понедельник, 6 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 52)


Երկար բացակայությունից հետո միայնակ տունը լքված էր ու մութ: Նրանք մի պահ մնացին գլխիկոր եղյամապատ բակում։ Կորին  մտավ այգի։
-         Կորի´, օգնի՜ր,- հանկարծ լսվեց Մալեի ձայնը, նա ետ վազեց․ ճերմակ սիրամարգը հարձակվել էր Մալեի վրա։
-         Նորի՞ց դու,- տեսնելով, Կորին փորձեց բռնել նրան, բայց նա օդ բարձրացավ՝ իր հետ տանելով Մալեին։
-         Դու չես կարող լուսավորել հորիզոնը,- կռնչաց սիրամարգը։
-         Կարո´ղ եմ։
-         Ո´չ, այլապես  նրան կդարձնեմ այն ռոբոտ-զինվորներից մեկը։
-         Բա´ց թող նրան, այս անգամ հաղթեցիր,- համաձայնեց Կորին՝ անզորությունից ամուր սեղմելով ափը։
-         Ո´չ, Կանա´չ աչք, մարի´ր քո ափի անմար հուրը, և ես կհավատամ քո խոսքին,- նորից կռնչաց սիրամարգը
-         Ախ այդպե՞ս, կամակո´ր թռչուն, ինչպե՞ս մարել անմար հուրը, երբ այն անմար է- վրդոհվեց Կորին, սկսեց վազել, նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդում սկսեցին պարել ավազախառը տերևները։
Նա հայտնվեց միայնակ տան տանիքին, նրա աչքերից արձակված շանթից սիրամարգի փետուրները սկսեցին ծխալ։
-         Իմ գեղեցիկ փետուրնե՜րը,-  կատաղությունից բղավեց նա։
-         Մալե´, ցա´ծ նետվի՛ր, այլ կերպ դու նրա հետ մոխրի կվերածվես,- հրահանգեց Կորին։
Նա սկզբից կախվեց թռչունի ոտքերից՝ սիրամարգը կտցահարեց նրա գլուխը․
-         Կորիի՜, օգնի՜ր,- նորից կանչեց Մալեն, հազիվ մնալով կախված։
-         Ցած նետվի՛ր, ես կարող եմ սխալվել, եթե շանթահար անեմ նրան։
-         Չեմ կարող, նա մագիլները խրել է իմ մաշկի մեջ,- Կորիին այլ ելք չէր մնում, քան վեր սլանալ, նրա մագիլներից ազատելու ընկերոջը՝ երկուսն էլ դմփոցով հայտնվեցին արահետում։
Սիրամարգը, փետուրները ծխալով, անհետացավ մշուշում։
-         Կարևորը փրկվեցիր,- ոտքի կանգնելով ասաց Կորին, ապա ձեռքը տվեց նրան, վեր բարձրացնելու,- Պետք է արագ գործել, նա կարող է վերադառնալ ռոբոտ-զինվորներով, ես ստիպված կլինեմ այդ հնարավորությամբ նրանց ետ քշել, բացի´ր դուռը։
Մալեն վազեց դեպի դուռը։ Անսպասելի շուրջը լուսավորվեց, նրանք վեր նայեցին։ Երևաց լուսատու ուրվականների բանակը։
-         Մենք կորած ենք,- մոռացած դուռը բացելը՝ շշնջաց նա՝ աչքը չկտրելով նրանցից։
-         Բացի´ր դուռը, շտապի´ր,- բղավեց Կորին։
Մալեն ակամա բանալին արագ պտտեց կողպեքի մեջ։ Նրանք երկուսով ներս ընկան։
-         Միայն մի քանի վայրկյան պահի´ր դուռը,- հորդորեց Կորին, շտապեց դեպի հանգած հորիզոնը։
-         Այո´, բարեկա´մ,- Մալեն ներսից կողպեց դուռը,- Այստեղ ցուրտ է և մութ,- կուչ եկավ  նա՝ միաժամանկ հենվելով դռանը։
-         Այն այնքան սառը և մութ չէր թվա, եթե մեզ դիմավորեր տանտերը,- նկատեց Կորին։
-         Այո´, շտապի´ր, Կորի´, նրանք այստեղ են։
Կորին մոտեցավ, ձեռքը մեկնեց դեպի հորիզոնը, բացեց ափը, անմար կրակը բոցկլտաց, նրանից մեկ ոսկեգույն կաթիլ գլորվեց, սակայն վայր ընկնելու փոխարեն տարալուծվեց մութ հորիզոնում։ Այն սկսեց շառագունել, այնուհետև երևաց արևը, նրանից ցրիվ եկան ոսկեգույն շողերը՝ սրահը լցնելով լույսով։ Մալեն մոռացած, թե ինչի համար էր հենվել դռանը, երանությամբ բացականչեց․
-         Լու՜յսը, մենք հաղթեցի՜նք։
Նրանք դուրս եկան բակ։ Եղյամն առաջին ճաքը տվեց։
-         Ո´չ, ոչնչացնե´լ նրանց, վերացնե´լ լույսը,- բղավեց թռչունը։
Լուսատու ուրվականները ընթացան ցած։ Կորին վեր սլացավ, հայտնվեց տանիքին, բացեց ափը, ափսոսանքով նայեց բոցկլտացող կրակին, նրանից մի կաթիլ ընկավ  բակը, որտեղ իրարից ետ-առաջ ներս էին խցկվում ուրվականները։ Ոսկյա կաթիլը տարալուծվեց նրանց մեջ՝ առանց գետնին ընկնելու։ Ուրվականները սկսեցին վերածվել սառցե կտորների՝ թափվելով ցած։ Սիրամարգը տեսնելով թևին տվեց սլացավ դեպի քաղաքի կողմը։
-         Մենք փրկեցինք հրամանատարին,- շարունակեց ուրախանալ Մալեն, իսկ Կորին միայն ժպտում էր՝ նայելով այդ բարեսիրտ ու երախտագետ երիտասարդին։
-         Մալե´, գնացի´նք, մեր անելիքը դեռ առջևում է, այս սրահի լույսը պարզապես մարդասիրության և բարության խորհրդանիշն է, ինչպես ասում էր Մարկոսը,- բացատրեց նա, վեր սլացավ՝ իր հետ տանելով Մալեին։
-         Միևնույն է, այն հզո´ր է,-  անվերջ կրկնում էր Մալեն։

Комментариев нет:

Отправить комментарий