воскресенье, 18 апреля 2021 г.

 Կուբիկի առեղծվածը

Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը սկսել էր ծխալ, երբ լուսնի շուրջը պտտվող մյուս սև կետերը իջնելով հայտնվեցին լեռան վրա: Ամբողջ լեռնաշղթան իր մեջ էր առել քաղաքներ և գյուղեր, որոնք, միասին վերցրած, կարծես վեր էին խոյացել հրաբխային ուժերի հետևանքով: Վերևից նայողին այն հիշեցնում էր լեռնային մի կղզի: Ծուխը կտրվեց: Լսվեց ընդերքային խուլ դղրդոց, որը ակնթարթորեն դուրս ժայթքեց գագաթից` վերածված հրե շիլայի` իր հետ արձակելով սև մոխիր և ծուխ:

Լսվող դղրդյունից Էդգարը ցած թռավ անկողնուց, բացեց պատշգամբի փեղկը: Վաղորդյան թարմ օդի փոխարեն ներխուժեց անսովոր ջերմությունը: Պատանին վախեցած նայեց հեռուն: Երևացող սարի գագաթը կրակ էր թքում: Էդգարը շանթահար դուրս թռավ տնից: Նրա շունչը կտրվում էր, երբ հասավ կրակ թքող սարի փեշին, ուր մարդիկ վաղ ծեգից աշխատում էին հողամասերում:

-        Մայրի~կ,- Էդգարը բարձր թմբին կանգնած կանչում էր` հայցքով փնտրելով մորը:

Հանկարծ սարի գագաթից դուրս ժայթքեց եռացող լավան, սկսեց հոսել սարն ի վար: Այն բաժանվեց առուների, իսկ առուները իրենց ճամփին քշում էին ամեն ինչ:

-        Մայրի~կ,- պատանին սկսեց  ավելի  բարձր կանչել:

Որդի´ս, չմոտենա´ս, այստեղ ամեն ինչ այրվում է,- լսվեց մոր հուսահատ ձայնը և նույն պահին մարեց լսվող ձայնը, երբ մոտակա սարերը իրարից հեռացան, ապա սարսափելի ճայթճայթյունով նորից  իրար մոտեցան: Լեռների միջից դուրս ժայթքեց կրակ ու ծուխ: Պատանին ահաբեկված սկսեց փախչել: Նրա բարձր ձայնը, «մայրիկ» կանչելիս, միաձուլվում էր արթնացող առհավիրքին: Հրե գագաթից քիչ հեռու, ժայռերի միջից դուրս ժայթքեցին ջրային գոլորշիներ, ծուխ ու ծծմբային գազ: Գլխավոր գագաթը լավա էր արտավիժում: Հրե շիլայով հոսող առվակները շուտով կորցրեցին հունը: Սարի փեշին ողջ մնացած մարդիկ սկսեցին իրար հրմշտել: Նրանք ճիգ էին թափում ազատվել հրե գերությունից, սակայն եռացող շիլան բոլորին իր մեջ առավ` ընթանալով հողամասերով: Էդգարի շուրջը հետզհետե վեր էր ածվում  բլթբլթացող կաթսայի: Պատանին մնացել էր կանգնած ամենաբարձր թմբին, որը նեղ թամքոցով միանում էր բլրին: Նա ահաբեկված նայեց շուրջը, կարծես կողմնորոշվելու, ապա սկսեց վազել: 

Комментариев нет:

Отправить комментарий