вторник, 12 октября 2021 г.

                                                  ԱՄՐՈՑԻ ՈԳԻՆ


Էմմին ու Էդգարը շտապեցին հեռանալ այնտեղից, որտեղ դեռ մրափած էին մողեսները։ Շուտով հեռվում սկսեց սևին տալ մի մեծ ստվեր, երբ երևաց խորհրդավոր լույսը։

- Նորից նույն լույսը,- առանց ոգևորության նկատեց պատանին։

- Գուցե ետ դառնա՞նք,- քայլերը դանդաղեցրեց աղջիկը։

- Մենք այլընտրանք չունենք։

- Բայց ցերեկը այնտեղ ոչինչ էլ չկար, իսկ հիմա խորհրդավոր լույսը և մեծ ստվերը, որը նորություն է,- տարակուսեց Էմմին։

- Ինչ էլ որ լինի, պետք է մոտենանք, այն մեր միակ ճամփան է դեպի արևելք,- պնդեց պատանին,- Նման կերպ մենք ոչ միայն ժամանակ չենք կորցնի, նաև կլուծենք լույսի և ստվերի գաղտնիքը։

Շուտով երեկոն ընկղմվեց խավարի ծոցում՝ սևին տվող ստվերը անհետացավ։

- Տարօրինակ է,- մտահոգվեց աղջիկը, ետ մնալով։

- Տարօրինակ ոչինչ էլ չկա։ Ստվերի գաղտնիքը ինքնստինքյան լուծվում է՝ ամրոցը տեսնու՞մ ես,- ոգևորվեց պատանին։

- Իսկ քեզ այն տարօրինակ չի՞ թվում։

- Արի՛, պետք չէ վախենալ։ Այն նաև լավ ապաստան կլինի գիշերելու,- Էդգարը արագացրեց քայլերը, քաշելով աղջկա ձեռքից։

- Ամրո՜ց է,- խաղաղված բացակաչեց Էմմին։

- Իսկ հիմա ամենադժվարն է,- մտածկոտ արտաբերեց պատանին, ուշադիր զննելով ամրոցի պատերը։

- Նորի՞ց․․․

- Այո, մենք պետք է գտնենք դուռը։ Ի՞նչ ես կարծում, օգտվե՞նք սրտիկներից։

- Օգտվե՛նք,- առանց հապաղելու պատասխանեց աղջիկը և ձեռքն առաջ մեկնեց, նրան միացավ պատանին։ Դեմ դիմաց երևաց մամռակալած դուռը։

- Ա՛յ քեզ հաջողություն,- ոգևորվեց Էդգարը,- Մենք հենց դռան դիմաց էլ կանգնած էինք,- Նա սկսեց հրել դուռը՝ այն ուժգին ճռռոցով տեղի տվեց։ Նրանք անաղմուկ ներս մտան։ Ներսի սառը և խոնավ օդը դիպավ նրանց դեմքներին։ Ծանր դուռը նորից փակվեց։ Տիրեց անթափանց մութը։ Միայն փոքրիկ սրտիկները աղոտ լուսավորում էին շուրջը։

- Թաքցրե՛ք սրտիկները,- լսվեց մոտիկից։ Նրանք ակամա փակեցին ափերը։ Երևաց ծանոթ կանթեղը։ Ճամփորդները սեղմվեցին պատին,- Մի՛ վախեցեք, ե՛ս եմ, Հավերժության ամրոցի պահապանը,- ասաց մոտեցող կանթեղով մարդուկը։

- Բա՜յց․․․,- նրանք կմկմալով, միաժամանակ նայում էին շուրջը։

- Զարմանալու հարկ չկա, դուք հակառակ կողմից եք ներս մտել,- հասկանալով նրանց միտքը բացատրեց մարդուկը,- Իսկ այժմ հետևե՛ք ինձ,- Հավերժության ամրոցի ոգին ուղղվեց դեպի այն դուռը, որտեղից քիչ առաջ հայտնվել էր։ Նրանք անխոս հետևեցին նրան։

Հետզհետե շուրջը լուսավորվեց։ Բացված տեսարանը իրենից ներկայացնում էր մի մեծ սրահ, այն հագեցված էր բազմազան ծաղիկներով ու թփերով, իսկ նեղ արահետները բաժանում էին  ծաղիկներն իրենց տեսակներով։ Սրահը բուրում էր թարմությամբ՝ կենտրոնում, ծիրանագույն  ցայտաաղբյուրների մի փունջ քչքչալով առու էր դառնում ու հոսում կանաչի միջով։ Այս ամենին լրացնում էին թռչունների գեղգեղանքը և թփերից անակնկալ դուրս թռչող փոքրիկ կենդանիները։ Էմմին ու Էդգարը համարացած հետևում էին մարդուկին, երբ նրանք մտան ավելի փոքր սրահ։ Առաջին հայացքից այն ոչնչով չզարմացրեց այցելուներին, միայն զարմացան ամենուր նստած ծիրանագույն փոշու հաստ շերտից։

- Ահա՛ ամրոցի այն բաժինը, որը կարող է հետաքրքրել ձեզ,- կանթեղը ձեռքին, ամրոցի պահապանը մոտեցավ պատերին ամրացված պահարաններին և սկսեց փչել դեպի կենտրոնը՝ փոշու շերտը առանց տարածվելու պտտահողմի պես վեր բարձրացավ և անհետացավ, հպվելով կամարաձև առաստաղին, այնուհետև շարժվեց հատակը, այն բարձրանալով, սրահի ողջ երկարությամբ հայտնվեցին ապակե ցուցափեղկերը, որոնց մեջ նրանք տեսան խնամքով դասավորված տարօրինակ քարեր, սաղավարտներ, զենքեր, զինանշաններ և շատ զանազան նմուշներ, որնք իրենց հերթին առանձին դրված էին դարակներում։

