воскресенье, 18 августа 2019 г.

Արդյոք շա՞տ թախծոտ է իմ երգը, թե՞ մոռացված․․․«Լունա»


Երբ դուրս եկանք քարանձավից, լսվեց ուժեղ աղմուկ-աղաղակ և տեսանք, թե ինչպես երկու հոգի դուրս նետվեցին քարանձավից, սլանալով երկնքում, շուտով նրանցից մնաց միայն սև կետեր։ Ուժգին զնգոցով փակվեց երկաթյա ծանր դուռը, այնուհետ այն կազմեց ծաղկած բնության մասնիկը։
Վիկտորի և փերու օգնությամբ քարանձավից դուրս գալուց հետո, քնից արթնացածի պես տրորոցինք մեր աչքերը։ Ես ու Մարտինը զարմացած իրար էինք նայում։
-       Որքա՜ն ես փոխվել,- ծոր տվեց Մարտինը զարմանքից։ Ախր ընդամենը մի քանի օր է, ինչ․․․։
-       Զարմանալու կամ վհատվելու ոչինչ չկա։ Չէ՞որ դուք այն քարանձավում անց եք կացրել տարիներ,- Վիկտորը խոսում էր հանգիստ։ Նա նման չէր այն քարանձավի Վիկտորին, նա Ապոլոնյան գեղեցկություն ուներ, իսկ դեղին գույնի հետք նանգամ չէր մնացել նրա վրա։ Սպիտակազգեստը կանգնած նրա կողքին, կարծես սպասում էր հաջորդ քայլին։
-       Ինչպե՞ս՝ տարինե՞ր,- զարմացած բացականչեցինք ես ու Մարտինը միաժամանակ,- Կարծես դա երեկ էր,- նա ուշադիր նայեց ինձ,- Լունա՛, դու իսկական օրիորդ ես։
Իհարկե ես էլ պակաս զարմացած չէի  Մարտինի արտաքինով՝ նա  ինձ գեղեցիկ ու համակրելի երիտասարդ թվաց։ Մազերը բավականին երկարել էին, իսկ բեղ ու մորուսը  առնական տեսք էին տալիս նրան։
Միքայելը կլանված նայում էր Վիկտորին ու սպիտակազգեստին, որն ինձ ցավ էր պատճառում, մի՞թե ինձ չէր նկատում։
-       Ասացե՛ք Վիկտոր, վերադառնալով, արդյոք կգտնե՞նք մեր ծնողներին,- հարցրեց Մարտինը վախվորած։
-       Կգտեք, սակայն մնացած հարցերի պատասխանը անցյալ ու ներկա ժամանակը կտա,- պատասխանեց նա և հպարտ կեցվածքով նայեց նոր ծագող արևին։ Շուտով շողքերը ցրիվ եկան՝ նրանցից մեկը արահետի պես հասավ մինչև Վիկտորի և փերու ոտքերի առջև,- Մեր ժամն է վերադառնալու,- ասաց Վիկտորը, բռնեց սպիտակազգեստի ձեռքը,- նրանք քայլեցին արևի շողքով, որ կարծես լուսե արահետ լիներ։
-       Շնորհակա՜լ ենք բարի Վիկտոր, բարի փերի,- միասին ձայն տվեցինք նրանց հետևից։
-       Մեր տուն դառանալու ժամանակն էլ է,- ասաց Մարտինը, երբ սպիտակազգեստն ու Վիկտորը տարալուծվեցին արևի շողքին։
Գյուղ տանող ճամփան նույնն էր՝ քարքարոտ ու զառիվեր ու վար։ Գետի բերանով հասանք գյուղի տակը՝ հին ջրաղացի մոտ։ Դուռը փակ էր։ Մարտինը մոտեցավ, նայեց կողպեքին․
-       Կարծես տարինորով այն փակ է եղել, կողպեքն անգամ ժանգոտվել է։
Որքան էլ վախենայի Լևոն պապից, ջրաղացի փակ լինելը չուրախացրեց ինձ։ Մենք լուռ քայլեցինք մինչև իմ ու Մարտինի հանդիպման վայրը։ Այնտեղ ժայռի արանքից մի ծառ էր բուսնել ու թեքվել էր դեպի երևացող լճակը։  Ճամփեզրից նայեցինք ու անցանք։  Ճամփին հանդիպեցինք մի քանի տարեց, սևազգեստ մարդկանց։ հետաքրքրությունը մեզ տարավ նրանց հետևից։
-       Մարտի՛ն, կարծես մարդիկ մեզ չեն նկատում։
-       Գուցե նկատեին, եթե նրանք այդքան մտահոգ չլինեին,- պատասխանեց Մարտինը։
-       Մենք մինչև վերջ պետք է գնա՞նք նրանց հետևից,- առաջին անգամ խոսեց Միքայելը։ Մարտինի հետ զարմացած իրար նայեցինք։
-       Լունա՛, նա վերադառնում է կյանք,- ուրախացած բացականչեց Մարտինը։
-       Այո՜,- բղավեցի ու գրկեցի եղբորս։
Մարդիկ հասնելով ջրաղացի դռանը, ներս մտան։
-       Դու տեսա՞ր, ջրաղացի դուռը բաց էր,- հազիվ արտաբերեց Մարտինը, զարմանքից աչքը չկտրելով ջրաղացից։
