пятница, 3 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 49)


Սովորության համաձայն Ադամանդը դիտում էր դիտարանից եղյամապատ մեգապոլիսին, երբեմն մրմնջում էր անհասկանալի բառեր՝ միաժամանակ չմոռանալով շոյել փարթամ մորուքը։ Դիտարան մտավ պրոֆեսորը՝ լայնեզր, սև գլխարկով, հայացքի տակից բազմանշանակ նայեց Ադամանդին։
-         Ձեզ չի՞ ձանձրացրել այս խաժամուժը, որին դուք քաղաքացիներ եք անվանում և ամեն օր նրանցով հիանում այս ամբիոնից։
-         Իսկ դուք այլընտրանք ունե՞ք, չէ՞որ նրանք են պահպանում իմ անդորրը, կարծում եմ նաև ձեր, որքան էլ խաժամուժ համարեք նրանց․․․
-         Այսօր ի՞նչը կարող է խախտել ձեր անդորը կամ ո՞վ, եթե Կանաչ աչքն անհետացել է, իսկ Մարկոսը մութ զնդանում է՝ գիտնականի ընկերակցությամբ, որի հետ կարծում եմ այնքան էլ  արդարացի չվարվեցիք։
-         Այդ ամենն անում եմ անվտանգությունից ելնելով, իսկ այն երբեք էլ ավելնորդ չէ։ Այ եթե համոզվեմ՝ Կանաչ աչքը գոյություն չունի, այն ժամանակ կմտածեմ այդ խաժամուժի վերացման մասին, իսկ դրանից հեշտ բան չկա։
-         Այո´,- մտածմունքի մեջ ընկավ պրոֆեսորը,- Ոչ մի հաղթանակ, անգամ գլխապտույտ հաջողությունը չի թուլացնում ձեր զգոնությունը։
-         Ավելի հեշտ է ձեռք բերել հաղթանակը, քան այն պահելը, այնպես որ արժե մի մի գավաթ ըմպել հենց այդ առիթով,- պատասխանեց Ադամանդը, ներս մտավ, նրան հետևեց Բենը՝ գլխարկն առաջ դնելով։
-         Բե´ն, ես հարուստ եմ, հզոր, որքան էլ ժամանակին կարծում էի այս պատերազմում հաղթողներ և պարտվողներ չեն լինի։ Փաստորեն հաղթեցի՝ ճզմելով բոլորին,- ինքնավստահ սկսեց նա՝ գինով գավաթը մեկնելով  պրոֆեսորին։
-         Իսկ երջանի՞կ եք։
Անսպասելի հնչած հարցից նա գավաթը ձեռքին մնաց կանգնած՝ ուղիղ նայելով պրոֆեսորին։
-         Այո´, այո´, դուք երջանի՞կ եք,- հարցը կրկնեց նա՝ իր հերթին ուղիղ նրա աչքերին նայելով։
-         Ձեր կարծիքով ի՞նչ է երջանկությունը, մի՞թե իմ ձեռքբերումները չեն հուշում ձեզ իմ երջանկության մասին,- անակնկալի եկած՝ կարողացավ այսպես պատասխանել բռնապետը։
-         Եվ այդ  ձեռքբերումներով ու՞մ հետ եք կիսվում։
-         Ոչ ոքի։
-         Ահա´ ձեր պատասխանը՝ ոչ ոքի։ Պարզվում է երջանկության տեղը դատարկ է։ Ամենամեծ հաղթանակն անգամ անզոր է երջանկացնել մարդուն, եթե նա չունի մեկը, որի հետ կկարողանա  կիսվել այդ հաղթանակի ուրախությամբ,- նկատեց Բենը։
-         Ես այն ձեռք կբերեմ, կարծում եմ այնքան էլ հաճույք  չէ ինձ համար։
-         Այն չի վաճառվում,- ծիծաղեց պրոֆեսորը,- Իսկ ձեր դեպքում․․․,-պրոֆեսորը, միտքը կիսատ, լռեց, որից Ադամանդի դեմքն այլայլվեց, ապա հոխորտաց․
-         Իմ դեպքում՝ ի՞նչ և ինչու՞, գրող տանի։
Հայտնվեց սատանան։
-         Այո, տե´ր իմ, հրամանքդ, երկար ժամանակ է՝ ինձ չես հիշում,- խորը գլուխ տվեց նա։
-         Ես հարուստ եմ, իմ հաղթանակը փայլուն է։
-         Գիտեմ, այդ ամենով ինձ ես պարտական։
-         Ուզում  եմ նաև երջանիկ լինել։
-         Օ՜, կան ցանկություններ, որում ամենակարող անձս անգամ անզոր է։ Այո, այն ինչ ձեռք ես բերել հեռու է երջանկությունից, սակայն ես ոչինչ անել չեմ կարող։ Քո ագահությունը հաճախ լափում է քո մարդ-էությունը, որն, իհարկե, իմ ձեռքբերումն է, և դու այն վերագրում ես հաղթանակի կամ հաջողության։ Ագահը չի կարող երջանիկ լինել։
-         Ես ագահ չեմ։ Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ահա´ իմ հաջողության գրավականը։ Հարկ չկա իմ հնարամտությունները վերագրել քեզ։
