понедельник, 6 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության։ (1- մաս)

Ամպի ծվենները խաղում էին արևի ոսկեփայլ շողերի հետ։ Գարունը տրորում էր սառույցի պես մինդ ձյունը, նրանից կաթիլներ քամում։ Ադմանը, որ մինչ այդ հենված հրապարակի պատվանդանի պատին, տաքանում էր արևի տակ, ծուլորեն կռացավ, պոկեց մի կտոր սառույց, պահեց արևին, երանությամբ շշնջաց․
- Փայլում է, ինչպես ադամանդը,- ապա ավելի հիացած զննեց այն,- Ձյունահեր կնոջ է նման,- հպեց շուրթերին։ Սառույցից պոկվող կաթիլները ընկան գետին, վերածվելով եղյամի, տարածվեցին նրա ոտքերի շուրջը, Ադմանը վախեցած ետ, ետ գնաց։ Սառույցի կտորը ձեռքից պոկվեց կպավ ու մնաց նրա լայնեզր գլխարկին։ Նա խուճապահար սկսեց մատներով շոշոափել այն, ավելի շուտ նրանից ազատվելու հույսով, միաժամանակ աշխատելով հեռանալ հրապարակից։ Հետևից ոտնաձայներ լսվեցին։ Ադմանը կանգառավ, նայեց ետ։ Նրա հետևից հանգիստ քայլում էր ճերմակազգեստ, ձյունահեր կինը․
- Ո՞վ ես,- աչքը տարօրինակ անծանոթուհուց չկտրելով, վախվորած հարցրեց նա, ինքնաբերաբար ձեռքը տանելով գլխարկին։ Այն իջեցրեց, շոշափեց սառույցի կտորը, նորից փորձելով ազատվել նրանից, բայց սառույցը այլևս չէր հալվում և ամուր էր, ինչպես քարը։ Ադմանը շփոթված նայեց քարին և այն իսկապես վեր էր ածվել սպիտակ, փայլուն քարի։
- Ես Ձյունահերն եմ։ Դու իմ անունը տվեցիր։
- Մի՞թե այնփոքրիկ սառույցի կտորը․․․,- ավելի վախեցած կմկմաց Ադմանը։
- Այո՛, Ձյունահերը ես եմ։ Դու ինձ ընտրեցիր,- ինքնավստահ շարունակեց կինը, որից Ադմանը կուչ եկավ,- Այս պահից փոխվում է քո կյանքը, իսկ դու փոխիր քաղաքը․․․ Ինչու՞ չէ, նաև աշխարհը։ Սկսի՛ր քաղաքի գույնից։
- Ինչպե՞ս,- Ադմանը զարմացած նայեց շուրջը, ուր գարնան զարթոնքից վաղուց արթնացել էր կանաչը։
- Թո՛ղ այն միշտ կրի սպիտակ գույնը՝ այն իմ գույնն է։
- Ինչպե՞ս,- հուսահատ պոռթկաց Ադմանը։
- Պատի՛ր քաղաքը եղյամով,- հրամայեց կինը,- Նայի՛ր ոտքերիդ տակ՝ միայն մի քանի կաթիլ և ահա սկիզբը դրված է, իսկ երբ ողջ մեգապոլիսը պատես եղյամով, այն կլինի քո վերջնական հաղթանակը։ Տիրացի՛ր քաղաքին։
- Ինչպե՞ս կարող եմ եղյամապատել այս հսկա քաղաքը,- այս անգամ զարհուրեց Ադմանը։
- Քո հնարավորությամբ՝ ես այն տալիս եմ քեզ։ Տիրացի՛ր քաղաքին,- կրկնեց Ձյունահերը, մոտեցավ, Ադմանի ձեռքից վերցրեց գլխարկը, դրեց նրա գլխին։ Գլխարկը վերածվեց սպիտակ չալմայի, վրան շողացող ադամանդե քարով,- Այսուհետ դու Ադամանդն ես, կրիր այն միշտ, քանի որ քո ուժը այդ քարի մեջ է,- Ձյունահերը ավարտեց խոսքը, ետ դարձավ և Ադմանը տեսավ թե ինչպես նա անհետացավ հրապարակի պատվանդանի պատերից մեկում։
-  Ես ամենակարո՞ղ,- երանությամբ շշնջաց նա, նույնպես քայլերն ուղղեց պատվանդանի կողմը։ Երբ հասավ դամբարանին, պատին երևացած ծանր դուռը, որտեղով ներս էր մտել Ձյունահերը, նույնքան ծանր ճռռոցով ետ գնաց։ Այնտեղից դուրս եկան երեք տղամարդ՝ սպիտակ հագուստով․
- Հրամայի՛ր Ադամանդ,- խոսեց նրանցից մեկը։
- Ես պետք է տիրանամ քաղաքին,- Արտասանեց նա, թաքցնելով զարմանքը։
- Այո՛, քեզ բանակ է հարկավոր հաղթելու և տարածելու մեր օրենքները,- պատասխանեց մյուս տղամարդը, որի ճերմակները և սպիտակ քարերով ուսադիրները հուշում էին նրա տարիքի և դիրքի առավելության մասին։ Ադմանի համար անսպասելի, նրանք անհետացան բացված դռնով և այն նորից ծանր ճռռոցով փակվեց։ Եղյամը նկատելի շատացավ։
- Կարծես առաջին քայլն արված է,- բարձրաձայն արտասանեց նա, ոգևորված նայելով եղյամին․․․

Комментариев нет:

Отправить комментарий