среда, 14 августа 2019 г.

Փախուստ վանդակից «Լունա»


Շուտով  հայտնվեցինք երկաթյա ծանր վանդակում, գետնից մի քանի ոտնաչափ բարձր։
-       Ինչու՞ մեզ փակեցին այստեղ,- տրտնջացի ես,- Կարծես թռչուններ լինենք։ Անգամ հնարավոր չէ հանգստանալ,- դժգոհելով, տեղավորվեցի վանդակի մի անկյունում, Միքայելին գիրկս առնելով։ Եղբորս անտարբերությունը ցավ էր պատճառում ինձ, որքան էլ երեխա լինեի։
-       Կարծես նա քեզ չի էլ նկատում,- նկատեց Մարտինը,- Տե՛ս, որքան գոհ է իր խաղալիքով,- շարունակեց Մարտինը, փորձելով ձեռք տալ Միքայելի վզից կախված գույնզգույն խաղալիքին, իսկ նա շանթվածի պես ետ քաշեց այն, թույլ չտալով, որպեսզի Մարտինը դիպչեր խաղալիքին։
-       Տարօրինակ է։
-       Տարօրինակ ոչինչ չկա,- լսվեց մեզ արդեն ծանոթ՝ քնքուշ ու մեղեդային ձայնը։ Վանդակի ճաղին նստեց սպիտակ աղավնին։
-       Մարտի՛ն նայի՛ր, իմ փերին է։ Նա մեզ չի լքել,- Մինչ խոսում էի ոգևորված, աղավնին իջավ գետնին և կերպարանափոխվեց սպիտակազգեստ փերուն,- Իմ բարի հրեշտակ, ես գիտեի, ես հավատում էի,- ավելի ոգևորված կրկնում էի, նրա փեշից բռնած։ Որքան էլ երկաթյա ճաղերով հատակը ցավեցներ իմ ծնկները։
-       Լունա՛, այստեղ կա գիշեր, կա ցերեկ, սակայն այն դժվար է զանազանել օտարին։ Միայն մեկ գիշեր ունեք, այնուհետև նրանք ձեզ կստիպեն ընդունել կամ ենթարկվել իրենց օրենքներին, իսկ թե ընդդիմանաք, նրանք այն կանեն ուժով և դուք առնվազն  կնմանվեք եղբորդ։ Պետք է մինչև լուսաբաց լքել այս ապարանքը։
-       Իսկ  Միքայե՞լը՝ նա մեզ չի ճանաչում,- հուսահատված հայտնեցի անհանգստությունս։
-       Մի հուսահատվի՛ր և ոչ մի վայրկյան չթողնեք նրան։ Միայն պետք է հասնել արևի լույսին և կախարդանքը կվերանա, իսկ այդ խաղալիքը  չմոռանաք այստեղ թողնել դուրս գալու ճամփին՝ ոչ շուտ, այլապես կկորցնեք տղային։
-       Այո՛, բայց այս վանդակից մեզ միայն հրաշքը կարող է փրկել,- արտաբերեց Մարտինը, ուժգին շարժելով երկաթյա, ամուր ճաղերը։
-       Այդպիսով ոչնչի չեք հասնի, պարզապես լսեք ինձ մինչև վերջ և կարող եք,- շարունակեց երգեցիկ ձայնով փերին, որի սպտակ զգեստն այդ երկրի լույսից դեղնավուն էր դարձել,- Վանդակի հատակի անկյունները տնտղեք, երկու անկյունում կան երկու կոճակներ։ Միաժամանակ սեղմելով, այն կբացվի, միայն թե չվախենաք։
Մենք անհամբեր սկսեցինք ծնկաչոք փնտրել։
-       Գտա՜,- գոչեց Մարտինը։ համարյա նրա հետ միաժամանակ ես էլ գտա մյուս փրկարար կոճակը։
-       Պետք է սեղմել միաժամանակ,- հրահանգեց փերին և մենք սրտատրոփ պատրաստվեցինք։
-       Սեղմե՛լ,- գոչեց Մարտինը։ Ոգևորված այնպիսի թափով սեղմեցինք՝ վանդակի հատակը ոչ թե բացվեց, այլ ընկավ և մենք երեք կորուսյալներս տապալվեցինք գետին։ Փերին մեղմ ժպտաց։
-       Իսկ այժմ պետք է քայլեք դեպի արևելք։
-       Այստեղ ինչպե՞ս կարելի է զանազանել արևելքը՝ ոչ արև կա, ոչ էլ լուսին,- Բողոքեց Մարտինը։
