пятница, 3 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս - 51)


Բարձրացավ ուժգին քամի, քամու հետ սկսեցին օդում պարել ավազախառը տերևները։ Կորին փորձեց գետնից կտրվել, բայց, լսելով իր անունը, մնաց տեղում։ Քամին դադարեց։
-         Կանա´չ աչք, դարձյա՞լ դու, չե՞ս կարծում՝ այս անգամ շատ ես ուշացել՝ հա՜, հա՜, հա՜․․․
Նա վեր նայեց՝ բաց պատշգամբին կանգնած էր Ադամանդը՝ ձյունաճերմակ չալմայով, որի վրա ինչպես միշտ շողում էր խոշոր ադամանդը։
-         Թեկուզ ուշացած, կարևորը կարողացա հայտնվել,- պատասխանեց Կորին, հայտնվեց դրոշի մոտ, բացեց ափը, նայեց անմար կրակին, ապա դրոշի պատկերին, այնուհետ նայեց հեռուն։ Ափսոսանքով նորից ամուր փակեց այն՝ դարձնելով բռունցք։
-         Ի՞նչ ես մտորում, Կանա´չ աչք։ Եթե փորձում ես պատռել  դրոշը, դրանով ցույց կտաս քո անզորությունը, իսկ եթե այլ նպատակ է հետապնդում քո միտքը, անմիտ է՝ ես վաղուց տիրում եմ այս քաղաքին։ Կա´մ  ծառայիր ինձ կա´մ հեռացիր ասպարեզից, ինչպես դա արել է քո սիրելի մարդասերը,- ինքնավստահ շարունակեց Ադամանդը։
-         Այո´, Ադամա´նդ, ուստի չեմ պատռի այս խզմզված դրոշը, պարզապես  իմ ներկայությունը ձեզ միշտ կանհանգստացնի, քանզի շատ կցանկանաք իմանալ այն նպատակը, որը հետապնդում է իմ միտքը, իսկ ծառայել ձեզ․․․ ավելի գթասիրտ կլինեմ, եթե ծառայեմ սատանային,- պատասխանեց Կորին, հայտնվեց դիմացի երկնաքերի տանիքին։
Նա բարձրից նայեց քաղաքին՝ այն ամբողջովին սպիտակ էր հագել։ Նստեց նայեց ներքև, որտեղից լսվում էր աղմուկը։ Երևացող ռոբոտ-զինվորների խումբը դիմադրում էր ուրվականներին, որոնք, հաճախ մասնատվելով սղոցներից, ցրիվ էին գալիս, ինչպես միշտ, մի պահ հետո հավաքվելով, նորից ոտքի կանգնում։
Հեռվից երևացին ուղղաթիռները։
-         Մալե´,- շշնջաց Կորին, հայացքով հետևելով նրանց։
Առաջին ուղղաթիռից երևաց Մալեն։ Կորին ուրախացած ցած սլացավ։
-         Բարեկա´մ, որքա՜ն երկար ենք սպասել քո վերադարձին,- գոչեց Մալեն, վազեց դեպի Կորին։
-         Այո´, վերադարձա, բայց ես ոչինչ անել չէի կարող ավելի վաղ վերադառնալու համար,- ափսոսանքով արտաբերեց Կորին,- Իսկ որտե՞ղ է Մարկոսը։

