пятница, 2 апреля 2021 г.

 «ԿՈՒԲԻԿԸ»

-        Աչքս հանեցի՛ր հիմա՛ր տղա, չե՞ս կարող զգույշ,- բղավեց գլուխը։ Վագը ետ քաշվեց, մնաց հատակին շվարած նստած։ Տղան նորից նայեց պահարանի տակ, այնտեղից նրան էր նայում մի փայլող աչք։ Նա նստած տեղից ետ փլվեց։

-        Տղա՛, վերջապես դու ինձ այստեղից դուրս կհանե՞ս։

Վագն առանց պատասխանելու փայտն առավ ձեռքը, պարկեց հատակին, սկսեց  հրել կուբիկին դեպի դուրս։

-        Զգու՛յշ տղա,- բղավում էր մի աչքանին, բայց տղան առանց ուշադրություն դարձնելու նրա բղավոցին, կուբիկը գլորեց մահճակալի տակ, ապա սողալով մոտեցավ, վերցրեց այն, ոտքի կանգնեց, ուշադիր նայեց նրան։

-        Ի՞նչ ես շվարել, վերջապես ինձ դուրս տանելու՞ ես, թե՞ ո՛չ,- հոխորտաց գլուխը, միակ աչքը սևեռած տղային։

 Վագը լուռ քայլեց դուրս, կանգնեց աստիճաններին, կուբիկը առաջ մեկնեց, աչքը նայեց վեր

-        Ու՞ր է արևը, դու ասացիր դրսում արև է,-  հարցրեց գլուխը։

-        Մինչև կարողացա քեզ դուրս հանել այնտեղից, արևն անցավ,  իսկ հիմա երեկո է, շուտով լուսինը կերևա,- մեղավոր շշնջաց տղան։ Հնչեց  զանգը, Վագը տեղից չշարժվեց։

-        Վա՛գ,  ընթրիքի ժամն է, ներս անցի՛ր,-  դուրս եկավ դաստիարակը։

-        Այո, օրիորդ Ալիսա,- ակամա ձեռքը գրպանը խոթելով, պատասխանեց Վագը, ուղիղ նայեց նրան։

-        Ինչու՞ գունատվեցիր, ի՞նչ է պատահել,- անհանգստացավ Ալիսան։

-        Ոչինչ, ես հենց այնպես,- շփոթվեց  տղան, ձեռքն ավելի  խորը խոթելով գրպանը։

-        Հապա տեսնեմ, ի՞նչ ես թաքցնում,- նա ձեռքը դեպի տղան մեկնեց։

-        Ասացի ոչինչ, ոչինչ էլ չկա,- ակամա նյարդայնացավ Վագը։

-        Եթե չկա, կարծում եմ նյարդայնանալու կարիք էլ չկա, այդպես չե՞ս կարծում, ապա ձեռքդ հանի՛ր գրպանից,- պահանջեց դաստիարակը։

-        Ահա՛, սա իմ կուբիկն է, այլևս ոչինչ չկա։

Օրօորդ Ալիսան այն վերցրեց, սկսեց ուշադիր զննել, ձեռքի մեջ շուռումուռ տալով

-        Որքան այլանդակ դեմք է, ինչու՞ ես այն քեզ մոտ պահում, մի՞թե ուրիշ պատկերներով կուբիկներն ավելի տանելի չեն,- դեմքը խոժոռեց դաստիարակը։

Վագը հայացքի տակից լուռ նայում էր նրա ձեռքի շարժումներին։

-        Դե ետ տվե՛ք, տեսա՞ք ոչինչ էլ չկա,- անհամբեր  արտաբերեց տղան։

Օրիորդ Ալիսան զարմացած մեկ նայում էր կուբիկին, մեկ անհանգստացած տղային, այնուհետև կուբիկը դանդաղ մեկնեց Վագին, աչքը չկտրելով  նրանից։

Թվաց  կուբիկի պատկերի շրթունքները շարժվեցին, երբ այն հայտնվեց տղայի ձեռքում։ Կուբիկը ետ ստանալով, Վագը ներս վազեց, այն տեղավորեց տուփի մեջ, շտապեց ընթրելու։

 

Комментариев нет:

Отправить комментарий