вторник, 6 апреля 2021 г.

 

Վագը նայեց ափին՝ այն դատարկ էր։ Նայեց վեր՝ տեսավ թե ինչպես է իր սիրելի կուբիկը սլանում դեպի երկինք։ Նայեց լուսնին, նա ժպտում էր։

 Հեռվից լսելի էր մրսած կուբիկի հազն ու փռշտոցը։ Վագը ներս փախավ, դուռը փակեց, հենվեց դռանը, սկսեց հևալ։

-        Վա՛գ, քեզ հետ ի՞նչ է կատարվում, դու  քրտինքի մեջ կորած ես,- անհանգստացավ Դանիելը, մեծավարի ձեռքը դրեց նրա ճակատին։

-        Դանի, դու կարո՞ղ ես պատկերացնել, նա կախարդ է,- հևալով արտաբերեց Վագը, նայելով ընկերոջ աչքերին։

-        Ո՞վ,  ու՞մ մասին է խոսքը,- Դանիելը զարմացած շուրջը նայեց։

-        Նա, այն մի աչքանին, դու հիշու՞մ ես իմ կուբիկին։

-        Իհարկե հիշում եմ, բայց չեմ հասկանում ինչ ես ուզում ասել կամ ու՞մ մասին է խոսքը։ Դու հանգստացիր, հետո պատմիր  լա՞վ։

-        Ո՜չ, ես հանգիստ եմ,- նյարդայնացավ Վագը,- Խոսքն իմ կուբիկի մասին է։

-        Այն մի աչքանի դեմքով կուբի՞կը, գուցե նա սարսափելի դեմք ունի, բայց ի՞նչ կարող է անել՝ ընդամենը խաղալիք է։

-        Ո՛չ, դու սխալվում ես, արի գնանք, քեզ ցույց տամ,- Վագը Դանիելի  ձեռքը բռնած, քարշ տվեց  բակ։

-        Ահա՛, նայի՛ր,- տղան վախեցած ցույց տվեց լիալուսինը, որի շուրջը պտտվում էր սև քառակուսին։

-        Այո՜,- ծոր տվեց Դանիելը, զարմացած,- Սա ի՞նչ կարող է նշանակել։

-        Երեխանե՛ր, ի՞նչ եք անում այս ժամին դրսում,- նրանց մոտեցավ օրիորդ Ալիսան։

Տղաները  սարսափեցին, երբ տեսան, թե ինչպե՞ս  մի ակնթարթում օրը մթնեց, լիալուսինն անհետացավ սև ամպերի հետևում։

-        Տեր աստված, սա ի՞նչ է,- տեսնելով, բացականչեց դաստիարակը։

Վագը ներս վազեց, ընկավ անկողնուն, սկսեց լաց լինել,- Իմ կուբի՜կը․․․

-        Վագ, պետք չէ լաց լինել,- տղան գլուխը բարձրացրեց, տեսավ  Դանիելին։ Նա պարկած տեղից նստեց, լուռ նայեց ընկերոջը,- Դու տեսա՞ր, թե ինչպե՞ս մթնեց,- ապշահար շարունակեց Դանիելը։

-        Այո, բայց ես չէի ուզում,- պատասխանեց Վագը, նորից վազեց դուրս, նրան հետևեց Դանիելը։

Նրանք տեսան, թե ինչպես  բարձրացավ ուժգին քամի, այն  հողմի պես պտտվելով ավելի ու ավելի բարձրացավ, անհետացավ սև ամպերի հետևում, ուր թաքնվել էր լիալուսինը։

Անսպասելի ամեն ինչ խաղաղվեց։ Տիրեց լռություն։  Հանկարծ լսվեց ուժգին դղրդոց՝ սև ամպերը ետ քաշվեցին, լիալուսինը նորից երևաց երկքում։ Անհետացած պտտահողմը պոկվեց լուսնից, կայծակնային շանթեր արձակելով աղմուկով տապալվեց ցած։

Վագը և Դանիելը բացի հեռվից երևացող շանթերից այլևս ոչինչ տեսնել չկարողացան։

-        Դու հասկացա՞ր ինչ կատարվեց,- Դանիելը դիմեց  Վագին՝ տղան ոչինչ չպատասխանեց, միայն լացակումած վեր քաշեց ուսերը․․․

-        Ճիշտն ասաց, ես էլ ոչինչ չհասկացա, բայց հետաքրքիր էր․․․,- Դանիելը ձեռքը դրեց նրա ուսին,- Գնանք ներս, եթե  օրիորդ Ալիսան այս անգամ էլ մեզ նկատեց, պատժից չենք խուսափի․․․

-        Իսկ  իմ կուբի՞կը,- տրտմեց Վագը, մնաց կանգնած։

-        Կարծում եմ, քո կուբիկը դեռ կգտնես, գնացինք,- Դանիելը նրա թևից քաշելով, ներս մտան ։

Комментариев нет:

Отправить комментарий