-       Ահա՛ Արևելքը,- փերին ձեռքը մեկնեց դեպի անսահման գորշ հեռուն։
-       Բայց այնտեղ դատարկությու՛ն է,- հուսահատ արտաբերեց Մարտինը։
-       Դուք պետք է քայլեք դեպի արևի աշխարհի արևելքը և ոչ այս աշխարհի։ Իհարկե, այստեղ անգամ օրը գիշերից զանազանելն է բարդ։ Մենք անխոս նայեցինք փերու ցույց տված կողմը, իսկ նա շարունակեց,- Ձեր ճամփան երկար է՝ քայլե՛ք և կհաղթեք,- փերին խոսքն ավարտելուց հետո, դարձավ աղավնի, թռավ, անհետանալով հեռու մշուշում։
-       Լունա՛ դու նույնպե՞ս տեսնում ես ծերուկին,- հարցրեց Մարտինը, դեպի իրեն քաշելով Միքայելին, իսկ ես, իսկապես վախից նայում էի, բայց ոչինչ չէի տեսնում,- Ես ոչինչ չեմ տեսնում,- մրմնջացի, նայելով նրա ցույց տված կողմը։
-       Ինչպե՞ս չես տեսնում, եկողն ինքն է՝ Միքայելին առևանգող ծերուկն է։
-       Նա ավելի շուտ է նկատել մեր անհետանալը, քան մենք կարող էինք քայլ անել,- տեղին տրտնջացի, նույնպես մոտեցա Մարտինին, որպես փրկություն։
-       Գոնե մենա՞կ է,- տեսողությունը լարեց Մարտինը։
-       Առայժմ մենակ է, նա ծեր է և չի կարող հասնել մեզ, պետք է փախչել նրանից,- շտապեցի ես, քաշելով Մարտինին և Միքայելին։
-       Այո՛, պետք է շտապել, համաձայնեց նա և շալակեց եղբորս։
Որքան էլ ջանայինք՝ մեր և Գորշի միջև տարածությունը նվազում էր։
-       Ինձանից չեք փախչի,- լսվեց նրա խռպոտ ձայնը։
-       Ես ձեզ ճանաչում եմ,- ետ նայելով, գոռաց Մարտինը,- Դուք այն ջրաղացի Լևոն պապն եք՝ իմ պապի ընկերն եք։ Ի՞նչ եք ուզում մեզանից
-       Ո՛չ, ինձ շփոթում եք ինչ որ մեկի հետ՝ ես ուրիշ եմ, իսկ մյուսներն ուրիշ են,- պատասխանեց Գորշը և նրա աչքերի փայլից վախեցած կուչ եկա Միքայելին բռնելով։
-       Մի հավատա նրան Մարտին, նա այնտեղ էլ միշտ հետևում էր ինձ։
-       Շարժվեցինք,- հանգիստ ասաց Մարտինը, ուզեց առաջ անցնել, բայց ծերուկը կտրեց մեր ճամփան։
-       Ո՛չ, դուք ոչ մի տեղ էլ չեք գնա, այլ կհետևեք ինձ,- փայլող աչքերով, խորամանկ ժպտաց Գորշը։
-       Գո՛րշ, նորի՞ց դու  հայտնվեցիր իմ ճանապարհին,- լսվող ձայնը արձագանքեց հեռուներում։ Մենք հանկարծակիի եկած մեր շուրջը նայեցինք։ Մշուշի միջից նշմարվեց բարձրահասակ, սևազգեստ անծանոթը։ Նա գալիս էր դեպի մեզ և ինձ թվաց, մենք կորած ենք․․․
-       Մի հուսահատվի՛ր,- շշնջաց Մարտինը,- Փերին չէր կարող սխալվել։
-       Այո, ճիշտ ես նկատել՝ փերին չէր կարող խաբել, իսկ այս հիմար ծերուկը խանգարում է,- մենք անվստահ ետ քաշվեցինք։
-       Դուք ինձանից վախենու՞մ եք,- վիրավորվեց անծանոթը,- Ես նրանցից չեմ, պետք չէ ինձանից վախենալ․․․Ա՜խ իմ մաշկի գու՞յնը․․․Այստեղ բոլորը նույն գույնն ունեն՝ դուք նույնպես դեղին եք։ Այնպես որ ինձանից պետք չէ զգուշանալ՝ մշուշն ու լույսն է այդպիսին։

Комментариев нет:

Отправить комментарий