пятница, 16 августа 2019 г.

Լույսի հեղեղը «Լունա»


Վանդակները շարունակվում էին՝ յուրաքանչյուրի մեջ մի հոգի նստած կամ պարկած էր։ Վիկտորը կանգ առավ վանդակներից մեկի մոտ․
-       Ահա՛ բարեկամներ, մենք հասանք այնտեղ, որտեղ վանդակված են մարդակերների մի ամբողջ շարք։
-       Իսկ ո՞վ է այն խեղճը,- նկատեցի վանդակում նստած ճերմակած ու նիհար ծերունուն։
-       Պարզապես վամպիր է՝ արյունով է սնվել։ Հիմա սնվում է ուրիշ կերերով, դա է պատճառը նրա խեղճ ու ուժատ լինելուն։
-       Նա անուն ունի՞,- հետաքրքրվեց Մարտինը։
-       Ճշմարիտ չգիտեմ, գուցե ինքն իր անունը հիշի, բայց ես չեմ կարող, նրանք այնքան շատ են, ո՞ր մեկին հիշել, բայց դե վամպիր է, ի՞նչ ուրիշ անուն։ Ահա նայեցեք մյուս վանդակին,- Վիկտորը մատնացույց արեց հաջորդին,- Չնայած նա արդեն ծեր է, բայց միևնույն է արյուն է տենչում։ Նա սպանելով, արյուն թափելով, լույս աշխարհքից հայտնվեց վանդակում։ Նա իր ավիրած երկրում է վանդակված։ Նրանցից յուրաքանչյուրն այստեղ է եկել տարբեր ժամանակներում այն սև խոռոչով, կյանքում ավելին գտնելու համար։ Այդ նույն խոռոչով նաև դուք եկաք և եթե դառնաք նույն ճանապարհով, դուք կծառայեք չարին անպատիժ, ուստի այս ճամփան, որ մենք հատում ենք, դեպի արևն է այն ընդառաջում։
-       Նրանք այստեղից էլ դուրս չե՞ն գալու,- հարցրեց Մարտինը։
-       Ո՛չ, նրանք հավերժ գամված են երկաթին։
-       Ինչու՞ երբևիցե մենք չենք հանդիպել նրանց,- իհարկե իմ կողմից միամտություն էր նման հարց տալը, բայց նաև հետաքրքիր։
-       Նրանք ապրել են ոչ ձեր ժամանակներում, այլ անցած գնացած սերունդների ժամանակ։
Երբ վանդակների շարքն ավարտվեց, հետզհետե լույսը խավարեց, դարձավ անթափանց խավար։ Մարտինը նորից գիրկն առավ Միքայելին, իսկ ես բռնեցի Մարտինի թևից։ Ինչպես միշտ, Վիկտորը քայլում էր առջևից։ Նա քայլում էր վստահ, գլուխը բարձր, թվում էր խավարի մեջ լույս էր տեսնում, և այն ընդառաջում էր նրան։
-       Ահա՛ և հասանք՝ վերջին դուռն է սա,- հայտնեց Վիկտորը,- Եվ պետք է բացենք այս բանալիով,- նրա ձեռքին շողաց  մեծ, ոսկյա բանալին։ Միաժամանակ հայտնվեց սպիտակ աղավնին, նստեց Վիկտորի ուսին։
-       Ա՛խ դու անզգա, մի բանա դուռը,- լսվեց շատ մոտիկից, բայց ոչ ոք չէր երևում։
-       Նրանք գալիս են,- խուճապահար գոչեցինք մենք։
-       Էլ չեն հասցնի վնասել ձեզ,- հանգիստ պատասխանեց Վիկտորը և ոսկյա բանալին պտտեց մեծ ու ժանգոտված կողպեքի մեջ։ Դուռը բացվեց, լույսի հեղեղը լցվեց քարանձավի ներսը։ Մենք շտապեցինք դուրս գալ։
-        Խաղալի՜քը,- լսվեց փերու քնքուշ ու մեղեդային ձայնը և թվաց լույսի հեղեից հայտնվեց նա։
Մենք տարված նոր տեսարանով, մոռացել էինք խաղալիքի մասին։ Շտապեցի հանել այն եղբորս վզից և ետ շպրտեցի դեպի քարանձավը, որտեղից լսվեց ճիչ ու աղերսանք։
-       Փակե՛ք դուռը, կույրացանք լույսից․․․,- մռնչացին մի քանի ձայներ։
-       Ա՜խ, սպանում է հեղեղը պայծառ,- լսվեց մի ուրիշ ձայն։ հետզհետե ոռնոցները դարձան անտանելի, իսկ հետո լռեցին՝ միայն լսելի էր մկան ծվվոց հիշեցնող ձայներ։
Մարտինն ուզեց ետ նայել, բայց Վիկտորը արգելեց, ձեռքով փակելով նրա աչքերը․
-       Եթե  ետ նայես, դու կկործանվես։ Այս հեղեղը լույսի նրանց հոգեվարքն էր։
-       Իսկ այն երկու՞սը՝ ծերուկն ու սատանայակերպը՞,- ինձ համար հետաքրքիր էր նրանց վերջը, քանի որ այլևս չերևացին։
-       Նրանց համար փակ դռներ գոյություն չունեն։ Լույսը նրանց տանջում է, բայց մահացու չէ,- բացատրեց Վիկտորը։

Комментариев нет:

Отправить комментарий