воскресенье, 4 апреля 2021 г.

 

«Հողմը»

 Կեսգիշերն անցել էր ։ Երկնքում լիալուսինը մեկ կորչում էր սև ամպերի տակ, մեկ պարզ երևում էր, իսկ աստղերը ծիկրակելով փայլում էին նրա շուրջը։ Գիշերն անսովոր լուսավոր էր։ Վագը քնած էր մանկան անհոգ քնով, երբ մեկը բոթեց նրան։

-        Արթնացի՛ր։

Վագը շրջվեց մյուս կողքին։

-        Տղա՛ արթնացի՛ր,- ձայնը կրկնվեց։

Վագը կիսաքուն նստեց անկողնում, տրորեց աչքերը,  փորձեց մթության մեջ տեսնել խոսողին։

-        Իջի՛ր անկողնուց, մոտեցի՛ր ինձ։

Վագը  իջավ, վերցրեց կուբիկը։

-        Կարո՞ղ ես հիմա ինձ դուրս տանել,- հանգիստ հարցրեց  նա։

-        Ինչպե՞ս, այս կեսգիշերի՞ն,- զարմացավ տղան։

-        Այո, ուզում եմ հիանալ լիալուսինով, դրսում լիալուսին է, այնպես չէ՞։

-        Գուցե լիալուսին է, բայց հիմա լուսինը չի երևում՝ մութ է, երևի ամպամած է,- լուսամուտից դուրս նայելով, դեմքը խոժոռեց տղան ։

-         Քայլի՛ր դեպի դուրս։ Համոզված եմ, դու սխալվում ես, լուսինը չի կարող չերևալ։ Վերջապես իմ ժամն է։ Չե՞ս կարծում շատ ես դանդաղում։

Կուբիկն ափի մեջ պահած՝ տղան  քայլեց դեպի դուրս։ Այն ցած գլորվեց նրա ձեռքից, երբ նա հայտնվեց  աստիճաններին։ Կուբիկը շարունակեց գլորվել, առանց կանգ առնելու։ Վագը տեղում քարացած, ակամա հետևում էր նրան, զարմանքից աչքերը կլորացած։

-        Վագ, ի՞նչ ես անում դրսում այս ուշ ժամին։

-        Ա՜, Դանի դու՞ ես, արդեն գալիս եմ,-Նա խորը հոգոց հանեց, երբ տեսավ Դանիելին, շարունակ ետ նայելով, ընկերոջ հետ ներս մտավ։

Միջանցքի վերջում լույսը վառվեց, երևաց օրիորդ Ալիսան։

-        Այս կողմ,- Վագի թևից քաշեց Դանիելը։ Նրանք մնացին պատին սեղմված, մինչև դաստիարակը լույսն անջատեց։

Վագը  մտավ անկողին, երկար սպասեց, մինչև  Դանիելը քնեց, բայց քունը հաղթեց նաև իրեն։

Երկինքն արդեն կապտում էր, երբ Վագը  վեր թռավ քնից, վազեց պատշգամբ։ Ձյունախառ անձրևի խոշոր կաթիլները հարվածում էին ապակիներին, սաստկացնելով աղմուկը։ Նա  փորձեց նայել դուրս, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ «Ինչպե՞ս կարող էի քնով անցնել․․․ իմ կուբիկը»,- տխուր մտածեց նա, նորից վազեց ներս սկսեց արագ հագնվել։

-        Վագ դու քնած չէի՞ր,- Կիսաարթուն հարցրեց Դանիելը, նստելով անկողնում։

-        Քնած էի, արդեն արթնացա,- պատասխանեց տղան և շտապելուց երկու ոտքը մտցրեց  մեկ փողկի մեջ։ Դանիելը սկսեց ծիծաղել , բայց նա առանց ուշադրություն դարձնելու վազեց դուրս։

-        Սպասի՛ր, նորից ու՞ր,- նրա ետևից ձայն տվեց Դանիելը ծիծաղելով, բայց Վագը ուշադրություն չդարձրեց, կախիչից վերցրեց անձրևանոցը, դուրս թռավ։

Նա  մնաց կանգնած փայտե հին սանդուխքի մոտ, ապա կռացավ նայեց նրա տակ, գտավ ցեխոտված ու թրջված  կուբիկը, վերցրեց, վազեց ներս։ Ներս մտնելիս ցեխոտ ոտքերի համար նրան կշտամբեց  կիսանինջ դռնապանը։ Վագը առանց նրա կողմը նայելու  ներս ընկավ անկողնուն։

Комментариев нет:

Отправить комментарий