четверг, 15 августа 2019 г.

Վիկտորը «Լունա»


Մարտինն ուղղեց շալակին քնած Միքայելին, իսկ ինձ մնում էր լուռ հետևել նրան։ Անծանոթը բարձրացրեց ձեռքը, նրա ուսին հայտնվեց սպիտակ աղավնին։
-       Նա է՝ իմ սիրելի աղավնին՝ սպիտակազգեստը,- ոգևորված առաջացա ու կանգնեցի նրան մոտիկ։
-       Տեսնում եմ, արդեն հավատում եք ինձ,- արտաբերեց տղամարդը, կողքանց նայելով աղավնուն։
-       Ներեցեք, մենք շփոթված ենք,- փորձեց արդարանալ Մարտինը,- Ինչպե՞ս է ձեր անունը։
-       Վիկրո՛ր, անունս Վիկտոր է, իսկ հիմա առա՛ջ, քանի որ արդեն կես գիշեր է, պետք է շտապել, որպեսզի մինչև արևածագ հասցնենք դուրս գալ այստեղից,- Վիկտորը քայլեց առջևից, իսկ մենք հետևեցինք նրան։
-       Ո՛չ, թույլ չեմ տա։ Սա իմ կործանումը կլինի,- հուսահատ բղավեց ծերուկը, գավազանն ուժգին հարվածեց գետին, որից բարձրացավ ուժեղ քամի և մեզ թվում էր, այն գալարվում էր անկանոն փռշտոցներով, բայց իրականում ծերուկն էր փոշուց խեղդվում։ Վիկտորը մեզ առավ սև թիկնոցի մեջ և թվում էր թե սլանում ենք երկնքով։ Վայրկյաններ անց բացվեց թիկնոցը, մենք դուրս եկանք։
-       Ահա՛, հատեցինք որոշակի տարածություն,- ասաց Վիկտորը։ Մեր հայտնված հերթական տեղն ավելի մութ էր, իսկ մշուշը խիտ։ Մոտիկից նշմարվեցին մարդաբոյ՝ երկաթյա ճաղերով վանդակներ, որոնցից մեկի մեջ էինք մենք քիչ առաջ։
-       Այստեղ ավելի մութ է,- նկատեց Մարտինը և հոգնությունից Միքայելին շալակից սահեցրեց ցած։ Բռնեցի եղբորս ձեռքից, վախենալով նորից կորցնել նրան։
Մարտինն ու ես զարմացած նայում էինք վանդակներին։
-       Կարող եք մոտենալ, մոտիկից նայել,- խորհուրդ տվեց Վիկտորը,- Իսկ դու իմ փերի՝ կհանդիպենք այնտեղ,- աղավնին անհետացավ մշուշում։
-       Ինչի՞ն նայենք, քիչ առաջ մենք դրանցից մեկի մեջ էինք,- առանց տեղից շարժվելու մրմնջաց Մարտինը։
-       Այն ձեզ հետ ոչ մի կապ չունի, մի վախեցեք, մոտեցեք։
Մենք մոտեցանք, սկսեցինք քայլել վանդակների մոտով։ Ճաղերի ներսում  տեսանք նստած կամ պառկած մարդկանց։
-       Ինչու՞ է այսպես, ո՞վքեր են նրանք, ինչու՞  այստեղ արև չկա, ու՞ր է կանաչ բնությունը,- մտահոգված, իրար հետևեից մի քնի հարց տվեց Մարտինը, աչքը չկտրելով վանդակներից։
-       Երբ հայրս էր իշխում, այստեղ կանաչ էր ու արև։ Այս երկիրը նման էր դրախտի, բայց չար մարդկանց օգնությամբ հաղթեց չարը և հայրս գահնկեց եղավ։ Նրանք կտրեցին արևի ճամփան, որի պատճառով վերացավ կանաչը և հիմա ավազն է իշխում, մեկ էլ գորշ մշուշը։ Քանի որ չարի հաղթարշավն է, բնականաբար չի կարող լինել արև ու կանաչ և հիմա սա խավարի ու չարի աշխարհն է։ Այն ուզում է կործանել նաև ձեր աշխարհը, որտեղ դեռ գերիշխում է բարին և  դեռ սնվում է արևից։ Ահա՛, սա է մնացել իմ հայրական իշխանությունից,- ձեռքերը տարածեց Վիկտորը, տխրելով։
Ես ու Մարտինն Միքայելի ձեռքից բռնած լսում էինք Վիկտորին ու ակամա տխրում։
-       Իսկ նրանք ովքե՞ր են, ինչու՞ են փակված վանդակներում,- հետաքրքրվեց Մարտինը։
-       Նրանք օժանդակեցին չարին, պարտվելու հորս, իսկ ես անզորությունից բանտեցի նրանց, որպես պատիժ՝ ուշացած պատիժ։
-       Դուք ասացիք չարն է հաղթել, ինչու՞ նրանց էլ չի ազատում։
-       Գուցե հաղթել է, բայց չարությունից կուրացած, նրանք չգիտեն,  այս մարդկանց ազատության բանալին ինձ մոտ է։
-       Ովքե՞ր են եղել նրանք նախկինում,- հարցրեց Մարտինը, ցույց տալով վանդակներում նստածներին։
-       Դե՜, ինչպես բացատրեմ մանկական լեզվով։ Նրանք բոլորն էլ չարիք են գործել։
