вторник, 19 октября 2021 г.

                                                                   ԳԵՐԻՆԵՐԸ



Էմմին ու  Էդգարը ամրոցը լքելով շարունակեցին ճանապարհը դեպի արևելյան կողմը։ Տափաստանում տիրող տևական լռությունը սկսեց անհանգստացնել  նրանց։

- Հորիզոնը արդեն շիկնում է,- նկատեց պատանին,- ԵՎ չնայած մշուշին, կարծում եմ շուտով կերևա խորհրդավոր լույսը։

- Դեռ մայրամուտը կարմիր է՝ լույսի մասին խոսելը վաղ է,- նկատեց աղջիկը, նայելով հորիզոնին։

Շուտով հորիզոնը հանգավ, խավարը լափեց երկու հոգնատանջ էակներին,- Արդեն մութ է, բայց խորհրդավոր լույսը չի հայտնվում,- բողոքեց Էդգարը։

- Կարծում եմ նա այլևս չի երևա,- պատասխանի հետ մեկտեղ աղջիկը կանգ առավ։

- Ինչու՞ ես այդպես կարծում։

- Որովհետև երևացող կանթեղը ամրոցի ոգու ձեռքին էր, իսկ մենք արդեն հանդիպեցինք նրան,- բացատրեց աղջիկը, ապա ավելացրեց,- Իսկ հիմա այլ բան է տարօրինակ։

- Ի՞նչը․․․

- Աղմուկ չե՞ս լսում։

- Լսում եմ՝ այն շատ հեռվից է գալիս։ Արի սրտիկները փորձենք, գուցե ինչ որ բան պարզենք մեզ համար,- առաջարկեց պատանին, ձեռքն առաջ մեկնելով և նրանք միասին երկնագույն լույսը տարածեցին շուրջը։

Միաժամանակ լսվեց մոտեցող նախրի սմբակների դոփյունը և թռչունների թևերի թափահարումը,- Ագռավամա՜րդն է,- բացականչեց Էդգարը և նրանք նորից մնացին մռությանը պատանդ։ Նրանք հասցրեցին պառկել գետնին, մինչ սև երամը կանցներ գլխավերևներով։

- Ծխի հոտ եմ առնում,- պառկած տեղից շշնջաց աղջիկը։

- Եթե Ֆլամեն է, նրանից ազատվելը դժվար է լինելու,- նկատեց պատանին։

Կեսգիշերից հետո, հարավից փչող քամուց մշուշը սկսեց նոսրանալ։

- Տե՛ս թե նախիրը ինչպես է փախչում,- պառկած տեղից ցույց տվեց պատանին։

- Սա քմահաճ Ֆլամեն է։

- Ուրեմն պետք է թաքնվել,- ասաց պատանին, սակայն մնաց տեղում կանգնած, չիմանալով որ կողմ գնալ,- Պարզվում է այնքան էլ հեշտ չէ այստեղ թաքստոց գտնելը,- մրմնջաց նա հուսախաբ։

Գիշերը մոտեցավ լուսաբացին։ Քամին սաստկացավ։ Ճամփորդների համար օրը անսովոր լուսավոր թվաց։

- Պետք է կորչել Ֆլամեի աչքից,- ասաց պատանին և աղջկա ձեռքից քաշելով վազեցին խուճապահար հոտի հետևից,- նորից երկինքը սևացավ։

- Ագռավամա՛րդն է,- հևալով գոչեց Էմմին,- Մենք կորա՛ծ ենք,- նրանց ճամփան կտրեց սև ստվերը։

- Հա՜, հա՜, հա՜․․․,- հայտնվեց ագռավների առաջնորդը իր երամով և նորից շուրջը լուսավորվեց, տարածվեց ջերմություն։ Երամից քիչ հեռու երևաց Ֆլամեն․

- Օ՜ թանկագին կոլեգա՛, տեսնում եմ վատ չենք աշխատել,- կնոջ կերպարանք առնելով սեթևեթեց նա, մի պտույտ կատարելով կանգնածների շուրջը։ Ջերմությունից ճամփորդները սկսեցին հազալ, փակելով դեմքները։

- Զգու՛յշ խելագար կին, նրանք մեզ դեռ պետք են,- կշտամբեց Ագռավամարդը իր փետրանման թիկնոցի տակ առնելով պատանուն և աղջկան։

- Մի՞թե կարող եմ նրանց վնասել, չէ՞որ նրանք բացի մեզ պետք լինելուց, կարող են նաև ծառայել մեզ․․․

- Ո՛չ, միայն ոչ դա,- գոչեց պատանին։

- Միամիտ տղա՛ հասկացի՛ր, համայն մարդկությունը խենթանում է իր նյութական թռիչքով և մի՞թե այն մեր ձեռքբերումը չէ,- Ֆլամեն խոսքի հետ մի պտույտ կատարեց, որից նրանք ակամա կուչ եկան։

- Օ՜, մեզ հրամայված է՝ գտնել փոքրիկ տղային, բայց տեսնում եմ խորհրդավոր կաշվե տուփը այս աղջիկն է կրում, որին արդեն պատկերացնում էի իմ ձագերի ստամոքսում,- զարմացավ Ագռավամարդը հայցքը չկտրելով տուփից։

Երկար ժամանակ լսելի էր կենդանիների սմբակների դոփյունը, իսկ երկնքում անընդմեջ ճախրում էին հրե թռչունները։

- Իմ զավակներն են ամենուր, նրանք խելահեղ են այնպես չէ՞,- գոռոզացավ Ֆլամեն։

- Թո՛ղ քո դատարկ գոռոզությունը, գորոծով զբաղվի՛ր,- կշտամբեց Ագռավամարդը, մոտենալով Էմմիին,- Իսկ հիմա ինձ տու՛ր տուփը։

- Երբե՛ք,- աղջիկը երկու ձռքերով տուփը սեղմեց իրեն։

- Էմմի՛ անձնատուր չլինես, մինչև․․․,- պատանու միտքը կիսատ մնաց, երբ թռչունը հարվածեց նրան։ 

Էդգարը հարվածից դեռ ուշքի չէր եկել, երբ երկու ձեռքեր խլեցին նրան ու աղջկան, բայց վեր բարձրանալու փոխարեն տապալվեցին գետին Ագռավամարդու հաջորդ հարվածից։ Արեգանին նրանց հետ վայր ընկավ։ Նրանց վրա հարձակվեցին շարքային ագռավները։

- Էմմի՛ տուփը,- զգուշացրեց պատանին։ Արեգանին նորից փորձեց վեր սլանալ աղջկա և պատանու հետ, բայց Ագռավամարդը հաջորդ հարվածը հասցրեց։ Նրանք փռվեցին գետնին։

- Տանե՛լ գերիներին հրապարակ,- հրամայեց սև երամի առաջնորդը, ինքը ճանկելով Արեգանիին։ Էմմիին ու Էդգարին օդ բարձրացրեցին շարքային ագռավները։ Ճամփին, բարձր քրքիջով նրանց միացավ Կուբիկ-Վանդևը մողեսների եռանկյունու հետ․․․

Комментариев нет:

Отправить комментарий