среда, 7 августа 2019 г.

Ես վախենում էի «Լունա»


Վաղորդյան ցողը դեռ նստած էր կանաչին, իսկ արևը կիսովի ծիկրակում էր սարի ուսից։ Ես իմ անբաժան տոպրակը ուսովս գցած, քայլում էի փոշոտ ճամփով։ Երբ գյուղը ծածկվեց իմ տեսադաշտից, կանգ առա, նայեցի չորս բոլորը։ Հեռվից երևում էր գորշ լեռնակույտը, որից քիչ ներքև կանաչին էին տալիս դաշտերը։ Իմ հայացքը մեխվեց մնաց երևացող ժայռափնջին։ Թվաց մեկը շարժվեց ժայռերի արանքում։ Նա բարձրացավ, կանգնեց ժայռին։ Հաղթահարելով  վախս, շարունակեցի քայլել։ Արևը դեռ դուրս չեկած, անսպասելի երևացին սև ամպերը և շուտով կապույտ երկնքի հետքն անգամ չմնաց։ Անձրևաբեր ամպերը լողում էին դեպի երևացող ժայռերը։ Քայլելով, անցած անգամվա պես հայտնվեցի փոսի նմանվող  դաշտում։ Մնացի քարացած, երբ ժայռին հայտնվող կերպարանքն ավելի պարզ երևաց։ Եղբորս փրկելու միտքը նահանջեց իմ մեջ և սարսափահար փորձեցի ետ դառանալ եկած ճամփով։ Ետ դարձի ճամփան զառիվեր էր, ուստի մնացի հուսահատ տեղում կանգնած։
-       Լունա՜,- հանկարծ լսվեց հեռվից, նայեցի՝ ոչ ոք չկար, սարսափած փակեցի աչքերս ու ականջներս։
-       Ո՛չ, ես չեմ խելագառվել,- սկսեցի կրկնել ինքս ինձ հանգստացնելով։
-       Լունա՜,- ձայնը կրկնվեց։ Բացեցի աչքերս, նայեցի դեպի ճամփան, այնտեղից մի գլուխ երևաց․
-       Մարտինն է,- ուրախացած շշնջացի և վազեցի նրա կողմը, կարծես փրկվելով մի մեծ աղետից։
-       Ինչու՞ չսպասեցիր ինձ,- հարցրեց Մարտինը շնչակտուր։
-       Ներիր, մտածեցի․․․,- քանի որ ինձ մեղավոր էի զգում, ուստի լռեցի և հայացքիս տակից նայեցի իմ փրկարարին։
-       Դե ի՞նչ, շաունակե՞նք ճամփան,- հարցրեց Մարտինը, իսկ ես նայեցի լեռան կողմը, որտեղ երևացել էր սև կերպարանքը և անվստահ քրթմնջացի, ուսերս վեր քաշելով․
-       Չգիտեմ։
-       Ինձ թվու՞մ է, թե՞ դու վախենում ես,- նկատեց Մարտինը։
-       Ո՛չ, իհարկե ո՛չ, ինչի՞ց պետք է վախենամ,- գոռոզացա ես և որպես ապացույց, առաջինը քայլեցի դեպի ժայռերը։ Մարտինը հետևեց ինձ։
-       Դու չպատասխանեցիր, թե ինչու՞ չսպասեցիր ինձ,- կրկնեց Մարտինը։
-       Մտածեցի սա իմ խնդիրն է  և պիտի ինք էլ լուծեմ։ Չէի կարող այլևս սպասել, տեսնելով մայրիկի տառապանքն ու հայրիկի անզորությունը։
-       Այո՛, բայց դու մենակ ի՞նչ կարող էիր անել։
-       Եթե այդ ծերուկին ես եմ պետք, ինձ տեսնելով, կարծում եմ, Միքայելին բաց կթողնի։ Բայց չգիտեմ, թե նրա ինչին եմ պետք,- ավելի տարակուսեցի ես։
-       Շուտով դա էլ կպարզենք՝ միայն թե ճիշտ եկած լինենք, միայն թե եղբայրդ այնտեղ լինի,- մտահոգ արտաբերեց Մարտինը։
Երբ տեղ հասանք, պարզվեց, հեռվից երևացող ժայռերն այնքան էլ  ցածր չէին։ Նայեցի ժայռին, որի վրա քիչ առաջ երևացել էր սև կերպարանքը, այնուհետ ժայռի տակ տեսա երախի նմանվող քարանձավը, որը կարծես ամեն րոպե պատրաստ էր կուլ տալու պատահական անցորդի։ Ետ քաշվեցի՝ այն չվիրիպեց Մարտինի ուշադրությունից

Комментариев нет:

Отправить комментарий