воскресенье, 12 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության մաս -3

Վիվին սովորականից վաղ արթնացավ, մտավ լոգարան, սկսեց երգել ցնցուղի տակ, բայց ուժգին խշշոցն ու աղմուկը ստիպեցին նրան դուրս նետվել լոգարանից։
Փայլող մաշկով, կանաչ ու անսովոր փայլող աչքերով անծանոթ պատանին մերկ կանգնած էր հյուրասրահի կենտրոնում, տեսնելով տարօրինակ արտաքինով տղային, ճչալով ետ, ետ գնաց, հագավ խալաթը։ Պատանին հանգիստ մոտեցավ, ձեռքով փակեց նրա բերանը, մատը դրեց իր շուրթին, աղջկան հասկացնելով, լռել։ Աղջիկն ակամա ենթարկվեց․․․
- Դու ո՞վ ես,- Հարց տվեց աղջիկը, պատանու գրկից դուրս պրծնելով։
-  Կորին եմ։ Իմ ծնողներն ինձ այդպես էին անվանում, իսկ դու՞, անունդ ասա։
- Վիվի,- պատասխանեց աղջիկը, աշխատելով հեռու կանգնել պատանուց։
- Դու գեղեցիկ ես։ Քո մաշկը այնտեղի լույսի գույնն ունի, որտեղից ես փախա։
- Որտեղի՞ց փախար,- զարմացավ աղջիկը։
- Այնտեղից,- ձեռքը դեպի վեր ցույց տվեց պատանին։
- Իսկ դու Զմրուխտե աչքն ես, ոչ Կորին, որտեղից էլ փախած լինես,- Վիվին հիացած նայում էր նրա աչքերին,- Ինչու՞ են քո աչքերը փայլում։
- Չգիտեմ, առաջ չէին փայլում,- ուսերը վեր քաշեց Կորին, մոտեցավ, նայեց հայելու մեջ,- Իմ մաշկը նույնպես փայլում է,- հայացքը սահեցրեց ներքև և կարծես միայն հիմա նկատեց իր մերկ լինելը։ Նա երկու ձեռքով ծածկեց ամոթը, դեմքով շրջվեց դեպի աղջիկը։ Վիվին ծիծաղելով, մոտեցավ պահարանին, նրան շպրտեց առաջին պատահած տաբատը և շապիկը։ Կորին շտապեց հագնել տաբատը, այնուհետ շուռումուռ տվեց շապիկը, մի կողմ նետեց,- Այն ինձ ավելի շատ կխանգարի։
- Ափսոս, այն քեզ շատ կսազեր, քո աչքերի գույնին է,- Կորին տեսնելով աղջկա անկեղծ ափսոսանքը, շապիկը ետ վերցրեց, հագավ։
- Իսկապես այն քեզ շատ սազեց,- Ժպտալով, արտաբերեց Վիվին։
Աղջկա համար և անսովոր էր և ձգող անկոչ հյուրի անսովոր տեսքը, որին լրացնում էին ածուխի պես սև գանգուրները, ուղիղ քիթը և բարձր ճակատը։
Հնչեց դռան զանգը։
Հայրս է,- շփոթվեց Վիվին։ Կորին մեկ նայեց փշրված փեղկին, որտեղով ներս էր մտել, մեկ դռանը։
- Ո՛չ,- կռահելով պատանու միտքը, գոչեց աղջիկը, նրա ձեռքից քաշելով ննջարան։
Զանգը կրկնվեց։ Վիվին շտապեց բացել դուռը։
- Ներիր աղջիկս, քեզ արթնացրի։ Այսօր չգիտես ինչու՞, բանալին մոռացել եմ տանը,- ներս մտնելով, առանց կանգ առնելու, խոսելով մտավ հյուրասրահ, տեսնելով ջարդված փեղկը, տագնապած նայեց Վիվիին, նետվեց աշխատասենյակ,- Ի՞նչ է կատարվել այստեղ,- մրմնջաց նա,- Իմ փաստաթղթե՛րը,- նորից կարծես հիշելով ավելի կարևոր բան, բացականչեց,- Մի՞թե նրանք գտել են․․․
- Ո՛չ հայրի՜կ, ոչ ոք ոչինչ չի գտելև վերջապես, ոչ ոք չի ներխուժել մեր բնակարան, հանգստացի՛ր,- հոր հետևից վազելով, փորձում էր հանգստացնել Վիվին։
- Իսկ ինչպե՞ս հասկանալ սա,- հարց տվեց Աբգարը, ցույց տալով ջարդված փեղկը,- Եվ հենց նույն օրը, երբ․․․,- գիտնականը լռեց, դուրս նայեց փեղկից, նորից նայեց աղջկան,- Նա ո՞ղջ է,- կիսաձայն շշնջաց նա
- Ո՞վ,- միամտացավ Վիվին։ Աբգարը առանց լսելու պատասխանը, անցավ սենյակից, սենյակ։
- Հայրի՛կ, քեզ հետ ի՞նչ է կատարվում, վերջապես կարո՞ղ եց բացատրել,- հոր հետևից վազվզելով, կրկնում էր Վիվին։
Աբգարը մնաց կանգնած հյուրասրահում։ Նայեց աղջկա երկնքի պես ջինջ ու կապույտ աչքերին․
- Կարո՞ղ ես ինձ հետ անկեղծ լինել՝ ասա՛, ո՞վ է ջարդել փեղկը։
- Ես,- անհամարձակ պատասխանեց Վիվին, գլուխը կախ գցելով։
- Եվ ես պետք է հավատամ,- արտաբերեց նա, թևաթափ փլվեց բազմոցին,- Վիվի՛, աղջիկս, եթե հավատամ քո խոսքին, դու ինձ առնվազն հիմար պիտի համարես,- Աբգարը մոտեցավ աղջկա ննջարանին․
- Ո՜չ, հայրի՛կ,- Վիվին փորձ արեց հորն արգելելու, մտնել ննջարան, բայց նա արդեն այնտեղ էր։ Ննջարանում ոչ ոք չկար։ Աղջիկը զարմացած նայեց շուրջը, թևաթափ նստեց անկողնուն, այն չվրիպեց գիտնականի աչքից․
- Ի՞նչ եղավ քեզ աղջիկս,- Աբգարը նստեց նրա կողքը։
- Ոչինչ,- գլուխը տարուբերեց Վիվին, սկսեց լաց լինել։ Աբգարը լուռ նայեց ննջարանի բաց փեղկին, դուրս եկավ։
- Նա ողջ է,- շշնջաց, դուրս նայելով հյուրասրահի լուսամուտից․․․

Комментариев нет:

Отправить комментарий