пятница, 9 августа 2019 г.

Դղյակում «Լունա»


Լսվող ճռճռոցից, մենք իրար նայեցինք, ապա զարմանքվ տեսանք, թե ինչպես է գետնի տակից բարձրանում հսկա մի գմբեթ, իսկ նրա վրայից ավազը սողալով ցած, անհետանում էր։ Թվաց առաջին գմբեթը խրվեց երկնքում, հետո մեծ գմբեթի կողքին սկսեցին երևալ ավելի ցածր գմբեթներ՝ բոլոր  ոսկեզոծ էին։  Այն շուտով վերածվեց հսկա ապարանքի։ Ապարանքը զարդարված էր բարդ նախշերով։ Տարբեր կենդանիների քանդակները, զարդարված թանկարժեք քարերով, այն հասցնում էին կատարելության։ Գլխավոր շինությունը մարմարակերտ էր, երիզների զարդաքանդակները ոսկեգույն։ Եթե այն գնտվեր արևի ճառագայթների տակ, ապա շլացուցիչ փայլով կարող էր կուրացնել նայող աչքին։
-       Սա հրա՛շք է, դուրս թռավ իմ բերանից և հմայված ուզեցի մոտենալ ապարանքին։
-       Կանգ ա՛ռ Լունա՛,- իմ թևից ետ քաշեց Մարտինը։
-       Բայց այնքա՜ն գեղեցիկ է,- զմայլված շարունակեցի ես։
-       Լունա՛ արթնացի՛ր, չէ՞ որ դրա համար մենք այստեղ չենք,- սաստեց ինձ Մարտինը,- Հիշի՛ր Միքայելին։
-       Այո՜,- ծոր տվեցի և կարկամելով, մնացի տեղում կանգնած,- Քիչ մնաց մոլորվեի։
-       Դու չես մոլորվել, դու ճիշտ ես գնում,- հոխորտաց ճաղատը,- Եղբո՞րդ ես փնտրում, հա՜, հա՜, հա՜․․․
-       Մենք միասին կմտնենք ներս,- գոչեցինք ես ու Մարտինը, ձեռք ձեռքի բռնելով։
-       Իսկ ձեզ կուղեկցեն իմ ծառաները,- հաղթողի տրամադրությամբ գոչեց ճաղատը և երեք անգամ գավազանով հարվածեց գետնին, նայեց ապարանքի շքամուտքին։ Հայտնված ծառաներն ավելի շատ շքախումբ էին հիշեցնում իրենց ոսկեկար զգեստներով։ Նրանք կրում էին թանկարժեք զարդեր։ Ծառաների մաշկը դեղին էր ու թառամած, ինչպես տիրակալինը։
Հայտնվեց սև կարապների երամը, կտուցներով ճաղատի ոտքերի տակ փռեց սև գորգը։ Երբ թռչունները նրան ապարանքի դռնից ներս տարան, հայտնված շքախումբը մեզ առավ իր մեջ։ Նրանք մեզ ևս ուղեկցեցին դեպի ապարանքը։ Մենք տեսանք, թե ինչպես սպիտակ աղավնին աննկատ մեր ետևից ներս մտավ, իսկ  երևացող ապարանքից մնաց միայն ավազը և ամեն ինչ դարձավ առաջվանը։
Մեր հայտնված նոր տեղն ավելի լուսավոր չէր, քան քիչ առաջվանը։ Զարմացած մեր շուրջն էինք նայում,իսկ մեզ ուղեկցող պահակախումբը տեղ հասցնելով, մեզանից որոշակի տարածության վրա յուրաքանչյուրը զբաղեցրեց իր տեղը։ Դղյակին մեծ շուք հաղորդող արծաթափայլ շատրվանների անտեսանելի կաթիլները թրջում էին մեր դեմքը։ Տիրակալը բազմեց բարձր ու ոսկեզոծ փափուկ աթոռին, որի երիզները զարդարված էին փիրուզով, իսկ պաստառը, բացի ոսկյա գույնից,  կրում էր նաև երկիրը խորհրդանշող գորշադեղինը։ Տիրակալը երկրորդ անգամ գավազանը հարվածեց գետնին՝ հայտնվեցին արտաքինով կապիկ հիշեցնող էակները։ Նրանք կրում էին սև կոստյունմեր, փոխկապներ և սպիտակ վերնաշապիկներ։ Նրանց ականջները մեծ էին ու մազոտ, քթերը կճատ էին, իսկ քթանցքները բաց, բերանները մեծ ու առանց շրթունքի։ նրանց ճակատի խիտ մազածածկը հասնում էր աչքերին։ Բոլորը տեղավորվեցին տիրոջ ոտքերի առաջ, ծալապատիկ նստելով։

Комментариев нет:

Отправить комментарий