- Ինչու՞ են այստեղ դատարկ,- հետաքրքրվեց պատանին, երբ շարքը լրացնում էին դատարկ փեղկերը։ Մարդուկը, որը մինչ այդ լուռ հետևուն էր նրանց, պատասխանեց․

- Այն, ինչ դուք տեսաք՝ անցյալ ժամանակն էր, իսկ դատարկ փեղկերը դարձյալ կլցնի ժամանակը, սակայն ապագայում,- նրանք առաջանում էին և զարմանքով նայում անթիվ դատարկ փեղկերին։

- Դուք այնտեղ անելիք չունեք, ետ եկե՛ք,- կանթեղը ավելի բարձրացնելով հրամայեց ոգին։ Աղջիկն ու պատանին ենթարկվեցին և նա նրանց ուղեկցեց մի նոր սրահ, որտեղ գրադարակները հագեցված էին հաստափոր գրքերով։ Էդգարը զգույշ շոյեց գրքերի շարքը։ Մարդուկը անաղմուկ անհետացավ։

- Այս ամենը շատ հանելուկային կերպով վրիպել է մարդու աչքից,- նկատեց պատանին։

- Մի՛ մոռացիր, սա Հավերժության ամրոցն է,- հիշեցրեց աղջիկը։ Հանկարծ գրքերը սկսեցին շարժվել,- Երկրաշա՛րժ է,- վախեցած արտաբերեց Էմմին, թևերով պահեց գրքերի շարքը և միայն մի ոսկյա կազմով գիրք ընկավ նրանց ոտքերի առջև։ Պատանին փորձեց այն վերադարձնել տեղը, բայց գիրքը սահեց աղջկա ձեռքը և ինքնուրույն բացվեց,- կարծում եմ, այս գիրքը ցանկանում է, որպեսզի մենք նրան կարդանք,- զարմացավ աղջիկը։

- Այո՛, այլապես այն չէր կարող հենց այնպես հայտնվել մեր ձեռքերում։

Ուրեմն փորձիր կարդալ,- ասաց պատանին, երբ գիրքը դադարեց թերթվել։

- Չեմ կարող, բան չեմ հասկանում,- ուսերը թոթովեց Էմմին և անզոր նայեց պատանուն։

- Տու՛ր ինձ,- Էդգարը համարյա խլեց գիրքը, սկսեց ուշադիր նայել,- Այս լեզուն ես գիտեմ,- ուրախացավ պատանին։

- Որտեղի՞ց․․․

- Ամառային արձակուրդներին հնագետների հետ մասնակցում էի պեղումներին՝ նրանցից շատ բան եմ սովորել։

- Ուրեմն կարդա՛։

- Շուտով կպարզենք, թե ի՞նչ է ուզում ասել այս գիրքը,- կիսաձայն ասաց նա, ապա ավելի պարզ շարունակեց աղջկա համար։

- Կարո՞ղ ես ավելի պարզ,- վրա բերեց աղջիկը։

- Այսինքն ստացվում է մենք՝ ես և դու մեծ սխալ ենք թույլ տվել,- վանկարկեց պատանին, մեղավոր նայեց աղջկան։

- Ի՞նչ սխալի մասին է խոսքը,- անհանգստացավ աղջիկը։

- Մենք պետք է գտնենք Վագին և առանց ժամանակ կորցնելու։

- Մի՞ թե իրականում այդ չենք անում,- զարմացավ աղջկը։

- Ո՛չ, մենք տղային պետք է գտնենք ոչ միայն որպես ընկեր, այլ․․․,- մի պահ նա լռեց, մատը դրեց շուրթին և նորից շարունակեց,- Որովհետև Վագը նույն  տղան է, որին փնտրում է Ագռավամարդն ու մյուսները։

- Ա՜,- ծոր տվեց աղջիկը,- Հիմա հասկանում են թե ինչու՞ այդ սև թռչունը այլևս մեզանով չհետաքրրքվեց։

- Իսկ եթե նրանք արդեն գտե՞լ են տղային,- տրտմեց պատանին,- Այո՜, մեր գործը դժվարանում է,- նա հուսահատված գիրքը վերադարձրեց տեղը։

- Ոտք դնելով ամրոց, դուք հասկացաք, որ չարն ու բարին ամփոփված են նույն անձի մեջ,- ասաց ամրոցի ոգին, նորից հայտնվելով նրանց մոտ,- Մինչև հիմա, եթե ձեր գործը տղային պաշտպանելն էր, ապա այժմ նաև նրան գտնելն ու ոսկյա ճյուղը վերադարձնելն է։

Ի՞նչ․․․, Ոսկյա Ճյու՞ղ,- զարմանքից համարյա բացականչեցին նրանք։

- Այո՛, զարմանալու փոխարեն միայն հիշե՛ք,- երբ ամրոցի պահապանը ավարտեց խոսքը, բացվեց ծանր դուռը, որով նրանք ներս էին մտել։ Մինչ Էմմին ու Էդգարը կլքեին ամրոցը՝ վերև բարձրացած փոշին նորից իջավ և խնամքով ծածկեց անտիկ գանձերը։ Նորից տիրեց խավարը, երբ մարդուկը անհետացավ լապտերի հետ, որը ստիպեց այցելուներին արագ լքել ամրոցը։ Նրանց հետևից ճռռալով փակվեց դուռը և զարմանալի արագությամբ այն պատվեց մամուռով․․․




Комментариев нет:

Отправить комментарий