среда, 8 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդու (մաս - 54)


Մալեին թողնելով բանակի հետ՝  Կորին կանգնեց բաց պատշգամբին։
-         Ադամա´նդ,- ձայն տվեց նա։
-         Դե ի՞նչ, հաղթեցի՞ր իմ անպարտելի բանակին,- երևալով հեգնեց Ադամանդը, սկսեց բարձր քրքջալ։
-         Համարեք հաղթել եմ, բա´ց թողեք Մարկոսին և մյուսներին։
-         Հաղթանակը համարելով չի ծնվում, այն միանշանակ պայքարի արդյունք է, որն իհարկե չեմ կարող տեսնել  հակառակորդի կողմից։
-         Դուք ձեր քմահաճությամբ փորձում եք ավելի՞ սրել իրավիճակը։
-         Թեկուզ, քանզի ցանկացած հակամարտությունից ես միայն գտնում եմ, թող մտածեն կորցնողները, այս դեպքում՝ դո՛ւ, Կանաչ աչք։
Կորին լքեց պատշգամբը՝ Ադամանդին թողնելով առանց պատասխանի։ Նա երկնաքերի տանիքից նայեց քաղաքին, հայացքը սառեց, մի պահ այդպես մնաց, շշնջաց․
-         Պատերից ծնվում են քառակուսիներ,- բացեց ափը, փոքրիկ կրակը բոցկլտաց,- Խնդիրները համատարած են, ի՞նչ կարող է անել այս մեկ կաթիլը,- նայեց դիտարանին, կարծես ակամա նրա աչքերը փայլեցին, պոկված շանթն անցավ դրոշի միջով, լսվեց Ադամանդի բղավոցը։
-          Այրվու՛մ է, օգնեցե՜ք
Կորին ժպտաց, ցած սլացավ, հայտնվեց պատվանդանին, նայեց քարե դռանը։
Սկսեց վազել, վազքի հետ փչեց քամին, քամու հետ սկսեցին օդում պարել ավազախառը դեղին տերևները։ Նրա աչքերը փայլեցին, շանթն անցավ քարե ծանր դռնով։ Մոտեցավ, այն հրեց։ Դուռը բացվեց։ Կորին ներս մտավ, կանգնեց առաջին աստիճանին, սկսեց կանչել․
-         Աբու-Սաի՜դ,- ոչ մի արձագանք,- Քառակուսի´ գլո՜ւխ,- նորից կանչեց նա։
-         Այո´, հրամանատա´ր,-հայտնվեց նա, Կորին զարմացած նայեց նրան։
-         Դու՞, իսկ Քառակուսի գլու՞խը։
-         Նա ես եմ, ես նա եմ,- վանկարկեց նա։
-         Պարզ է,- նկատելով նրա ժանիքները, տխուր ժպտաց, ապա հրամայեց,- Որտե՞ղ է Մարկոսը, տա´ր ինձ նրա մոտ։
-         Այո´, հրամանատա´ր,- կրկնեց նա, սկսեց իջնել աստիճաններով, Կորին հետևեց նրան։
 Անսահման թվացող մութ գետնահարկով տարածվեց աղոտ կանաչ լույսը։
-         Մարկո´ս,- ձայն տվեց Կորին, երբ ուրվականը կանգ առավ  խուցերից մեկի մոտ։
-         Կանա´չ աչք, ես գիտեի դու կվերադառնաս, ես հավատում էի քո վերադարձին,- ուրախացավ Մարկոսը՝ աղոտ լույսի տակ փնտրելով փրկարարին։
-         Ներեցեք, ավելի շուտ չէի կարող՝ ճանապարհը երկար էր։
-         Կարևորը՝ կարողացար, թեկուզ, ուշացած,- ուրախացած պատասխանեց մարդասերը։
-         Քառակուսի´ գլուխ, բացի´ր դուռը,- հրամայեց Կորին։
-         Այն միայն Ադամանդը կարող է բացել։
