понедельник, 20 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 7)

Ռոբոտ-զինվորների ավելացող թվի հետ, ավելանում էր նաև քաղաքի եղյամապատ տարածքը․ թվում էր՝ մեգապոլիսում իրար են խառնվել գարունն ու ձմեռը։
Երկնաքերի քառասուներկուերրորդ հարկից դուրս նետվելով Կորին, սեղանը փետուրի թեթևությամբ վերև պահած, սլանում էր փողոցներով։ Շուտով քաղաքը մնաց հետևում։ Նա կանգ առավ անտառի փեշին, նայեց հեռուն՝ երևաց միայնակ տունը։ Կորին սեղանով հանդերձ շտապեց տան կողմը։
- Ես նրանցից խլեցի՛ նրան,- ոգևորված արտաբերեց Կորին, բակում հանդիպելով Մարկոսին։ Սեղանը ցած դրեց։
- Զմրուխտե՜ աչք,- Մարկոսը ևս ուրախացավ, ընդառաջ գալով պատանուն,- Չէի՞ր կարող միայն պատանուն ազատել։
- Այդպես էլ արել եմ,- միամտվեց պատանին, ձեռքով ցույց տալով սեղանն իր պատանդով։
- Ո՛չ, դու նրանցից խլել ես նաև թանկարժեք սեղանը, որն իհարկե հազիվ թե մեզ պետք գա,- Մարկոսը ծիծաղելով մոտեցավ սեղանին,- Պետք է ազատել նրան, բայց ինչպե՞ս,- շվարած ուսերը թոթովեց նա, սկսեց տնտղել կապիչները, փորձ անելով, բացել,- Ոչինչ չի ստացվում,- թևաթափ ետ կանգնեց նա,- Ի՞նչ պետք է անենք,- երբ պատասխանն ուշացավ, նայեց շուրջը՝ Կորին անհետացել էր։
Մինչ Մարկոսը փորձում էր պատանուն սեղանով ներս տանել, հայտնվեց Կորին, Աբգարին ցած գցելով։
- Դու իրավունք չունես նրա հետ այդ կերպ վարվել,- տեսնելով, Մարկոսը հանդիմանեց պատանուն, դիմեց գիտնականին,- Աբգա՛ր, ազատե՛ք նրան կապանքներից։
- Նա նույնպե՞ս այստեղ է,- անկեղծ ուրախացավ գիտնականը, մոտեցավ, սեղմեց թվային կոճակները՝ պատանին նստեց տեղում։
- Անունդ ինչպե՞ս է,- հետաքրքրվեց Աբգարը։
- Մալե,- հազիվ լսելի մրմնջաց պատանին, հոգնատանջ նայեց նրանց։
- Մահմու՛դ,- ձայն տվեց Մարկոսը,- երևաց քսանն անց մի երիտադարդ՝ նա ոչնչով չէր տարբերվում Ադամանդի զինվորներից։ Մոտեցավ, լուռ կանգնեց,- Հագուստ տու՛ր պատանուն, իսկ հետո կերակրի՛ր, իսկ դու՝ Զմրուխտե աչք, հարգանքով վերաբերվի՛ր գիտնականին։
- Դուք նրան պաշտպանու՞մ եք,- հարց տվեց Կորին հիասթափված։
- Ո՛չ, այստեղ խնդիրը պաշտպանելը չէ, պարզապես պարտավոր ես հարգել նրան։
- Բայց նա ծառայում է Ադամանդին,- խուլ ֆշշացրեց Կորին, նրա աչքերը փայլեցին։
- Եվ այդպես է և այդպես չէ,- հանգիստ պատասխանեց Մարկոսը, ձեռքը դնելով պատանու ուսին։ Կորիի զարմանքը կրկնապատկվեց,- Այո՛, այո՛, զարմանալու հարկ չկա։ Գիտնականը նաև հակառակը կարող է, ինչպես արեց քո դեպքում։
- Ես ոչինչ ավելին չեմ անում, միայն իմ աշխատանքն եմ կատարում և դուք քաջատեղյակ եք՝ այնեղ միշտ չէ որ, ես եմ իրավիճակի տերը․․․ Վերջապես այնտեղ կա Բեն, կա Նաթի․․․,որը․․․
- Այսինքն դուք երկու տիրոջ եք ծառայում,- հետևություն արեց Կորին։
- Այդպես է ստացվում,- Աբգարի փոխարեն շտապեց պատասխանել Մարկոսը, ապա խորհրդավոր ժպտաց։
- Այսպես մի՞թե նա ավելի վտանգավոր չէ, քան Ադամանդը,- վրդոհվեց Կորին։
- Գուցե՞, բայց մենք առայժմ այլընտրանք չունենք,- Կորին հայացքը սևեռեց Աբգարի վրա,- Զմրուխտե ա՛չք, հայացքդ օգտագործի՛ր ընդդեմ Ադամանդի։ Գիտնականին հանգիստ թող,- սաստեց Մարկոսը։
- Միևնույն է, գիտակից մարդը նրան չի ընդունի, իսկ մյուսներն,  առավել ևս չեն հանդուրժի,- շեշտեց Կորին։
- Որպես գիտնական, նրան կհանդուրժեն և կընդունեն բոլորը և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն,- եզրահանգեց Մարկոսը, իսկ Կորին գլուխը կախեց, հայացքի տակից նայեց գիտնականին։
- Ետ տա՛ր նրան,- հրահանգեց Մարկոսը,- Եթե նա ծածուկ գործի ընդդեմ մարդկության՝ կպատժվի, իսկ եթե ի սեր մարդկության՝ ցավոք դարձյալ պատիժն անխուսափելի է,- Կորիի աչքերը զարմանքից կլորացան,- Այո, այո, զարմանալու հարկ չկա՝ մարդու տեսակն է այդպիսին՝ նա սիրում է պատժել։ Նաև ակնհայտ է՝ Աբգարը արդեն ստիպված է երկու տիրոջ ծառայել, իսկ տերերն իրենց հերթին տանել չեն կարողանում երկերեսանի ծառային․․․
- Թող ձեր կամքը լինի,- դժկամությամբ պատասխանեց Կորին, անհետացավ Աբգարի հետ։

Комментариев нет:

Отправить комментарий