пятница, 9 апреля 2021 г.

 

Բրոնզագույն հսկայի տապալումը

 

Լույսը բացվեց։ Լուսաբացի արևը մի պահ երևաց հորիզոնին, բայց մոտեցող ամպերը գողացան նրան՝ օրը դարձնելով սպիտակ։

Կուբիկ-Վանդևը մոտեցավ խոսափողին

-        Առա՜ջ,- գոչեց նա, ձեռքն առաջ մեկնած։

Ամբոխը ենթարկվեց հրամանաին, ակամա ուղղվեց հրապարակից դուրս։ Լիվանը  զարմացած նայեց նրան,  իսկ նա հաղթական ժպտաց ։

Հանկարծ ընթացող բազմությունը նրանց երկուսին առավ ձեռքերի վրա, տարավ, իսկ մարդ-չղջիկները քայլում էին շրջապատած նոր առաջնորդներին։

Զանգվածը հայտնվեց բարձր ճաղերով, երկաթյա փակ դարպասների դիմաց․․․

Առանձնացան մի քանի հոգի, մագլցելով դարպասներն ի վեր, բայց կես ճամփից վայր ընկան։

Տեղի ունեցող իրարանցումը կարծես չէր հետաքրքրում երկու առաջնորդներին՝ նրանք բազմած ամբոխի վրա ժպտում էին իրար բազմանշանակ հայացքներ փոխանակելով․․․

-        Բացե՛լ դարպասը,- հրամայեց Լիվանը։ Մարդ-չղջիկներն արագ մագլցեցին դարպասն ի վեր՝ կես ճամփին բացվեցին նրանց թևերը, թռչելով անցան մյուս կողմը, բացեցին դարպասները, որից հետո տողան կազմեցին, նորից շարվելով  իրենց տերերի շուրջը։ Երբ ներս մտան դարպասներից,  քառահարկ շենքի մոտ նրանց իջեցրին ցած։ Լիվանը  նորից մի հայացք գցեց լուսնին, ներս մտավ, Կուբիկ-Վանդևը հետևեց նրան։ Նրանց հետևեց ամբոխը կոխկրտելով միմիանց, սկսեց ներս խցկվել․․․

-        Դու՛րս, դրսում սպասե՛լ,- թնդաց Վանդևի հրամանը։ Ամբոխը մեկ մարդու պես ետ գնաց, հայտնվեց դարպասներից դուրս․․․

Լիվանը նայեց շուրջը՝ ոչ ոք չերևաց, անգամ Կուբիկը, նա ձեռքերն իրար շփեց ոգևորված, շշնջաց

-        Ինչպիսի՞ հաջողություն, մի՞թե սա իրականություն է։

-        Այո, ես կասեի՝ շլացուցիչ հաջողություն,- երբ սրահի անկյունից դուրս եկավ Վանդևը, քայլեց դեպի հարթակ, Լիվանը զարմացած նայեց նրան։

-        Ինչու՞ ետ եկաք, դուք նրանց հետ չե՞ք․․․

-        Որքա՜ն շուտ եք մոռանում թանկագին կոլեգա՝ ես Կուբիկ-Վանդևն եմ՝ ձեզ կյանք տվողը;

-        Ա՜խ այո՛, իհարկե, սա մեր երկուսի հեղափոխությունն է,- ճակատին խփելով, ծոր տվեց Լիվանը, փորձելով թաքցնել դժգոհությունը․․․

-Եվս մեկ հիշեցում՝ երբեք ինձ մի տարբերեք ձեզանից։ Հիշեք՝ ես և դուք խավարի ծնունդ ենք և որոհետև ձեր ձայնը կախարդող է, դուք կվարեք ամբոխին, իսկ ես, և ամբոխին և մնացյալը․․․

- իսկ ինչու՞ ամբոխն ու ես,- հարցրեց Լիվանն այս անգամ չթաքցնելով դժգոհությունը։

-  Որովհետև դուք կարող եք, կրկնում եմ՝ ձեր ձայնը կախարդող է,  այդ անթիվ զանգվածին ենթարկում է մեր գաղափարին․․․

- Ո՛չ, միաժամանակ երկու առաջնորդ չի կարող լինել նույն ամբիոնին , եթե ես եմ, ուրեմն ես եմ, եթե դուք եք, ուրեմն դուք եք,- ավելի վրդոհվեց Լիվանը։

Վանդևը ձեռքը դրեց նրա ուսին,- համբերատար եղեք՝ միասնությունը պարտություն չի ճանաչում, թողեք ձեր դատարկ հպարտությունը հանուն վաղվա՝  իմ և ձեր վաղվա․․․

-        Իսկ ժողովու՞րդը․․․

-        Նա կնպաստի մեր լինելությանը։

-        Ինչպե՞ս, նա իր պահանջներն ունի նորից․․․

-        Դրանից հեշտ ոչինչ չկա՝ մենք նրան կկերակրենք ճառերով։ Մի թերագնհատեք իմ և ձեր միացյալ ուժերը, այս դեպքում ոչ ժողովրդի․․․

Լիվանը լուռ նայեց դուրս, որտեղից լսվում էին բազմազան կոչերը, համեմված աղմուկով։

-        Հիշե՛ք թանկագին կոլեգա՝ դուք իմ գլուխն  եք, իսկ ես միացյալ ուժը։ Կարծում եմ պարզ է, առանց մեկի, ոչինչ է մյուսը,- ցուցամատը թափ տալով, շարունակեց Վանդևը ավելի հանգիստ, քան կարելի էր։

-        Հասկանում եմ․․․ փորձում եմ հասկանալ,- զսպված հանգստությամբ շշնջաց Լիվանը։

-        Ինչ որ բա՞ն ասացիք,- հարցրեց Վանդևն ավելի մոտենալով նրան․․․

-        Ո՛չ, ոչի՛նչ․․․

Комментариев нет:

Отправить комментарий