-          Բավարարվի´ր ունեցածով և գուցե երջանիկ լինես, հակառակ դեպքում այդ ցանկությունից թող օգտվեն մյուսները։
-         Ինչպե՞ս, ինձ համար կա՞ անհնարին որևէ բան,- ակամա ձայնը բարձրացրեց Ադամանդը։
-         Ասում են՝ անհնարին ոչինչ չկա, բայց անհնարինն է մարդուն ստիպում ենթարկվել։ Եթե դու քեզ համարում ես ամենակարող, ապա մշտապես քո ներքին ձայնը խոսել է ինձ հետ, ահա որտեղից է թվացյալ անհնարինը։ Եթե կա անհնարինը, ապա դա ինձ համար է և ոչ հասարակ մահկանացուի։
-         Ե՞ս՝ հասարակ մահկանացու՞,- հարցի հետ հոխորտաց Ադամանդը, Բենը քմծիծաղ տվեց։
-         Այո´, եթե գոյություն չունենա մարդու ինքնամեծարումը, իրականում բոլորն էլ հասարակ մահկանացուներ են, պարզապես կան մարդիկ, որոնց տրվում է երջանկության պահը, կրկնում եմ պահը։ Այս պահին քո զնդանի մարդիկ ավելի երջանիկ են, քան դու,- շարունակեց սատանան։
-         Ինչպե՞ս, դու գտե՞լ ես նրանց։
-         Մարդը չի կարող ինձանից գաղտնիք ունենալ, որքան էլ ցանկանա,- ժպտաց սատանան, նրա ժանտ ժպիտից պրոֆեսորն զգաստացավ։
-         Քո խոսքերն անհիմն են, ինչպե՞ս կարող են խավարում նրանք երջանիկ լինել,- չարախնդաց Ադամանդը։
-         Որքան էլ այն հակասում է իմ սատանայական սկզբունքներին, կհասկանաս շատ ուշացած, երբ եղյամը առաջին ճաքը կտա․․․
-         Չքվի´ր աչքիցս, անպատկա´ռ, այլևս չերևա´ս,- բղավեց Ադամանդն՝ իրեն կորցրած։
-         Այսուհետ դու ավելի հաճախ կզգաս իմ կարիքը,- պատասխանեց Սատանան, անհետացավ։
-         Տեսնում եմ սատանան ավելի գթասիրտ է,- փորձեց կատակել Բենը։
-         Բարությունն իմ ոճը չէ, այն հաճախ ակնհայտ է դարձնում դիմացինի երախտամոռությունը, իսկ ես տանել չեմ կարողանում ձևական բարությունը։
Այսօր նա մի տեսակ իրեն նման չէր,- հանգիստ տոնով շարունակեց  Ադամանդը, մոտեցավ նայեց հայելու մեջ, ձեռքը դանդաղ մոտեցրեց, պոկեց ճերմակ մազերից մեկը,- որքան անարդար է կյանքը, հարուստն էլ աղքատի հետ ծերանում է։
-         Կարծում եմ՝ ոչ այնքան կյանքը, որքան վազող ժամանակը,- նկատեց Բենը՝ հանգիստ մի կում անելով գինուց։
-         Ժամանկը չի կարող արդար կամ անարդար լինել, պարզապես այն անցնում է մեր միջով,- մի պահ լռեց, հարցրեց,- թե՞ մենք նրա միջով՝ ծերանալու դեպքում միևնույն է, թե ով ում միջով,- ձեռքը թափահարելով՝ շարունակեց Ադամանդը, նայեց Բենին,- Այդպես էչ՞, պրոֆեսո´ր․․․
-         Գուցե։
-         Այո´, գուցե,- կիսաձայն շշնջաց նա, նորից նայեց հայելուն, ուղղեց չալման,- Նա է իմ երջանկության բանալին․․․,- հազիվ լսելի շարունակեց նա՝ կարծես խոսելով ինքն իր հետ։
Պրոֆեսորը տեղից վեր կացավ․
-          Ու՞մ մասին է խոսքը։
-         Նրա, ես կտիրանամ նրան։ Նաթին իմը կլինի,- խոսքի հետ շրջվեց դեմքով դեպի Բենը, նայեց նրա աչքերի մեջ։
-         Ես պետք է գնամ,- պրոֆեսորը բաժակը վայր դրեց։
-         Ինչու՞ այդպես հանկարծ որոշեցիք, գո՞րծ ունեք։
-         Այո´, և անհետաձգելի,- խորամանկ ժպտաց Բենը, դիմեց դեպի դուռը։
Ադամանդը հայացքով ուղեկցեց նրան, ապա նորից նայեց հայելու մեջ, մատը դրեց շրթունքին, խուլ շշնջաց․ «Ես անզգույշ գտնվեցի, նա թույլ չի տա»,- նորից շոյեց մորուքը, -«Կարծում եմ ճերմակ մազերը միայն գեղեցկացնում են տղամարդուն»,- նա հայացքը սևեռեց շողացող ադամանդին,- «Եթե ոչ ես, ապա այս անգին քարը նրան կնվաճի»,- շշնջաց նա, մատներով համբույր դրոշմեց ճակատին շողացող քարին․․․


Комментариев нет:

Отправить комментарий