среда, 1 апреля 2020 г.

Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ․․․

Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ՝ անտես ու անհամար․․․ Անթիվ ծխնելույզներից փռշտացող քաղաքներ․․․
Մոլորակի համար լոկ պատուհաս եք ձեր կենվորներով ու առ ու ծախով, սև կոյուղիներով, որոնցով ապականում եք ծով ու օվկիանոս․․․
Ատում եմ ձեզ․․․
Քանի որ դուք եք քաղաքակրթության օրորանը։ Ձեր մեջ է ծնվում մարդկային անհատում միտքը՝ ուզենալու, ցանկանալու, ավիրելու, ապականելու առանց խորշելու․․․
Երկիր մոլորակի թիվ մեկ հոգսն եք՝ ձեր մեջ են ծնվում մանկատներն ու ծերանոցները,
գողերն ու ագահները, մարդակուլ գաղափարները, մարմնավաճառներն ու մուրացկանները, մոլորակի մահ սփռող գիտնականներն ու թվերով հարբած ֆինանսիստները․․․Ձեր մեջ են ապրում ու անամոթաբար հրհռում փողով մարդուն տեսակավորողները․․․Ձեր մեջ են տեր ու տիրական դարձել միլիոնավոր աղբարկղեր իրենց հարազատ առնետներով, անտեր շներով ու մռռացող կատուներով․․․
Ձեր մեջ եք առել՝ ձեր մութ անկյուններում, սոված մուրաքցկանին ու անկուշտ պաշտոնյաին․․․
Ձեր կուրացնող փայլով է տարվել կարճամիտ գյուղացին և ձեր կանչով է, որ դատարկվում են ու անտեր մնում գյուղերը քար ու քանդ․․․
Դուք եք երկիր մոլորակը փաթաթել պոլիէթիլենով․․․
Ատում եմ ձեզ՝
Ձեր քառակուսի ու երկար փողոցներով, որոնցից մեկը կրում է ձեզ աղտոտողի խղճուկ գյուտարարի անունը։
Ատում եմ ձեզ՝
Ձեր ծխից փռշտացող ծխնելույզներով, որից հազում է ողջ մոլորակն ու ես․․․
Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ․․․
Պատերազմ հրահրողների տաք որջն եք, մարդկային երգը ոռնոցի վերածողի միտքն եք, աշխարհից փող գողացողն ու ուրացողն եք․․․
Ախր ինչպե՞ս չատել ձեզ․․․





Комментариев нет:

Отправить комментарий