четверг, 11 ноября 2021 г.

                                                       

                                                                 ՈՍԿՅԱ ՇԻՎԸ 


Սև ամպերը ճեղքելով, երևաց լիալուսինը։ Նրա աղոտ դեմքից մի սև կետ պոկվեց, սրընթաց իջավ, ընկնելով տափաստանի քարաքոսների մեջ, սկսեց մեծանալ, առնելով կնոջ կերպարանք։

Նա ոտքի ելավ, ձգվեց, կարծես թարմացնելու թմրած մարմինը, ապա տնտղեց շուրջը, քայլեց, մինչև հասավ քաղաքի հրապարակ։ Լիվանը, որը, ինչպես գիտենք մնացել էր այնտեղ թիկնապահների և նախարարների հետ, նկատելով հերարձակ ու կիսամերկ կնոջը, ընդառաջ գնաց նրան,- Սամարա՜,- շողոքորթ բացականչեց նա,- Վերջապե՛ս եկա՛ր,- երբ նա հայտնվեց կնոջ դիմաց, ձեռքը մեկնեց նրան,- Տու՛ր ինձ շիվը, այն ինձ է պատկանում։

- Ո՛չ, այն ինձ է վստահված, որպես զենք, պայքարելու Հավերժության ամրոցի դեմ։

- Դեմ չեմ քո պայքարին, բայց այն ինձ հանձնելով՝ ավելի ապահով ու ուժեղ ձեռքերում կհայտնվի,- պնդեց մի աչքանի առաջնորդը և մի հայացք գցեց լուսնի կողմը։

- Ո՛չ պարոն, չե՛մ տա, այն որքանով ձերն է, նույնքան և իմն է,- Սամարան մնաց անդրդելի, հպարտ կեցվածք ընդունելով։

Վանդև-Կուբիկը իր բանակով հրապարակ բերեց գերյալներին, բանակը նորից կարգապահ շարվեց, սպասելով հրամանի։ 

Էդգարը ընկած տեղից նստեց, տեսնելով Արեգանիին անգիտակից, տեղից վեր թռավ, ձեռքն առաջ մեկնելով, նրան միացավ Էմմին և միասին գոչեցին,- Վառվի՛ր սրտիկ,- Արեգանին աչքերը բացեց, ծանրացած ոտքի կանգնեց։

- Ա՛խ դու անիրավ՝ մեր մեր ներկայությամբ մեր դե՞մ ես գործում,- մինչ հարված ստանալը, նրանք հասցրեցին թաքցնել սրտիկները։

Ագռավների առաջնորդը կատաղեց, բարձրացավ ուժեղ քամի, միայն մեկ անգամ փայլատակեց կուրացնող կայծակը։

Լիվանը մի ծածուկ հայացք գցեց Սամարային, որը աշխատում էր մնալ աննկատ։

Արեգանիին քարշ տվեցին մութ զնդանը։

- Հավերժության ամրոցի տերը բանտված է,- հաղթական դիրք ընդունելով, գոչեց Կուբիկը,- Նշանակում է մենք հաղթանակի շեմին ենք, իսկ դու՛, աղջի՛կ այլ ընտրանք չունես, վերադարձրո՛ւ մեզ ա՛յն, ինչը իսկապես մեզ է պատկանում։

Չղջիկ-թիկնապահները շրջապատեցին տերերին,- Սամարա՛ մի՞թե ասելիք չունես,- ձեռքերը ետևն արած, Կուբիկը դանդաղ մոտեցավ կնոջը։

-  Դուք ինձ ևս հակառակո՞րդ եք համարում, չէ՞որ ես նույնպես լուսնի ծնունդն եմ, թէև քիչ ուշացած։

- Խորամանկ կի՛ն, եթե փորձում ես ընդդիմանալ մեզ, ապա այո՛, հակառակորդ ես,- ըմբոստացավ Վանդևը, մի կող քաշվելով։ Հրապարակով թնդաց նրա հրամանը,- Պատժե՛լ նրան և տիրանա՛լ ոսկյա շիվին։

Հրապարակը դղրդաց խլացնող անսովոր աղմուկից, միաժամանակ երկինքը մթնեց։ Վայրկյաններ տիրեց խավարը։ Երևաց լուսնի դժգոհ դեմքը, նորից թաքնվելով սև ամպերի տակ։

Այդ իրարանցման մեջ պատանին ու աղջիկը հուսահատ նստել էին, թիկունքով իրար հենված, մի պահ կարծես նրանց մոռացել էին։ Երբ խավարը անցավ, երևացին Լիվանն ու Վանդևը՝ Լիվանը ինքնագոհ՝ ձեռքի մեջ շուռ ու մուռ էր տալիս ոսկյա շիվը, իսկ Սամարան անհետացել էր․․․

Комментариев нет:

Отправить комментарий