вторник, 28 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս-10)

Կորին մտավ հրապարակ, երբ թափքը ծածկած մեծ բեռնատարը շարժվեց, իսկ Ադամանդը անհետացավ ծանր դռան հետևում։ Պատանին ափսոսանքով նայեց փակված դռանը, որը առաջին հայացքից պատ էր հիշեցնում, այնուհետ սկսեց վազել մեքենայի հետևից։ Սուլելով, սկսեց բարձրանալ ուժեղ քամի։ Քամին չքացավ, երբ պատանին հայտնվեց անտառի բացատում, որտեղից նշմարվեցին սպիտակ վրանների գագաթները։ Բեռնատարն ուղղվեց վրանների կողմը։ Կորին աշխատեց առաջինը հայտնվել ճամբարում։ Նա ցանկապատից ներս ցատկելով, հայտնվեց փոքրիկ վրանի մուտքի մոտ։ Այնտեղից սկսեց հետևել մեքենային։ Մի ձեռք նրան վրանից ներս քաշեց։ Ետ նայեց՝ զարմանքից քարացավ տեղում․
- Վերի՞, դու այստե՞ղ․․․
- Կորի՛,- խուլ շշնջաց պատանին,  այնուհետ հասկացնելով լռել, մատով ցույց տալով մեքենան,- Շշշշ․․․ այնտեղ տարօրինակ մարդիկ կան։
- Գիտեմ, հաճա՞խ է այստեղ գալիս այդ մեքենան։
- Երկրորդ անգամն՝ առաջին անգամը իմ ընկերներից մեկն անհետացավ։ Այսօր տեսնելով մեքենան թաքնվեցի այդ դատարկ վրանում,- պատմեց Վերին և ուշադիր նայեց եղբորը,- Դու անճանաչելի ես դարձել եղբա՛յր,- այս անգամ գրկեց եղբորը,- Կորի՛, ինչու՞ ես դու փայլում,- Վերին ավելի ուշադիր նայեց նրան,- Քո աչքերը նույնպես․․․,- ետ կանգնելով, շարունակեց նա։ Կորին լուռ ժպտաց․
- Հայրիկն ու մայրիկն ինչպե՞ս են,- Վերին գլուխը կախեց,- Ինչու՞ չես խոսում։
- Չգիտեմ, ի՞նչ ասեմ,- ուսերը թոթովեց Վերին, հայացքի տակից մեղավոր նայելով եղբորը։
- Ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ է եղել։
- Նրանց էլ շատերի հետ ջուրը տարավ։
- Ինչպե՞ս,- Կորին թևաթափ փլվեց նստարանին, որից մի քանի հատ անկանոն շարված էին վրանում,- Ինչպե՞ս պատահեց։
- Համարյա տեղ էինք հասել, երբ հսկա ալիքը կուլ տվեց շատերին։ Մեր նավը հրաշքով փրկվեց, բայց այնտեղից էլ շատերին ջուրը տարավ՝ նրանց մեջ էր նաև մայրիկը,- Վերին գլուխը կախեց։
- Նրանք փախչում էին սովից, բայց միևնույն է չփրկվեցին,- ցավով նկատեց Կորին։
- Հայրիկը գու՞ցե, իսկ մայրիկը՝ ո՛չ։ Նա չէր լքի իր գյուղը, եթե քեզ կորցրած չլիներ,- երկուսով մի պահ լռեցին,- Մայրիկը քեզ գտնելու հույսը չէր կորցնում,- շարունակեց Վերին։
- Մայրի՜կ,- կիսաձայն շշնջաց Կորին, նրա դառը ժպիտին խառնվեց ափսոսանքը։
- Նրանք դեռ այստե՞ղ են,- Վերին անհամբեր ուզեց նայել դուրս։
- Ո՛չ,- Կորին նրան ետ քաշեց։ Վերին ընկավ նստարանին,- Ինքս,- Կորին գլուխը հանեց դուրս, ապա ետ եկավ նստեց եղբոր կողքը,- Դեռ այստեղ են։ Նրանք քեզ լա՞վ են վերաբերվում,- հետաքրքրվեց Կորին։
- Չգիտեմ ի՞նչ նկատի ունես, բայց այստեղ, ինչպես բոլորը, ես նույնպես անուն չունեմ՝ համարակալված քանակ եմ։
- Արի՛ ինձ հետ։
- Չեմ կարող։ Ես արդեն փախստական եմ՝ կրկնակի փախստական դառանալ չեմ ուզում։ Պարզվում է այդ խարանը կրելն այնքան էլ հեշտ չէ։
- Նրանց մարդասիրությունը քեզ դուր չի՞ գալիս,- հեգնեց Կորին և դառը ժպիտը նորից խաղաց նրա դեմքին։
- Սա ավելի շատ մեծ բիզնես է, քան մարդասիրություն՝ այդպես է ասում իմ վրանում ապրող արաբը։
- Նա ճիշտ է ասում։
- Այո՛, հիշի՛ր թե նույն մարդասերը ինչպես է վարվել մեզ պես երկրների և ժողովուրդների հետ,- Կորին զարմանքով նայեց եղբորը,- Ինչու՞ ես զարմանում։
- Չնայած դու դպրոց չես հաճախել, բայց խելոք ես դատում, ինչպես Աբգարը։
- Ո՞վ է Աբգարը։
- Գիտնական է՝ վտանգավոր գիտնական,- խորհրդավոր շշնջաց Կորին, բերանը մոտեցնելով եղբոր ականջին։
- Ո՛չ Կորի, դրանք իմ մտքերը չեն։ Այդպես է խոսում իմ վրանի արաբը, որի հայրենիքը նույնպես այրվում է կրակների մեջ։
- Հայրենիքից ի՞նչ լուր ունեց,- կարծես վերհիշելով, հարցրեց Կորին։
- Մեր գյուղը համարյա դատարկվեց։ Նրանք հայրիկի գլխավորությամբ լքեցին այն, իսկ մյուս տեղերում նոր համաճարակ է։
- Մահացու՞,- զգաստացավ Կորին։
- Այո՛, բայց ասում են, այն դանդաղ է սպանում,- Կորիի աչքերը փայլեցին, նորից նայեց դուրս՝ մեքենան դեռ տեղում էր։
- Որքան հասկացա, դու այստեղ թաքնվել ես։
- Այո։
- ՈՒրեմն այստեղ կմնաս այնքան, մինչև այդ մեքենան կգնա։ Աշխատիր մնալ աննկատ, մինչև նորից վերադառնամ,- Խորհուրդ տվեց Կորին և անհետացավ։
Վերին կուչ եկավ, սկսեց դառնորեն լաց լինել։ Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը։ Նա դուրս եկավ, նայեց անտառի կողմը։ Երևում էր միայն հեռացող բեռնատարը։

Комментариев нет:

Отправить комментарий