-       Նայի՛ր Լունա, նա այն գիտնականն է, որի մասին հայրս պատմում էր, թե մահ է վաճառում ամենքին,- հանկարծ բացականչեց Մարտինը, մատնացույց անելով, վանդակում նստած մազակալ ու նիհար դեմքով տղամարդուն։
-       Տեսնում եմ։
-       Հիշու՞մ ես, նրան անգամ մրցանակ տվեցին, որպես շատ մահ վաճառողի,- ավելի ոգևորվեց նա, չնայած ես ոչինչ էլ չգիտեի այդ մահավաճառի մասին։
-       Ինչու՞ է հայտնվել այստեղ,- հետաքրքրվեց Մարտինը։
-       Նրա ստեղծածով է ավիրվում քաղաքներ և շեներ։ նրան այստեղ եմ պահում, որպես միշտ ականատեսը սեփական հետքի։ Թող վայելի իր ստեղծած մութն ու մշուշը․․․
Անսպասելի մեր առջև հայտնվեց եղջյուրավոր մի տղամարդ։ Նրա հագուստը սև կաշվից էր, մարմինն ընդգրկող, ձեռքերին կրում էր ձեռնոցներ, իսկ եղունգները երկար էին մագիլների պես։
-       Լսի՛ր քարոզիչ սին գաղափարի, ինչու՞ ես փնովում իմ հերոսներին,- սկսեց սատանային հիշեցնող արատաքինով մարդը, ապա դիմեց մեզ,- Օ՜, ինչպիսի հանդիպում և ու՞ր եք շտապում, նա սկսեց շողոքորթ պտտվել մեր շուրջը։
-       Ճամփից դուրս արի դու նենգ սատանա,- վրդոհվեց Վիկտորը և մնաց մեր կողքին։
Սատանայի կերպարանքով մարդը երկու մատերը դրեց շուրթին և ուժգին սուլեց։ Երկնքում պտտվող փոշու ամպը  նստեց գետնին, նրա միջից փռշտալով հայտնվեց Գորշը։
-       Որքան ես թուլացել դու Գորշուկ անիծված և ու՞ր էին գնում քո գերիները փախած։
-       Ներեցեք տեր իմ, գնացել էի օգնություն կանչելու,- քրթմնջաց Գորշը,- Հիմա գալիս են մեզ հավատարիմ սև կարապներն ու կապիկները։
Մենք հուսահատված նայեցինք իրար։
-       Առա՛ջ, այլևս ոչ մի պահ հապաղել չի կարելի,- ըմբոստացավ Վիկտորը։ Այդ պահին սատանայակերպը կտրեց մեր ճամփան․
-       Օ՜ ո՛չ, ձեզ ոչ մի կերպ չի հաջողվի դուրս պրծնել իմ ճանկերից սուր ու երկար,- հոխորտաց նա և մի կրունկի վրա պտույտ կատարեց, նրա ոտքերի տակից բարձրացավ ուժեղ փոշին, մեզ առնելով իր մեջ,- Հա՜, հա՜, հա՜․․․ Ես ձեզ կխեղդեմ փոշու ամպի մեջ լուռ գալարելով։
-       Լունա՜ տուր ձեռքդ, Միքայելն ու՞ր է,- լսվեց Մարտինի ձայնը,- Մենք բռնվեցինք իրարից,- գոչեցինք մենք։
-       Ուրեմն գնացի՛նք,- հրահանգեց Վիկտորը և իր կախարդական թիկնոցով մեզ դուրս բերեց փոշու միջից, ետևում թողնելով կատաղությունից գազազած սատանայակերպին և նրա ոտքերի առջև կուչ եկած Գորշին։
Երբ մենք դուրս եկանք Վիկտորի թիկնոցի տակից, վանդակները դեռ շարունակվում էին։
-       Ահա՛ և նորից մենք կորցրեցինք նրանց,- ժպտաց Վիկտորը։
-       Իսկ ի՞նչ է նշանակում ձեր անունը, այն շատ գեղեցիկ անուն է,- ինձ համար հետաքրքիր էր իմանալ, քանի որ նա մեր փրկիչն էր։
-       Հայրս է ինձ Վիկտոր անվանել, որը նշանակում է Հաղթանակ։
-       Գեղեցիկ է հնչում,- հիցած արտաբերեցի և նույն հիացմունքով նայեցի նրա գեղեցիկ արտաքինին։
-       Ասացեք Վիկտո՛ր, մենք ու՞ր ենք գնում, չէ՞ որ քարանձավի մուտքից շատ ենք հեռանում,- անհանգստացավ Մարտինը։
-       Իմ բարեկամնե՛ր, մենք այլևս չենք վերադառնա այն սև խոռոչին, որտեղից դուք կրակով ներս մտաք։ Պետք է միշտ առաջ գնալ, եթե ուզում ես ինչ որ բանի հասնել, իսկ ձեր նպատակն է՝ փրկել տղային։ այստեղ մենք առաջ կգնանք, մինչև հասնենք լույսին։
-       Իսկ  մեր հարազատնե՞րը,- ես վախեցած նայեցի Մարտինին։
-       Մի անհանգստացե՛ք իմ բարեկամներ, մենք հեռանում ենք լոկ չարի աշխարհից,- ՎԻկտորը սիրալիր շոյեց իմ վարսերը, ժպտաց։

Комментариев нет:

Отправить комментарий