пятница, 10 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 55)


Դուրս գալով մութ զնդանից՝ բոլորը շտապեցին լքել նաև գետնահարկը՝ այնտեղ թողնելով Ադամանդին։ Կորին հայտնվեց շենքի տանիքին, նայեց հեռուն։ Ամենուր ռոբոտ-զինվորներն էին և դեռ իրենց մարմինները փնտրող ուրվականները։ Տեղ-տեղ եղյամը հիշեցնում էր ձյան հաստ շերտը։ Բացված տեսարանից տարակուսած, նորից սլացավ ցած, միացավ  խմբին։
-         Քաղաքում նույն քաոսն է,- հայտնեց նա ընկերներին։- Մի՞թե եղյամը հավերժ է,-  շարունակեց սրտնեղած։
-         Ոչինչ հավերժ չէ, առավել ևս Ադամանդի ստեղծածը, հարկ չկա հուսահատվելու- հուսադրեց Մարկոսը, քայլեց առջևից։
Նրանց ընդառաջ դուրս եկան ժանիքավոր ուրվականները։
-         Շտապե´ք, այլապես մենք կորած ենք,- բացականչեց Աբգարն՝ ակամա արագացնելով քայլերը։
Բոլորը դանդաղ վազքով հետևեցին գիտնականին։ Երբ ուրվականները արդեն հասանում էին նրանց և ընդամենը մի քանի քայլ էր բաժանում, Կորին սկսեց վազել, նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդում սկսեցին պարել ավազախառը դեղին տերևները։ Յուրաքանչյուրը հազիվ էր կարողանում մնալ գետնին կանգնած քամու ուժից։ Կորին հայտնվեց մոտակա  տանիքին, նրա արձակած շանթն անցավ  ուրվականների խմբի միջով, նրանք մի պահ անջատվեցին, խումբն համարյա իրար գրկած, սկսեց ավելի արագ վազել։   Երկնքում երևացող ուղղաթիռը նրանց անակնկալի բերեց։
-         Եթե Մալեն է, ինչու՞ է միայնակ,- զարմացավ Մարկոսը՝ աչքը չկտրելով մոտեցող ուղղաթիռից։ Իսկապես, երևաց Մալեն։ Խումբը Մարկոսի գլխավորությամբ կանգ առավ։
-         Այս երիտասարդը չի դադարում անակնկալ մատուցել,- շշնջաց Մարկոսը ժպտալով։
Մալեի հետ միասին վազքով խմբին մոտեցավ  մի զինվորական։
-         Հրամանատա´ր, նրանք դառնում են անկառավարելի։ Արդեն չգիտեմ, որ մեկն է ավելի վտանգավոր՝ ուրվականնե՞րը, թե՞ ռոբոտ-զինվորները,- զեկուցեց Մալեն՝ թոթովելով ուսերը։
-         Ինքս էլ եմ անզոր անգամ խորհուրդ տալու, մեզ մնում է գոնե ողջ հասնել տուն և սպասել Կորիին,- տարակուսեց Մարկոսը, նայեց ուրվականների կողմը,- Ահա´, նրանք նորից ոտքի կանգնեցին։
-         Դուք շտապեք հեռանա´լ,- միջամտեց զինվորականը։
Մարկոսը հետաքրքրասիրությամբ նայեց նրան։
-         Ո՞վ ես։
Անծանոթը ժպտաց,- Անունս Ջամիլ է։
Մարկոսն ավելի ուշադիր նայեց երիտասարդին,- Չնայած երբեք չեմ կարողացել տեսնել քո դեմքը, բայց կարողացա ճանաչել ձայնդ, շնորհակալ եմ,- նա ձեռքով բարևեց անծանոթին,- Պարզվում է՝ այնքան էլ կամվոր չես, Ջամի´լ,- գոհունակությամբ ժպտաց Մարկոսը։
Խոսակցությունը կիսատ մնաց, երբ շանթից գետնին տապալված ուրվականները նորից ոտքի կանգնելով,  ուղղվեցին նրաց կողմը։ Կորին շանթը կրկնեց այնքան, մինչև խումբը կարողացավ անհետանալ ուրվականների տեսադաշտից։ Ճանապարհի դժվարությունները հաղթահարելով՝ նրանք մտան դեպի միայնակ տունը տանող ծառուղին։ Կորին առաջինը հայտնվեց բակում։
-         Դու արդեն այստե՞ղ ես,- ներս մտնելով ուրախացավ Մարկոսը։
-         Մարկո´ս, ես ունեմ միայն մեկ հնարավորություն, սակայն խնդիրները շատ են, ինչպե՞ս անել, գուցե խորհուրդ տաք,- խոսեց Կորին։
-         Կարծում եմ՝ պետք է վերացնել, եթե ոչ մեծագույն չարիքը, ապա գոնե հերթականը՝ ետ ուղարկելով ուրվականներին։
-         Մեծագույն չարիքը Ադամանդն է, բայց քանի որ նա զնդանում է, դուք ճիշտ եք՝ կփորձեմ ետ ուղարկել ուրվականներին,- Կորին ընկավ մտքերի մեջ։
-         Ի՞նչ կա, ինչու՞ հապաղեցիր, որևէ բան այնպես չէ՞,- նկատեց Մարկոսը։
-         Իսկ ռոբոտ-զինվորնե՞րը։
-         Իմ կարծիքով նրանք միշտ էլ կլինեն, քանզի նրանց հումքը մարդն է։
-         Իսկ եղյա՞մը։