-         Ո´չ, ես էլ կարող եմ, թեկուզ այլ տարբերակով,- վրդոհվեց Կորին, ետ կանգնեց, իսկ Մարկոսը քաշվեց մի կողմ։ Նա հայտնվեց խցերից մեկի տանիքին, նրա աչքերի փայլը կրկնապատկվեց, ապա շանթն անցավ ծանր կողպեքի միջով, այն աղմուկով ցած ընկավ։ Մարկոսը ողջագուրվեց նրա  հետ։
-         Քո ուշացումով ես ճաշակեցի  լույսը խավարի մեջ,- շշնջաց նա։
-         Ներեցե´ք, Մարկո´ս, ես չկարողացա,- ափսոսանքով ասաց Կորին։
-         Կա ուշացում, որը գերադասելի է չվերադառնալուց, կարծում եմ՝ սա այդ դեպքն է։ Այս փորձությունը ինձ շատ բան սովորեցրեց,- պատասխանեց Մարկոսը՝ ձեռքը դնելով նրա ուսին,- Իսկ հիմա վայրկյան առաջ պետք է լքել այս զնդանը, այլապես կհայտնվի Ադամանդն՝ իր մարդակուլ խմբով։
-         Ո´չ, հարկ չկա շտապելու,- առարկեց Կորին,- Մի´ անհանգստացեք, նա զբաղված է։ Մենք այստեղ դեռ անելիք ունենք,-պատասխանեց նա, կանչեց ուրվականին,- Քառակուսի´ գլո՜ւխ։
-         Այո´, հրամանատա´ր,- առաջ եկավ նա։
-         Որտե՞ղ է գիտնականը և մյուսները։
-         Այնտե´ղ ,- պատասխանեց նա՝ ցույց տալով հեռավոր անկյան դուռը։
Կորին,  Մարկոսի հետ ուղղվեցին ցույց տված կողմը։
-         Սա պահեստայինների խուցն է,- մոտենալով նկատեց Կորին,- Սարսափելի է մտածել, թե նրանք ամբողջ ժամանակ փակված են եղել այս ընդհանուր խցում,- ասաց նա, ետ քաշվեց դռնից, հեռվից նրա աչքերը փայլեցին, շանթն անցավ   կողպեքի միջով։ Այն վայր ընկավ։
Դուռը բացվեց, Կորին և Մարկոսը ներս մտան։
-         Աբգա՜ր, Վիվի՜, Վերի՜,- կանչեց Կորին հերթով բոլորի անունները, արձագանքող չեղավ,- «Այստեղից, յուրաքանչյուրը ցանկանում է վերջինը դուրս գալ»․ մի անգամ ասաց Աբգարը, պարզվում է ոչինչ էլ չիփոխվել, Վերի՜,- նորից ձայն տվեց նա,- Իսկ գուցե այստեղ ոչոք էլ չկա, գուցե մենք ուշացե՞լ ենք,- տարակուսեց Կորին։
- Աբգա´ր, ձա´յն հանիր, ե´ս եմ՝ Մարկոսը։
Ճանաչելով Մարկոսի ձայնը՝ աղոտ լույսի տակ երևաց մեկը, նրան հաջորդեցին մի քանի ստվերներ, այնուհետև ստվար շարքերով երևացին երիտասարդներ և պատանիներ՝ նրանց հետ Աբգարը, Վերին՝ գրկած Միկիին և միակ իգական ներկայացուցիչը՝ Վիվին։
-         Նրա՛նք են,- ուրախացավ Կորին, ընդառաջ գնաց։ Հերթով ողջագուրվեցին։
-         Ինչպիսի´  հուզիչ տեսարան,- լսվեց հետևից։
Բոլորը անակնկալի եկած ետ նայեցին․ դռների մեջ կանգնած էր Ադամանդը՝ սև չալմայով, վրան շողում էր սպիտակ, խոշոր ադամանդը։ Նրան ընկերակցում էին Նաթին և Բենը՝ սև զգեստավորների հետ։ Վիվին ակամա սեղմվեց Աբգարին։ Կորին մոտեցավ դալուկ ու գունատ աղջկան։
-         Դիմացի´ր, շուտով դուրս կգանք,- Շշնջաց նա,- Որտե՞ղ է Միկին։
-         Այնտե´ղ, Վերիի մոտ,- նվաղած ձայնով պատասխանեց աղջիկը։
Նրանց խոսակցությունը կիսատ մնաց, երբ նորից լսվեց Ադամանդի ձայնը։
