղամարդ, որի ոսկորները, ինչպես շատերինը ընդգծվում էին մաշկի տակից։
- Գիտեմ՝ դժվար է լինելու,- համաձայնեց առաջնորդը։
- Ծովը թույլ չի տա, մենք այնտեղ չենք հասնի,- լսվեց վերջից, որին հետևեց աղմուկը։ Կտուրին կանգնածը ձեռքը նորից բարձրացրեց, այս անգամ դժվարությամբ նրան հաջողվեց լռեցնել դժգոհողներին։
- Մեր միակ ելքը ծովն է, որքան էլ դժվար լինի,- տարաձայնություններից խուսափելու համար, նա շտապեց ցած իջնել։
Դժգոհության շշուկները խառնվեցին ուրախության պոռթկումին։ Ժամեն անց մեծամասնությունը շարժվեց դեպի ծով։ Շատ քչերը վերադարձան իրենց տները։
Առջևից քայլում էր առաջնորդը՝ գլուխը բարձր բռնած, մեծ ու անտաշ ձեռնափայտը ձեռքին։ Նրան հետևում էր գեղեցկադեմ մի պատանի։ Ճամփորդների համար օրերը գլորվում էին քառակուսի անիվի պես։ Ծարավ ու փոշեկոլոլ մարդկանց մեծ խումբը, երկարատև ու տանջալից օրերից հետո վերջապես հատեց անապատը, ոտք դնելով ափամերձ ավազին։ Նրանց՝ տոթակեզ արևին սովոր մարմինները ծովից փչող զովությունից փշաքաղվեցին։ Մեծերից շատերն անվերջ տրտնջում էին, իսկ փոքրերը լաց լինում։ Ավելի փոքրիկները կախ էին ընկած մորերի դատարկ ստինքներից։
- Ռադի՜,- հոգնատանջ շարքի վերջից ձայն տվեց մի կին։ Առաջատարը ետ նայեց՝ կինը հազիվ էր ոտքերը քարշ տալիս։
- Վերի՛, օգնի՛ր մորդ,- առանց կարեկցանքի նա դիմեց իր հետ քայլող պատանուն։ Վերին ետ վազեց, բռնեց մոր թևից՝ մայրը չոքեց։
- Որդի՛ս, այլևս ուժ չունեմ, թող ինձ այստեղ,- հազիվ շշնջաց Կինը։
- Ո՛չ մայրիկ, դու կարող ես, վե՛ր կաց,- պատանին փորձեց ոտքի հանել մորը։
- Վերի՛, զավակս, երբ հասնես այնտեղ, գտի՛ր եղբորդ,- թախանձագին խնդրեց մայրը։
 Հին ու քրքրված հագուստի տակից երևում էր կնոջ ոսկրացած ու հյուծված մարմինը։ Վերին հուսահատ նստեց մոր մոտ, գլուխը դրեց ծնկներին, նայեց հեռացող խմբի հետևից։ Ծովից եկող զով քամին ուշքի բերեց մորը, նա բարձրացրեց գլուխը, նայեց հեռուն․
- Որդի՛ս գնա՛, այսպես դու կկորչես,- արտաբերեց կինը, Վերին տեղից վեր թռավ, օգնեց մորը ոտքի կանգնել, միասին քայլեցին։
Մարդկանցով լի, երկու փոքր նավեր լողում էին գիշերային ալոկոծ ծովում։ Թվում էր, ամեն անգամ նրանք հրաշքով են մնում ջրի երեսին, յուրաքանչյուր հանգչող ալիքից հետո, որոնք երբեմն փլվում էին ուղիղ նավերի վրա, իսկ հաճախ հսկա ալիքները հեռվից գալիս էին և հանկարծ կորչում։ Կարծես ծովը իր քմահաճությամբ խաղ էր անում այդ տարաբախտների հետ՝ ամեն անգամ նրանց թրջելով մինչև ոսկորները։ Յուրաքանչյուր երևացող ալիքի հետ Վերիի սիրտը կուչ էր գալիս։ Նա չէր հեռանում հիվանդ մոր մոտից, միաժամանակ անհանգիստ էր հոր համար։ Մոր ձեռքը բռնած, նստած տեղից, վիզը երկարացնում էր և երկար րոպեներ խավարում փնտրում էր առջևից ընթացող նավին։
Սկսեց երկինքը կապտել։ Պատանին վեր նայեց, աստղերը ծիկրակելով մեկ անհետանում էին, մեկ հայտնվում։ Խավարը գունատվում էր։ Վերին հուսադրվեց, նայեց առջևից ընթացող նավին։ Անսպասելի այն թեքվեց կողքի։ Պատանին սարսափած ոտքի կանգնեց։ Երևաց հեռվից եկող փրփրադեզ ալիքը։ պատանուն թվաց այն երախը բաց շտապում է կուլ տալու տարագիրներին իրենց նավերով։ Ալիքը շառաչով անցավ երկու նավերի վրայով։
  Պատանին ուշքի եկավ այրող ճառագայթներից։ պարկած տեղից նայեց երկնքին։ Երերալով ոտքի կանգնեց։ Օրն արևոտ էր, իսկ ծովը խաղաղ, կարծես արևը մանր արծաթ շաղ տված լիներ ջրի երեսին։ Մի պահ նրան թվաց կատարվածը մղձավանջային երազ էր։ Նայեց շուրջը, բոլորը պարկած էին հատակին։ Կարծես արթնանալով խորը քնից մյուսներն էլ սկսեցին դանդաղ ուշքի գալ։ Վերին հիշեց մորը, շտապեց այնտեղ։ Մոր տեղը դատարկ էր։ Փլվեց հատակին, սկսեց դառնորեն լաց լինել, բայց նորից վեր թռավ տեղից, վազեց դեպի նավի քթամասը, նայեց հեռուն։ Առջևից լողացող նավը չէր երևում։ Նա բազերիքից կախվեց առաջ, սկսեց կանչել․
- Հայրի՜կ,- բայց նրա հեծկլտանքը խառնվում էր լացին, ձայնը խեղդում։ Ոչ ոք նրա կողմը չէր նայում․․․  

Комментариев нет:

Отправить комментарий