пятница, 3 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 50)


Ժամանակն առաջ սլացավ՝ հետևում թողնելով ավերակները, աղմուկն ու պայթյունները։ Կորին, հետևելով նրան, նորից հայտնվեց հին ու նորն իրար խառնված աշխարհում։
-         Ահա´, մենք  նորից վերադարձանք անցյալ,-  խոսեց ժամանակը։
Կորին  նայեց զառամյալ ծերունուն՝ աշխատելով թաքցնել զարմանքը։
-         Տեսնում եմ՝ դու շարունակում  ես զարմանալ, սակայն հարկ չկա։ Ես անցյալն եմ։ Ահա´, նայի´ր շուրջդ։
Կորին նայեց համատարած մոխրին, կռացավ շոշափեց այն․
-         Այն կարծր է, ինչպես քարը, իսկ ես կարծեցի փոշի է։
-         Այն իսկապես փոշի է, որով դարեր առաջ ժայթքած հզոր հրաբուխը ծածակել է իր ժամանակի այս մեծ քաղաքը։
-         Այս քաղաքում ամենուր կավե արձաններ են, որքան զարգացած է եղել արվեստը։
-         Գուցե արվեստը ևս զարգացած է եղել, սակայն նրանք արձաններ չեն, այլ  քաղաքի բնակիչներն են, որոնց ծածկել է մոխրի հաստ շերտը, իսկ դարերի ընթացքում այն կարծրացել է՝ նմանվելով կավի։ Ահա´ ով է մարդը  բնության տարերքի և ժամանակի դեմ,- նա մի պահ լռեց, հետո պատասխանեց ինքն իրեն,- Ոչ ոք,- գլուխը տարուբերեց ժամանակը, սլացավ առաջ։
Կորին մի պահ մնաց կանգնած, ապա  ծերունու հետևից հայտնվեց կլոր սրահում։
-         Ամեն ինչ և յուրաքանչյուրն անցնում են իմ միջով,- շարունակեց ծերունին,- Ես ընթացքն եմ պատերազմի և խաղաղության, մանկության և պատանեկության, երիտասարդության և ծերության։ Ես կանգառ չունեմ, վա´յ այն անմիտին, որ կանգառ կփնտրի իմ ընթացքի մեջ,- խոսքն ավարտելով բազմեց աթոռին՝ կերպարանափոխվելով երիտասարդի,- Անմար հուրից քեզ մնաց երեք կաթիլ
-         Երկու,- տխուր միջամտեց Կորին։
-         Երեք՝ արահետը վերանալով, կաթիլը ետ վերադարձավ,- բացատրեց ժամանակը,- Սակայն այնտեղ, որտեղ դու վերադառնում ես, երեք հազար կաթիլն անգամ անզոր է վերափոխել իմն ու քոնն արած մարդուն, որը, որպես ինքնահավան, հավերժի հույսով, բնության ավերակների վրա  դղյակներ է կառուցում,- ժամանակը տեղից վեր կացավ, մոտեցավ Կորիին։- Ահա´, վերցրու´ այս փոքրիկ թալիսմանը, այն քեզ կտանի քո աշխարհ,- ասաց նա, նրա ափի մեջ դրեց մի փոքրիկ սլաք։
Կորին փակեց ափը, ուզեց նայել երիտասարդին, բայց թվաց՝ կամքին հակառակ, անտես մի ուժ նրան վեր հրեց կանգնած տեղից։ Երբ նորից ոտքն առավ գետնին, նայեց շուրջը՝ ամենուր սպիտակին էր տալիս եղյամը, իսկ տեղ-տեղ նմանվում էր կուտակված ձյան փաթիլի։ Կորին նայեց վեր, երևաց Ադամանդի պատկերը կրող սպիտակ դրոշը։
«Ես վերադարձա»,-  նա բացեց ափը։ Սլաքը փոքրանալով, անհետացավ,- «Շնորհակալ եմ»,- շշնջաց Կորին, դեպի երկինք նայելով։

Комментариев нет:

Отправить комментарий