понедельник, 5 апреля 2021 г.

 -        Քեզ ի՞նչ է եղել, դու այնպես ես հևում, կարծես հետևիցդ գազան է ընկել,- հետաքրքրվեց Դանիելը , մոտենալով նրան։

-        Ոչինչ էլ չի եղել,- կարծես եղանակից խռոված պատասխանեց նա, կուբիկը դնելով տուփի մեջ։

-        Դե լավ, վե՛ր կաց գնանք նախաճաշելու, շուտով դասը կսկսվի, իսկ դու դեռ ցեխի մեջ կորած ես։

-        Դու գնա, ես լվացվեմ կգամ,- պատասխանեց Վագը, սկսեց հարդարել անկողինը։

Դասը վաղուց վերջացել էր, բայց  վաղ ծեգին սկսած անրձևն ու ձյունը, կարծես միտք չուներ դադարելու։ Վագն անդադար ներս ու դուրս էր անում, նայելով երկնքին, որտեղից կախվել էին մթնտած սև ամպերը և միայն երեկոյան սկսեց երկինքը պարզել։

-        Դարձյալ դու ոչինչ անել չկարողացար,- նորից խոսեց կուբիկը, կշտամբելով տղային։

-        Ինքդ տեսար, թե ինչպիսի եղանակ էր դրսում, ես ի՞նչ կարող էի անել։

-        Լավ  մի նեղացիր, գոնե հիմա ինձ դուրս տար,- մեղմացավ կուբիկի վրայի պատկերը, շարժելով բարակ շուրթերը։

Միջանցքից լսվեց ոտնաձայներ,Վագը կուբիկը թաքցրեց բարձի տակ։

-        Ո՞վ կա ներսում,- գլուխը ներս մտցնելով, հարցրեց օրիորդ Ալիսան։

-        Ես եմ,- շփոթված պատասխանեց Վագը։ Դաստիարակը ժպտաց

-        Ապրես Վագ, դուրս մի արի, չնայած անձրևը դադարել է, բայց անտանելի ցուրտ է։

-        Լա՜վ,- անտրամադիր ծոր տվեց Վագը, բարձրացնելով բարձը, երբ օրիորդ Ալիսայի գլուխն անհետացավ դռների միջից։

-        Վերջապես դու ինձ դուրս տանելու՞ ես, այնպես, ինչպես հարկն է, անկարող տղա։

-        Իսկ ինչու՞ է ձայնդ փոխվել, այն մի տեսակ խրպոտել է,- նկատեց տղան։

-        Ինչպե՞ս  չփոխվեր, երբ մի ամբողջ գիշեր ինձ թողեցիր անձրև ու ձյան տակ։

-        Դու ճիշտ չես, անձրևը ողջ գիշեր չի տեղացել։

-        Միևնույն չէ՞, չէ՞որ գիշերն էլ անտանելի ցուրտ էր,- պատասխանեց մի աչքանին, խռպոտած ձայնով։

-        Ես մեղավոր չեմ, երկինքը սև էր, և միայն հիմա է պարզել, երբ նորից օրն անցել է, ահա նայիր,- Վագը նայեց լուսնին, այն կարծես դժգոհ դեմք ուներ, նա վախեցած նայեց կուբիկին։

-        Դու նորից վախենու՞մ ես, ցույց տու՛ր ինձ լուսինը։

-        Ես չեմ վախենում, պարզապես ուզում եմ իմանալ, դու այլևս չես ուզում արև տեսնել,- տխրեց Վագը։

-        Ո՛չ, իհարկե ո՛չ, արևի ժամն անցել է, արդեն լուսինն է։ Լուսնի դեպքում էլ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց և ամեն ինչ այլ է լինում, խորհրդավոր և․․․,- դեմքը, միտքը կիսատ, փակեց աչքը։

-        Ի՞նչն է այլ լինում,- զարմացավ տղան։

-        Պատասխանը հետո, իսկ հիմա ցույց տու՛ր ինձ լուսինը, թող նա լինի իմ տարերգը։

Տղան կուբիկն առած, դուրս եկավ բակ։

-        Ահա՛, նայի՛ր,- նա ձեռքն առաջ մեկնեց։

-        Անփույթ տղա, ինչպե՞ս կարող եմ տեսնել, երբ իմ դեմքը հպված է ափիդ։

Վագը կուբիկն ուղղեց դեմքով դեպի վեր։ Դեմքը նայեց լուսնին։ Այդ պահին տղային թվաց, անտես մի ուժ քաշեց նրա թևից։ Նա ճչաց, հազիվ մնալով ոտքի վրա։

Комментариев нет:

Отправить комментарий