-         Նորից ես հայտնվում եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Ահա´, իմ հաջողության գրավականը,- կրկնեց Ադամանդը՝ շոյելով երկար մորուքը։
-         Իսկ չե՞ք կարծում այս վայելչատես երիտասարդն ավելի վաղ է հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում,- պատասխանեց Մարկոսը՝ գլխի շարժումով ցույց տալով Կորիին։
-         Ո´չ, պարզապես նա հաճախ ոտնատակ է ընկնում, իսկ ես բարեբախտաբար չեմ սայթաքում,- ինքնավստահ պատասխանեց նա, դիմեց յուրայիններին,- Փակե´ք նրանց այնտեղ։
Մինչ նրանք կկատարեին հրամանը, Կորին դուրս ցատկեց խուցից, հայտնվեց մյուս մետաղյա խուցի վրա։
-         Եթե չեք սայթաքում, ինչու՞ է փոխվել ձեր չալմայի գույնը,- հեգնեց նա, ցատկեց ցած, սկսեց վազել։ Նրա վազքի հետ բարձրացավ քամին, քամու հետ սկսեցին պարել ավազախառը տերևները, նա նորից հայտնվեց խուցի վրա,- Դե ի՞նչ Ադամանդ, չե՞ք սայթակում։
-         Բռնե´լ նրան, փակե´լ մյուսներին,- բղավեց նա՝ ձեռքով քամուց պաշտպանելով դեմքը, մյուսով գլխին սեղմելով չալման։
Քառակուսի գլուխն ուզեց ծածկել դռները, ներսից դուրս թափվեցին  երիտասարդներն ու պատանիները, շրջապատեցին Մարկոսին, յուրայիններով։ Ուրվականը մոռացավ հրամանի մասին, երբ նրա մեջ արթնացավ բնազդը, նա բռնեց երիտասարդներից մեկին, սկսեց խմել արյունը։
-         Ո´չ,- գոչեց Կորին, նրա աչքերից պոկված շանթն, անցավ ուրվականի միջով, նա մի պահ անջատվեց, բաց թողեց երիտասարդին, նայեց Կորիի կողմը։
-         Ես կոչնչացնեմ քեզ, հրամանատա´ր,- մրմնջաց Քառակուսի գլուխը, ուղղվեց նրա կողմը։
-         Դե ի՞նչ, պատրա՞ստ եք մոխրանալու այս խավարում,-Կորին դիմեց նրանց,-Թե՞ կամավոր հեռանում եք,- շարունակեց նա,- Այլապես բոլորդ հավերժ կհանգրվանեք այստեղ։
-         Բոլորը գուցե, բայց դու չես կարող ամենակարողիս մոխրացնել, բանտել՝ առավել ևս,- ինքնավստահ պատասխանեց Ադամանդը, երկու մատներով համբույր դրոշմեց ադամանդին։
-         Եթե անգամ ինքս չկարողանամ, ապա ժամանակն այդ կանի, վստա´հ եղեք,- պատասխանեց նա, գետնից կտրեց Ադամանդին, սլացավ մեծ խուցից ներս, այնուհետ դուրս եկավ՝ առանց նրա, հրամայեց, որպեսզի փակեն դռները։
Պահեստայիններն անցան գործի՝ արագ փակելով դռները, մինչ Ադամանդը կհասցներ դուրս գալ այնտեղից։
-         Հեռանու՜մ ենք, Մարկո՜ս,- գոչեց նա։
Սևազգեստները հարձակվեցին նրանց վրա, իսկ Քառակուսի գլուխը ամեն կերպ փորձում էր հասնել Կորիին, բայց թիկնապահները, տեսնելով Բենի և Նաթիի անտարբերությունը, ետ քաշվեցին։ Երբ Կորին առաջնորդեց խմբին՝ լուսավորելով ճամփան, Ադամանդի համախոհները ևս շտապեցին լքել մութ զնդանը։


Комментариев нет:

Отправить комментарий