-         Մի՞թե այն արդեն առաջին ճաքը չի տվել, նայի´ր,- նայելով շուրջը՝ պատասխանեց Մարկոսը։- Վերի´,- ձայն տվեց նա, մոտեցավ երիտասարդը,- Սովորության համաձայն՝ բացի´ր դուռը։
-         Այո´, հրամանատա´ր,- պատասխանեց նա, մոտեցավ, բացեց դուռը, լույսը հորդեց դուրս, բոլորն ուրախացան։
-         Ահա´, նայե´ք, վերջապես միայնակ տունը, թեկուզ դանդաղ, բայց  կորցնում է իր եղյամյա պատյանը,- ոգևորված բացականչեց Կորին, վեր սլացավ շարունակելով,- Պետք է մաքրե՛լ քաղաքը նրանցից։
Նա հայտնվեց հրապարակում, նայեց կիսաայրված դրոշին, սլացավ ցած, սկսեց վազել, նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդ բարձրացան ավազախառը դեղին տերևները, արձակեց շանթը. այն անցավ պատվանդանի միջով։ Դուռը ծանր ճռռոցով տեղի տվեց, Կորին կանգնեց աստիճաններին․
-         Քառակուսի՜ գլուխ։
-         Այո´, հրամանատա´ր,- հայտնվեց ուրվականը,- Ես կոչնչացնեմ քեզ,- շարունակեց նա՝ փորձելով հարձակվել Կորիի վրա։
Նա խույս տվեց, վեր սլացավ, կանգնեց պատվանդանին։ Ուրվականը եթերային քայլերով հետևեց նրան, դուրս եկավ հրապարակ, նայեց վեր։
-         Ես կատարում եմ իմ առաջին հրամանը,- վանկարկեց նա։
-         Հեռացի´ր քո աշխարհը, Քառակուսի´ գլուխ,- հրամայեց Կորին, կախվեց նրա վրա։
-         Ես կատարում եմ  առաջին հրամաը,- նորից կրկնեց ուրվականը։
-         Ի՞նչ արած, ինձ մնում է քեզ պարտադրել ետ վերադառնալ,-  Կորին բացեց ափը, բոցկլտաց անմար հրի վերջին կաթիլը։
Այն գլորվեց, ընկավ  ուրվականի վրա։  Ամեն կողմից լսվեց աղմուկ և աղաղակ։ Կորին հայտնվեց երկնաքերի տանիքին, այնտեղից տեսավ, թե ինչպես են ուրվականները՝ ժանիքավոր, թե դեռ մարմինը փնտրող, փչող քամու հետ վեր սլանում, եթերային քայլերով դուրս գնալով քաղաքից։
-         Ո´չ, Կանա´չ աչք,- հեռացող ուրվականների շարքի վերջում բղավում էր Քառակուսի գլուխը,- Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը։
-         Դու գտել ես քո մարմինը, հեռացի´ր քո աշխարհ,- մրմնջաց Կորին։
Ուրվականը, մինչև վերջ ճանկռոտելով, կառչում էր պատերից, սյուներից, սակայն փոքրիկ ոսկեգույն կաթիլը նրան քշեց այնքան, մինչև նա անհետացավ, իսկ կաթիլը, շարունակելով ճամփան, տարալուծվեց հորիզոնում՝ կարծես, արթնացնելով արևին։  Անհետացան պարող  տերևները՝ պտտվող քամու հետ վեր բարձրանալով։
-         Անհետացավ չարիքի փոքրագույնը,- դեռ միտքը չէր ավարտել Կորին, երբ երևացին ռոբոտ-զինվորները,- Սակայն ո´չ մեծագույնը,- տխուր շարունակեց նա, նայեց եղյամին, սլացավ միայնակ տան կողմը։
-         Ես ոչինչ անել չկարողացա,- հանդիպելով Մարկոսին ասաց կորին,- Որքա՜ն խնդիրներ մնացին։
-         Դու ավելին արեցիր, քան հնարավոր էր,- ուրախացած նրան մոտեցավ Մարկոսը։
-         Իսկ եղյա՞մը, ռոբոտ-զինվորնե՞րը
-         Արևը շողում է հորիզոնում։ Աննկատ, բայց կանհետանա եղյամը, մի´ տրտմիր, իսկ Ադամանդի պարտությամբ մեգապոլիսը կխախաղվի։
-         Չէ՞ որ նա զնդանում է, մի՜թե դա պարտություն չէ,- զարմացավ Կորին։
-         Նա այնտեղ է իր անբաժան գլխաշորի և ադամանդի հետ, չեմ կարծում այն կրում է որպես զարդ։ Եթե նկատել ես, նա անխոցելի է։
-         Այո´, նկատել եմ,- կարծես միայն Մարկոսի ասելուց հետո գլխի ընկավ նա, վեր սլացավ բացականչելով,- Այո՜, կարծես գլխի եմ ընկնում։ Ինչպե՞ս կարող էի անտեսել գլխավորը։
-         Միայն այդ դեպքում կվերանա քաղաքի եղյամը,- շարունակեց Մարկոսը՝ այս անգամ խոսելով ինքն իր հետ։
Կորին ընթացքից մի  հայացք նետեց հարազատ մարդկանց կողմը։
-         Ես կվերադառնամ նրան հաղթելուց հետո,- գոչեց նա։
Վիվին ժպտաց՝ գլուխը հենելով Աբգարի ուսին։

Комментариев нет:

Отправить комментарий