четверг, 8 августа 2019 г.

Ճաղատը «Լունա»


-       Տեսնում եմ, դու դարձյալ վախենում ես, այսպես գործը գլուխ չի գա։
-       Բայց այնտեղ այնքան մութ է,- ակամա դուրս թռավ իմ բերանից։
-       Իսկ, ի՞նչ ես կարծում, լուսավոր քարանձավ լինու՞մ է,- այս անգամ ծիծաղեց Մարտինը։ Իհարկե սրտնեղեցի նրա ծիծաղից։
-       Ի՞նչ ես կարծում, սա ա՞յն է, ինչ մենք փնտրում ենք։
-       Պետք է պարզել, հետո միայն,- մեծ մարդու պես պատասխանեց Մարտինը։
Շուտով  սև ամպերը տարբեր կերպարանք առած, եկան ու կախվեցին փոս ընկած դաշտի և ժայռափնջի վրա։
-       Լունա՛, մենք այլևս դանդաղել չենք կարող, շուտով անձրևը կթափվի,- նկատեց Մարտինը,- Արի կրակը վառենք, մտնենք քարանձավը։
-       Բայց մենք չգիտենք, ճի՞շտ ենք եկել,- երկմտեցի, վախից նայելով Ժայռն ի վեր։
-       Մենք ընտրելու հնարավորություն չունենք, եթե անագամ սխալ եկած լինենք։ Գնացի՛նք առաջ,- նա բռնեց իմ ձեռքը և քաշեց դեպի քարանձավը։ Տեղավորվեցինք մուտքի մոտ, վախենալով  առաջանալ։ Ես նայեցի քարանձավի խորքը և ինձ թվաց, երկու վառվող զիլ ճրագներ սրընթաց անցան։
-       Մարտի՛ն, դու տեսա՞ր։
-       Ի՞նչը,- զարմացած, Մարտինը նայեց շուրջը։
-       Այ, այնտեղ նայիր,-  մատնացույց արեցի քարանձավի խորքը։
-       Եվ ի՞նչ, այնտեղ պարզապես մութ է և վերջ,- նայելով քարանձավի խորքը վրդոհվեց Մարտինը։ Ես խեղճացա, պարզապես լուռ հետևելով նրա աշխատանքին, շուտով նա մի ճրագ տվեց ինձ,- Ահա՛, սա քեզ, իսկ սա էլ ինձ,- մյուսն էլ ինքը վերցնելով և տեսնելով, թե ինչպես եմ վախվորած միշտ դուրս նայում,  բռնեց իմ ձեռից և քաշեց դեպի քարանձավը։ Մենք կորանք խավարում։ Այդ պահին, եթե մեկը հետևեր մեզ, ապա նրան կթվար, թե քարանձավը իր բաց երախով կուլ տվեց մեզ։
Հետզհետե մենք դարձանք խավարի պատանդները, իսկ մեր ճրագները մեր միակ հույսը։
-       Լունա՛, կրակն ամուր բռնի՛ր, եթե այն կորցնես, իմացիր, մենք կորած ենք,- լսվեց Մարտինի արձագանքող ձայնը, իսկ մոտիկից լսվեց թռչնի թևերի փափահարում, այն թեթև հպվեց մեզ և շուտով մարեց։ Ես, իհարկե վախից ճչացի և քիչ մնաց տապալվեի գետին, բայց ինձ պահեց պատ հիշեցնող կարծր մի առարկա, իսկ գուցե իսկապե՞ս պատ էր։ Ես ամուր բռնեցի նրանից  և ուրախացած գոչեցի․
-       Ահա՛ և վերջ, սա արդեն պատն է, բայց դեռ չէի ավարտել խոսքս, երբ պատը բացվեց , իր մեջ առավ արկածախնդիրներիս։
Մեր հայտնված տեղն այլևս խավար չէր։ Ամենուր դեղին, ու աղոտ լույս էր։ Կարծես այն ուր որ է պետք է մարեր։ Նոր տեսադաշտն անսահման էր, իսկ գետինն ուներ անպատի ավազի գույն, այն համահունչ էր լույսին և թվում էր թե այնտեղ գետինն է լուսավորում։
Մեր դիմաց հայտնվեց մի հսկա կերպարանք՝ խորշոմած ու դեղին մաշկով։
-       Վերջապե՜ս, հա՜․․․, հա․․․,՜ հա՜․․․,- խոսեց նա իր ճիվաղային ձայնով,- Իսկ մյուսն ո՞վ է,- ցույց տալով Մարտինին հեգնեց նա։ Ես ակամա կուչ եկա։
-       Մի վախեցիր,- շշնջաց Մարտինը,- Դե՜, գոնե ցույց մի տուր թե վախենում ես,- նայելով ինձ, պնդեց նա։
-       Հեռու՛ նրանից, ի՞նչ ես քչփչում տղա՛,- երբ հոխորտաց ճաղատ հսկան, Մարտինը ետ քաշվեց ինձանից։
-       Կարո՞ղ եք ասել, ձեր ուզածն ի՞նչ է,- անսպասելի բղավեցի ես։ Մարտինը զարմացած ու հիացած նայեց ինձ։
-       Նման կերպ դու մեկ քայլ մոտեցար բարու հաղթանակին և չարի կործանմանը,- աներևույթ մեկը շշնջաց ականջիս։ Ինձ թվաց Մարտինն է, բայց երբ ետ նայեցի նա ինձանից հեռու էր կանգնած, իսկ իմ ուսին նստած էր մի ճերմակ աղավնի։ Աղավնուն տեսնելով, սրտապնդվեցի։
-       Ա՛խ դու՛, անիծյալ թռչուն, ամենուր քիթդ խոթում ես,- տեսնելով աղավնուն, կատաղեց ճաղատը և ձեռքի գավազանով ուզեց հարվածել թռչնին և եթե ես ժամանակին ետ չքաշվեի, իմ ուսն ու աղավնին հարվածից ջարդուփշուր կլինեին։
-       Մարտի՜ն,- վազեցի դեպի նա, աշխատելով չբաժանվել նրանից։
Աղավնին անհետացավ։ Ես և Մարտինը հուսահատ իրար նայեցինք։
-       Գուցե մենք սխա՞լ ենք եկել և անտեղի հայտնվեցինք ծուղակում։ Սա տափաստանի է նման և թվում է, ուր որ է լույսը կմարի,- հուսահատ մրմնջացի Մարտինի ականջին։
-       Գուցե, քանի որ ոչ տուն եմ տեսնում, ոչ էլ մի տեղ, որտեղ նրանք կարող էին թաքցնել եղբորդ,- իմ հուսահատ մտքերը հաստատեց Մարտինը։
-       Գուցե՛, հա՜, հա՜, հա՜,- ծիծաղելով, արձագանքեց ճաղատը։
-       Սա՞ է ձեր թագավորությունը՝ խղճուկ ու մերկ,- հեգնեց Մարտինը։
-       Օ՜, ոչ՛, ես այդպես չէի ասի,- կատաղեց նա և երեք անգամ ծափ տվեց, այն արձագանքեց ողջ տարածքով։

Комментариев нет:

Отправить комментарий