воскресенье, 11 августа 2019 г.

Չարը գայթակղում էր շքեղությամբ «Լունա»


-       Որտե՞ղ է իմ եղբայրը, ի՞նչ եք ուզում ինձանից, հանկարծ բղավեցի ես, ավելի ստույգ ասելու, իբր ոչ ոքից չեմ վախենում։
-       Մի՛ շտապիր, մի՞ թե այս ամենը քեզ չի գայթակղում,- ավելի մեղմ ձայնով խոսեց ճաղատը, տարածելով ձեռքը,- Ահա՛, այս մի արձանիկով, դու կարող ես ողջ աշխարը փռել քո ոտքերի տակ,- այնուհետ նա մոտեցավ և գավազանով հարվածեց մեծ առյուծի ոսկյա արձանին։ Իհարկե ես ոչինչ չէի կարող հասկանալ նրա ասածներից, նման հայցքով նայեցի Մարտինին։
-       Իսկ ինչու՞ անպայման նա,- հարցրեց Մարտինը։
-       Դու լռի՛ր, քո ներկայությունն ինձ նյարդայնացնում է,- պատասխանեց տիրակալը և մոտեցավ ինձ,- Քեզ հենց այնպես չեմ ընտրել։ Դու երազներ ունես՝ իրական երազներ։ Բարու հրեշտակը միշտ ընդառաջում է քեզ։ Աղջնա՛կ, դու մեծ վտանգ ես իմ թագավորության համար,- նա թառամած ձեռքով շոյեց իմ մազերը, իհարկե վախեցա, տեսնելով նրա երկար ու կեռ եղունկները,- նա նորից նստեց գահին, շարունակելով,- Ինչու՞ ես դու միշտ այդ փերու հետևից գնում, երբ իմ հավատարիմ ծառան զոր գիշեր քո հետևից է ընկած։ Դու հանդգնում ես գերադասել այն անգույն փերուն։ Ինչու՞․․․,- տիրակալն ընբոստացած, գավազանը ուժգին հարվածեց արծաթագույն հատակին։ Թվաց ապարանքը երերաց հարվածի ուժից, որից բարձրացավ դեղին փոշին, մշուշելով մեր տեսադաշտը։ Փոշին դեռ չէր մաքրվել՝ մշուշի միջից մեր առջև  տեսանք մի ծերուկի, փոքրիկ երեխայի ձեռից բռնած։ Երբ օդը փոշուց լիովին մաքրվեց, ես ու Մարտինը ապշահար նայում էինք մեր գյուղի ջրաղացպան քեռի Լևոնին, իսկ երեխան ոչ այլ ոք էր, քան Միքայելը։ Ծերուկը փռշտալով խոնարհվեց մինչև գետին․
-       Կանչե՞լ ես իմ տիրակալ։
-       Ո՛չ, գրողը քեզ տանի՛, անկարող ծերուկ։ Ես ընդամենը զայրացա,- նրա բղավոցից ծերուկն ավելի կծկվեց։
-       Միքայե՜լ․․․,- սրտատրոփ կանչեցի ես,- Մարտի՛ն նա Միքայելն է,- այս անգամ  ճչացի և նետվեցի դեպի եղբորս կողմը։ Երկու կոշտ ձեռքեր ինձ կանգնեցրին, իսկ Միքայելն անտարբեր իմ գործած ջանքին, մնաց կանգնած ծերուկի կողքին։
-        Նրան կախարդել են, կարծես նա քեզ չի էլ նկատում,- նկատեց Մարտինը, վրդոհվելով։
Միքայելի  անտարբերությունը վախեցրեց ինձ և հուսահատությունից հարձակվեցի գահին բազմած ճաղատի վրա․
-       Բարու հրեշտակը ուժով ոչինչ չի անում,- բղավեցի ես և նորից նույն ձեռքերն ինձ կանգնեցրին,- Այս ծերուկն ինձ միշտ  վախեցնում է,- ծերուկին ցույց տալով, կարծես բողոքում էի նրա տիրոջը։
-       Նա մի քիչ հիմար է և այդ պատճառով էլ քեզ վախեցրել է, բայց մենք՝ այսինքն իմ թագավորությունն այնքան էլ վատ չէ, այնպես չէ՞,- ձայնը բարձրացնելով, շուրջը նայեց տիրակալը, հավանության ակնկալիքով։ Բոլորը աղմկելով ողջյունեցին տիրակալին, առիթից օգտվելով, մոտեցա կանգնեցի Մարտինի մոտիկ։
-       Ինչպե՞ս կարող ենք այստեղից դուրս գալ,- շշնջաց Մարտինը։
-       Չգիտեմ, բայց պետք է ելք գտնել,- վարանեցի ես։
-       Առայժմ ոչինչ չեմ հասկանում։ Այստեղ միապաղաղ դեղին լույս է՝ ոչ գիշեր է, ոչ ցերեկ,- դժգոհելով արտաբերեց Մարտինը, վեր նայելով։
-       Եվ ի՞նչ եք փնթփնթում,- տեղից վեր թռավ ճաղատը,- բանտարկե՛լ նրանց։ Այսուհետ դուք իմ գերիներն եք։ Արևի աշխարհ կվերադառնաք, երբ ինձ հավատարիմ լինելու խոստում տաք և հետևեք իմ օրենքներին։
-       Չէի՞ք ասի, թե ո՞րն ձեր օրենքը,- հեգնեց Մարտինը։
-       Օ՜, դժվար չէ հասկանալ՝ ընդամենն այնտեղ, մարդկանց մոտ ծառայել ինձ,- ցուցամատը դեպի վեր ցույց տալով, պատասխանեց ճաղատը։
-       Ի՞նչ պիտի անենք,- իսկապես տարակուսեցի նրա ասածներից։
-       Առայժմ ոչինչ, դու դեռ պետք է մեծանաս, բայց ոչ բարի փերուն ենթարկվելով, այլ Գորշին,- եզրակացրեց նա, ցույց տալով Լևոն քեռուն,- Տարիներ հետո, երբ դու հասկանաս և ընկալես աշխարհը, քո անելիքը կլինի այն ամենը, ինչ կթելադրի իմ կամքը։ Այնտեղ՝ վերևում իմ լիարժեք հաղթանակի համար քեզ նմաններն են ինձ հարկավոր,- ինքնավստահ ավարտեց խոսքը, մի թունոտ հայացք նետելով ինձ վրա։
-       Լունա՛, դու նկատեցի՞ր, նրա աչքերը նույնպես փայլեցին, ինչպես այն օրը Լևոն քեռու աչքերը։
-       Այո, բայց պետք է մենք հույսներս դնենք աղավնու վրա, նաև ցույց չտանք մեր վախը,- ասացի ես և հպարտ նայեցի ճաղատին։
-       Տանե՛լ նրանց,- հրամայեց նա,- Գո՛րշ, տղային էլ գցիր նրանց մոտ, թող ճաշակեն հարազատի անտարբերությունը։ Հա՜, հա՜, հա՜․․․,- ծիծաղեց ճաղատը և բազմեց սեղանի շուրջը,- Սպասե՛ք, գուցե սովա՞ծ եք,- ծիծաղելով հեգնեց նա, ագահորեն խժռելով ուտելիքը։

Комментариев нет:

Отправить комментарий