-       Արի մոտենանք, մենք էլ ներս մտնենք,- իմ առաջարկի հետ համաձայնվեց Մարտինը և սկսեցինք վազել դեպի ջրաղացը։
Դռան մոտ հասանք այն պահին, երբ սևավոր մարդիկ ներս էին մտնում։ Ուզեցինք նրանց հետ ներս մտնել ջրաղաց, բայց մեզ կանգնեցրեց մի պառավ կին․
-       Ու՞ր, ո՞վ եք դուք։ Այստեղ երեխաների տեղը չէ, ետ գնացեք,- դժգոհած քրթմնջաց նա։
-       Բայց մենք արդեն երեխաներ չենք,- հպարտությամբ արտասանեց Մարտինը, կարծես ցույց տալով իր հասուն լինելը։
-       Իսկ ի՞նչ է պատահել այնտեղ՝ ներսում,- շտապեցի հարցնել ծեր կնոջը։
-       Ամուսինս՝ Լևոնն է մահացել,- պատասխանեց նա և դուռը ծածկեց մեր երեսին։ Մենք իրար նայեցին և այլևս չփորձեցինք ներս մտնել։
-       Մեզ ոչ ոք չի ճանաչում,- տարակուսեց Մարտինը, նստեց ջրաղացի բակի լերկ քարին։
-       Իսկ դու նկատեցի՞ր, այդ մարդկանց մեջ ոչ մի ծանոթ դեմք չկար։
-       Այո՜, տարօրինակ է,- մտահոգ ծոր տվեց Մարտինը,- Պապս էլ նրանց մեջ չէր։
-       Մենք այստե՞ղ պետք է ապրենք,- անսպասելի հարցրեց Միքայելը, ուշադիր նայելով մեզ։ Իհարկե նրա հարցը շփոթեցնող էր, բայց տեղին, ուստի մենք՝ Մարտինի հետ սովորության համաձայն մի պահ իրար նայեցինք, ապա միաժամանակ պատասխանեցինք․
-       Ո՜չ․․․
-       Իսկ ու՞ր ենք գնալու։
-       Տուն, մեր տուն,- անհանգստացած պատասխանեցի նրան, ամուր բռնելով ձեռքից,- Գնացինք։ Մարտին չե՞ս ուզում տուն գնալ,- տեսնելով տեղից չի շարժվում, դիմեցի նրան։
-       Այնտեղ մեզ կճանաչե՞ն,- հուսահատվեց նա, որով վարակվեցի նաև ես։
-       Գնանք, եթե չեն ճանաչի, կհեռանանք,- առաջարկեցի ես և մենք քայլեցինք դեպի գյուղ։
Մեր դարպասը փակ էր։ Երեքով նստեցինք պատի տակ։ Մի կին մոտեցավ մեզ․
-       Ու՞մ երեխաներն եք,- հարցրեց նա։
-       Այս տան տիրոջ,- պատասխանեցի նրան։
-       Գժվե՞լ եք,- զարմացավ կինը,- Այս տան տերերը վաղուց հեռացել են օտար աշխարհ, երեխաների անհետանալուց հետո։ Նրանց երկար փնտրեցին, այդպես էլ չգտան։
Կնոջ պատմածը ինձ վրա ծանր տպավորություն թողեց։ Այլևս կյանքը, որ փրկել էր Վիկտորը նմանվեց անիմաստ շնչառության և ընդամենը մրմնջացի․
-       Հիմա այս տանը ովքե՞ր են ապրում։
-       Այս տունը վաղուց իմն է։
-       Լունա՛, մնացեք այստեղ, ես հիմա կվերադառնամ,- անսպասելի ասաց Մարտինը և սկսեց վազել։ Կինը ներս մտավ, դարպասը փակեց։ Ես ու Միքայելը մնացինք մեր հարազատ տան պատի տակ նստած։ Այդպես էլ քնեցինք։ Լուսաբացին, արևը ծակեց իմ աչքերը, արթնացա՝ վախեցած շուրջս նայեցի։ Մենակ էի, իսկ արևի արահետը արդեն վեր էր բարձրանում, իր հետ տանելով Միքայելին։ Սկսեցի կանչել ու պաղատել, բայց նա ետ չնայեց։ Մարտինն այլևս չվերադարձավ։ Գուցե նա գտե՞լ էր իր ծնողներին։ Այն օրվանից հուգուս խորքում կուտակվեց որբությունը։ Սկսեցի փնտրել ու փնտրել։ Հուսահատված քայլեցի, փորձեցի գտնել այն փոշոտ ճամփան, բայց փոշու տեղ ցեխ էր ու ցեխ։ Մոլորվեցի ցեխ ու քարերի մեջ, իսկ վերադառնալ դեպի ծննդավայր այլևս անմիտ էր, ուստի հեռացա մոլոր ու մենակ, փնտրելով իմ տեսիլքներին անգամ, բայց կյանքը դատարկ էր ու էլ չկային իմ հրա՛շքները։ Նրանք հեռացել էին իրենց հետ տանելով իմ երազները։
Անցել են շատ տարիներ։ Դեռ փնտրում եմ։ Հաճախ երգում եմ իմ մանկության երգերը՝ հույսով, թե կլսեն ինձ իմ հարազատ մարդիկ, բայց լսում են անծանոթները և գլուխները տարուբերում։ Արդյոք շա՞տ թախծոտ է իմ երգը, թե՞ մոռացված, թե՞ օտար։ Չգիտեմ․․․





Комментариев нет:

Отправить комментарий