-         Նա և մյուսները զնդանում են՝ Ադամանդի հրամանով,- տխուր պատասխանեց Մալեն,- Ես ուրիշ ելք չունեմ հրամանատարին օգնելու, բացի նրա ռոբոտ-զինվորների հետ պայքարելուց, իսկ դա ոչինչ է, եթե նրանք չեն մեռնում գնդակից։
-         Ադամա՞նդը,- ցասումով արտաբերեց նա, նայեց դրոշին,- Նրանք որտե՞ղ են։
-         Չգիտեմ, անգամ չգիտեմ՝ ո՞ղջ են արդյոք,- Մալեն մնաց գլխահակ կանգնած։
-         Քեզ մեղավոր մի զգա, ես էլ նույնը կանեի, շնորհակալ եմ, չէ՞ որ դու պայքարում ես,- նրա ուսին թմփթմփացնելով՝ քաջալերեց Կորին։
Բանակը շարվեց, Կորին մոտեցավ նրանց։
-         Դե ի՞նչ, փրկելու՞ ենք հրամանատարին,- ոգևորվեց Մալեն։
-         Այո´, սակայն հարկ չկար այսքան շատ զինվոր դուրս բերել, ինքս կգնամ նրանց հետևից։
-         Դու դեռ չէիր վերադարձել, երբ ես զինվորներին դուրս էի բերում,-բացատրեց  Մալեն։
-         Լա´վ, քայլդ ողջունելի է, առա´ջ,- գոչեց Կորին՝ ինքն էլ ընթանալով առաջ,- Մալե´,- նորից վերադարձավ նա։
-         Այո´։
-         Իմ եղբայրը նույնպե՞ս այնտեղ է։
-         Այո´, Վերին, Վիվին նույնպես։
-         Օ՜, իմ հարազատները՝ յուրաքանչյուրը միակը,- մեծ կարոտով արտաբերեց նա,- Ինքս նրանց կազատեմ, իսկ զինվորները թո´ղ մաքրեն քաղաքը։ Ես Ադամանդին կոչնչացնեմ։
-         Այո´, Կանա´չ աչք,- ավելի ոգևորվեց Մալեն։
Կորին նորից հայտնվեց Ադամանդի պատկերը կրող դրոշի մոտ։ Բացեց ափը, կրակը բոցկլտաց, նորից փակեց այն, սլացավ ցած, կանգնեց դիտարանի բաց պատշգամբին։
-         Ադամա´նդ,- ձայն տվեց նա։
-         Ի՞նչ կա, Կանա´չ աչք, վերջապես որոշեցի՞ր ծառայել իմ գաղափարին, վերադարձա՞ր,-  երևալով խոսեց Ադամանդը։
-         Բա´ց թողեք Մարկոսին և մյուսներին, այլապես իմ հետագա քայլի համար ստիպված կլինեք պատասխան տալ ինքներդ, որքան էլ տարօրինակ հնչեն իմ խոսքերը։
-         Ի՞նչ կարող ես անել։ Խոսքով սպառնացողներն ավելի անվնաս են, քան անձրևի որոտը։ Եթե կարող ես, փորձիր։ Իմ ռոբոտ-զինվորները կոչնչացնեն քո մի բուռ յուրայիններին,- ինքնավստահ պատասխանեց նա։
-         Իսկ դուք մի´ ծուլացեք, մոտեցե´ք նայե´ք ներքև, գուցե ձեր կարծիքը փոխվի՞ իմ մի բուռ յուրայինների առումով,- Խորհուրդ տվեց Կորին, նորից  կանգնեց դրոշի մոտ։
Ադամանդը կախվեց պատշգամբից։ Նա այնտեղից տեսավ Մարկոսի զինվորներին՝ Մալեի գլխավորությամբ, իսկ նրանք արտաքինով համարյա  չէին տարբերվում ռոբոտ-զինվորներից։
-         Որտեղի՞ց հայտնվեցին նրանք,- կարծես չհավատալով աչքերին՝ ավելի առաջ թեքվեց Ադամանդը,- Նրանք շատ չէին,- մի պահ լռեց, ապա, կարծես գլխի ընկնելով, բղավեց,- Նրանք իմ պահեստայիննե՜րն են։ Իմ զինվորներն իմ դե՞մ։
-         Դե ի՞նչ, ազատ արձակե՛ք նրանց,- դիմեց Կորին։
-         Ո´չ, թո´ղ պայքարեն, եթե հաղթեն այդ զինվորները, բնականաբար, մարդասերն էլ ազատության մեջ կհայտնվի,- առարկեց նա։
-         Բարի, հակառակ դեպքում խոսք եմ տալիս՝ ձեր գլուխը կծխա փողոցների մոխրակույտերից մեկում,- սպառնաց Կորին, սլացավ ներքև։
-         Մալե´,- տեսնելով ձայն տվեց նա, միացավ նրան։
Այդ պահին նրանց դեմ դուրս եկավ սև դիմակավորների մի ստվար խումբ՝ յուրաքանչյուրը ճոճելով սղոց-ձեռքը, իսկ նրանց, իրենց հերթին շրջապատեցին զինվորները՝ կրակի տարափ տեղալով։ Երբ նրանցից յուրաքանչյուրը ամեն անգամ նորից ոտքի էր կանգնում, Մալեն հուսահատ բղավում էր․
-         Նրանք սարսափելի´ են,- և ավելի նահանջում։
-         Սարսափելի ոչինչ չկա՛,- պատասխանեց Կորին, Մալեին առավ, միասին հայտնվեցին մոտակա տանիքին։
Նրան թողեց այնտեղ, ինքը սկսեց վազել, վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդ բարձրացան ավազախառը տերևները։ Կորիի աչքերից արձակված շանթն անցավ ռոբոտ-զինվորների միջով։ Նրանցից սկսեց ծուխ բարձրանալ, բայց նորից ոտքի կանգնեցին, շարունակեցին հետևել զինվորներին։
-         Հա՜, հա՜, հա՜, հաղթում է ուժեղագույնը,-  Ադամանդը ավելի ոգևորվեց։
Կորին տխրեց, բացեց ափը, նայեց անմար կրակին, կարծես նրա գլխում նոր միտք ծագեց, նա ժպտաց, նորից փակեց այն, վեր սլացավ, որտեղից տեսավ ծխապատ փողոցներում կռվող երկու ուժերի բախումից առաջացող անտանելի աղմուկն ու շաչյունը։
Երկու կողմն էլ անզոր էր հաղթելու, իսկ պարտությանը ոչ մի կողմին մոտիկ չէր։ Կորին անհետացավ տեսադաշտից, անսպասելի նորից հայտնվեց, խլեց Մալեին, սլացավ վեր։

Комментариев нет:

Отправить комментарий